Լրահոս
Օրվա լրահոսը

«Պրախոդ տալու» փիլիսոփայությունը

Նոյեմբեր 03,2015 10:13

Մենք մեր բանավոր եւ, ցավոք, նաեւ գրավոր խոսքում հաճախ ենք օգտագործում օտար ու բավականին տգեղ բառեր: Դրանք սովորաբար ինչ-որ երանգ են ավելացնում մեր խոսքին: Օրինակ՝ երբ պատգամավորները խորհրդարանում չափից դուրս կրքոտ են վիճում, մենք դա անվանում ենք «ռազբորկա» կամ ավելի գունեղ՝ «կիլդիմ»: Կամ՝ երբ մի գործիչը մյուսի հասցեին փիս-փիս բառեր է ասում, մենք սպասում ենք, որ այդ բառերի հասցեատերը «աբառոտկա կֆռա»: Երբ իշխանությունն անում է այն, ինչ ուզում է, եւ որեւէ մեկի կողմից չի վերահսկվում եւ չի սահմանափակվում (իսկ առնվազն 20 տարի հենց դա է տեղի ունենում), մենք դա կոչում ենք «բեսպրեդել»: Եթե որեւէ մեկն իշխանություն կամ հարստություն ուներ, բայց այս կամ այն պատճառով այն կորցրել է ու շատ է նեղվում այդ հանգամանքից, այդպիսի մարդուն ընդունված է անվանել «աբիժնիկ»:

Իհարկե, այդ բառերը գեղագիտական բարձր մակարդակով չեն փայլում, դրանց մեջ, իմ կարծիքով, նույնիսկ որոշակի «քրեական» երանգ կա, եւ լեզվի անաղարտության կողմնակիցները իրավացիորեն են դրանց դեմ բողոքում: Բայց, մասնավորապես, մենք՝ լրագրողներս, նման «հնարքների» ենք դիմում, որովհետեւ այս բառերի հայերեն, գրական համարժեքները չափից դուրս «չեզոք են», չեն պարունակում գնահատական եւ վերաբերմունք, չեն բնութագրում այն մշակութային միջավայրը, որի մասին մենք գրում ենք:

Այս տեսակի բառերի շարքում իր առանձնահատուկ տեղն ունի «պրախոդ»-ը: Իհարկե, կարելի է օգտագործել «թույլտվություն», «արտոնություն», «հովանավորչություն» կամ, ծայրահեղ դեպքում, «պրոտեկցիոնիզմ» բառը, որը թեեւ օտարածին է, բայց «կուլտուրական»: Սակայն, համաձայնեք, «պրախոդ տալը» զուտ հովանավորելը, արտոնելը, թույլատրելը չի: Դա ավելին է. մեր եւ ցանկացած այլ «հետխորհրդային» իրականության մեջ «պրախոդ տալը» նշանակում է՝ ղեկավարվելով ոչ օբյեկտիվ, անձնական, խմբակային կամ զուտ նյութական շահերով (նախասիրություններով)՝ ապօրինի արտոնություններ տալ այն տնտեսական միավորին կամ գործարարին, որը այլ, նորմալ, մցակցային պայմաններում այդ արտոնությունը չէր ունենա: Եվ հակառակը՝ եթե քեզ չի հաջողվել «հանդիպել» (այդ բառի լայն, այլաբանական իմաստով) «պրախոդ տվողին», ապա, անկախ քո ունակություններից, տապալումն ապահովված է: Ավելի լայն իմաստով, դա կարող է վերաբերել նաեւ այլ՝ ոչ տնտեսական բնագավառներին: Օրինակ՝ կրթությանը, մշակույթին: «Պրախոդ տալու» մեջ, ինչպես տեսնում եք, մի ամբողջ փիլիսոփայություն է թաքնված:

Ուրեմն պատահական չէ, որ ռուսաստանցի ռաբիս երգիչը աշխարհաքաղաքական վերլուծություն պարունակող իր երգում անդրադառնում է ՌԴ նախագահ Պուտինին, որը մեզ՝ հայերիս, «պրախոդ է տալիս»: Ռաբիսները, ինչպես հայտնի է, մեր՝ հայաստանյան իրականության գլխավոր «իմաստավորողն» են: Այսինքն՝ եթե գյուղապետից սկսած՝ կա «պրախոդ տվող» աղաների եւ բեկերի հիերարխիա, ապա շատ բնական է, որ այդ աստիճանակարգի գլխին կանգնած է «ցարը», որն իր «ավանդական» բարեհաճությունն է սփռում մեր ժողովրդի վրա:

Կյանքի մասին նման խորը եւ համապարփակ պատկերացում տալու համար հիշյալ արվեստագետին արժե ժողովրդական արտիստի կոչում տալ: Ինչո՞ւ չէ՝ նաեւ ակադեմիկոսի:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Իրավաբան says:

    Ներեցեք, որ՞ երգչի ո՞ր երգի մասին է խոսքը?:
    Երևի հետ եմ մնացել:

  2. Խաչիկ Խաչերեան says:

    Յարգելի Պրն. Արամ, կը հասկնամ որ որոշ երանգ եւ յաւելեալ յստակութիւն աւելցնելու համար հայերէն բանաւոր եւ գրաւոր խօսքին երբեմն ստիպուած կ’ըլլանք օգտագործել օտար բառեր: Սակայն անոնց կողքին, յաճախ նաեւ կ’օգտագործենք այնպիսի օտար բառեր որոնց հարազատ հոմանիշները գոյութիւն ունին հայերէնի մէջ: Օրինակի համար՝ կուլտուրական = մշակութային, օբյեկտիվ = առարկայական , հիերարխիա = նուիրապետութիւն, արտիստ = արուեսստագէտ: Յիշեալ բառերու հայերեն հոմանիշերը օգտագործելով, արդէօք ինչ որ բան զեղջած կ’ըլլա’նք փոխանցուած խօսքի իմաստէն: Ի՞նչ կը մտածէք այս գծով:
    Շնորհակալութիւն:

  3. Վասիլի Գևորգյան says:

    Գիտեք, այնուամենայնիվ կարծում եմ, որ նման ձևակերպումներին լրագրողների տուրք տալու պատճառն այն չէ, որ գրական հայերեն համարժեքները չեզոք են, չեն պարունակում գնահատական ևվերաբերմունք: Եթե անգամ բառը չեզոք է, ապա կարելի է վերաբերմունքը ներկայացնել բառի գործածման եղանակով, նուրբ համեմատությամբ, շարահյուսության հեգնական երանգով: Սակայն սա պահանջում է աշխատանք տեքստի վրա, իսկ վերոնշված արտահայտություններն ինքնաբերաբար գալիս են մտքին, քանի որ շատ են շրջանառվում առօրյայում: Մի խոսքով, ծուլանալու արդյունք:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30