Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գինեկոլոգ Գեորգի Պողոսյանն ուրախությունից պարում է, որ զույգերն ամուսնանալուց առաջ գալիս են ստուգվելու

Նոյեմբեր 03,2015 11:28

Արտագնա աշխատանքի հետեւանքով առաջացած սեռական հիվանդությունները, սթրեսները, իմունիտետի թույլ լինելը, անառողջ, քիմիական սնունդը, համացանցում տարածված դիետաները անպտղության հիմնական պատճառներն են: Այսօր «Ելակետ» ակումբում այսպիսի կարծիք հայտնեց մանկաբարձ-գինեկոլոգ Գեորգի Պողոսյանը: Նրա խոսքերով, սերունդն արտաքնապես շատ գեղեցկացել է, մարդիկ ավելի շատ են հետեւում իրենց արտաքինին, բայց ֆիզիկապես այնքան էլ առողջ չեն:

Գեորգի Պողոսյանի խոսքերով, անպտղությունը մշտապես ունի տոկոսային հարաբերություն՝ մեկ բարձրանում է, մեկ՝ իջնում. «Եթե կյանքը լավանում է, անպտղության տոկոսն իջնում է, եթե կյանքը վատանում է, ապրելակերպը վատանում է անպտղության ցուցանիշը բարձրանում է: Մարդիկ չեն ցանկանում երեխա ունենալ»:
Ըստ բժշկի, անպտղության բերում են նաեւ ինֆեկցիոն հիվանդությունները, էնդոկրին համակարգի խախտումները, ի ծնե արատները՝ ձվարանների բացակայությունը, արատավոր արգանդները:

Գեորգի Պողոսյանի խոսքերով, եթե նախկինում անպտղության պատճառներից հիմնականը փողերի անանցանելիությունն էր, բորբոքվածության հետեւանքով, ապա այսօր այն հետին պլան է մղվել:

Aravot.am-ի հարցին, թե ավելի շատ տղամարդկանց շրջանում է տարածված անպտղությունը, թե կանանց, Գեորգի Պողոսյանն ասաց, որ 55 տոկոս կանանց մոտ է, 45 տոկոսը՝ տղամարդկանց:

Ըստ մանկաբարձ-գինեկոլոգի, անպտղությունն էլ իր հերթին ծանր հիվանդություններ է առաջացնում, որը հետագայում բերում է կյանքի խնդիրների:
Ըստ նրա, մասնավորապես՝ խլամիդիա սեռավարակը տղամարդկանց մոտ կարող է առաջացնել սրտամկանի ինֆարկտի. «Հաճախ ենք լսում, ջահել տղա էր գիշերը քնեց՝ չարթնացավ, ինֆարկտից մահացավ: Կանանց մոտ արգանդի պարանոցի էրոզիան, որը նախաքաղցկեղային հիվանդություն է, եթե ժամանակին չկանխել՝ ծանր հետեւանքների է բերում»:

Հարցին, թե մեզ մոտ զարգացե՞լ է զույգերն ամուսնանալուց առաջ բժշկի հաճախելու մշակույթը, Գեորգի Պողոսյանն ասաց, որ քիչ տոկոսով, բայց կան զույգեր, որոնք ընտանիք կազմելուց առաջ այցելում են ստուգվելու. «Ես ուրախությունից պարում եմ, եթե զույգերը մինչեւ ամուսնանալը գալիս են ստուգվելու: Գումար չեմ վերցնում: Շատ ողջունում եմ, քանի որ նրանց այդ քայլը թույլ է տալիս հետագա իրենց կյանքում մի շարք խնդիրներից խուսափել»:

Առողջ լինելու, առողջ սերունդ ունենալու համար բժիշկը խորհուրդ է տալիս սպորտով զբաղվել, առողջ սննդակարգ ընդունել, չծխել ու ալկոհոլը չչարաշահել:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30