Ինչպես տեղեկացրել ենք, երկօրյա պաշտոնական այցով Երևանում գտնվող Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի նախագահ Վալենտինա Մատվիենկոն այսօր Ազգային ժողովում կարճատև ասուլիս է հրավիրել:
Մի քանի ԶԼՄ-ներում եղել են հրապարակումներ, թե ԱԺ ոսկեզօծ դահլիճում Ռուսաստանի Դաշնային Խորհրդի պատվիրակության և Հայաստանի Ազգային Ժողովի ներկայացուցիչների հանդիպմանը ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն, անդրադառնալով Սահմանադրական փոփոխություններին, ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին իբր հորդորել է Հայաստանի իշխանություններին` ձեռնպահ մնալ Սահմանադրական փոփոխություններ անցկացնելուց:
Մասնավորապես՝ ըստ Elq.am կայքի. «Ի պատասխան Զուրաբյանի հորդորի` Մատվիենկոն ուղղակիորեն «տեղը դրեց» ՀԱԿ խմբակցության ղեկավարին. «Որևէ երկիր իրավունք չունի միջամտելու այլ երկրի ներքին գործերին: Դա, բացառապես, սուվերեն, ինքնիշխան Հայաստանի ներքին գործն է և Ձեր քաղաքացիներն են որոշելու` ընդունել այդ փոփոխությունները, թե ` ոչ»,- պատասխանեց Վալենտինա Մատվիենկոն: Ի դեպ, Լևոն Զուրաբյանը, իր կոչը հիմնավորելու համար, իր հետ բերել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի `տարիներ առաջ արված հայտարարությունը, որ Սահմանադրության մեջ փոփոխությունները միշտ չէ, որ ցանկալի են և իր խոսքը սկսեց` հղում անելով Վլադիմիր Պուտինին: Ի պատասխան դրա` Վալենտինա Մատվիենկոն նշեց, որ Պուտինը դա ասել է Ռուսաստանի Սահմանադրության համար և վերահաստատեց, որ յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում ` անել սահմանադրական փոփոխություններ, թե` ոչ, իսկ վերջին խոսքը պատկանում է ժողովրդին»:
Elq.am-ը հայտնում է նաեւ, որ սահմանադրական փոփոխությունների խնդրին անդրադարձել են նաև «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանն ու ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը: «Թևան Պողոսյանը շնորհակալություն հայտնեց Մատվիենկոյին ` Սահմանադրության հարցում Ռուսաստանի բացարձակ չեզոք դիրքորոշման համար, իսկ Նաիրա Զոհրաբյանն իր խոսքում նշեց, որ ո՛չ Արևմուտքը, ո՛չ Հյուսիսը և ո՛չ էլ որևէ այլ գերկենտրոն Հայաստանին որևէ բան թելադրելու իրավունք չունեն:Սահմանադրական փոփոխությունները Հայաստանի ներքին գործն են և միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացու քվեն ու ձայնն են լինելու որոշիչը»:
Կարդացեք նաև
«Ազատության» հետ զրույցում Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հանդիպումից մանրամասներ է փոխանցել՝ նշելով, որ ինքը ներկայացրել է սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ ընդդիմադիր ՀԱԿ-ի դիրքորոշումը. «Նաև կատակով ասացի՝ լավ, չեք կարողանո՞ւմ մի հատ լավ խորհուրդ տալ ձեր ընկերներին, որ նույնքան խնայողաբար մոտենան Սահմանադրությանը, ինչպես դուք եք մոտենում ձեր Սահմանադրությանը»։
Ըստ Լևոն Զուրաբյանի՝ Մատվիենկոն արձագանքել է, որ Հայաստանի ժողովուրդը կորոշի՝ փոխել, թե չփոխել Սահմանադրությունը, և ռուսական կողմը այդ հարցում ոչ մի դիրքորոշում չունի։ «Եվ դա շատ լավ է։ Ես գիտեմ, որ իշխանությունները շատ ուզում էին նրանցից աջակցություն ստանալ այդ ռեֆորմում, բայց չեն ստացել»,- ասաց Զուրաբյանը։
«Առավոտի» հետ զրույցում Լեւոն Զուրաբյանը պարզաբանեց, որ Սահմանադրությանը խնայողաբար վերաբերվելու մասին հարցը տվել է սարկազմով եւ հավելեց. «Մի՞թե պարզ չէ, որ սա մեր ներքին գործն է: Եվ Մատվիենկոյի այդ արտահայտությունը ուղիղ այն էր, ինչ ես ուզում էի լսել»: Այս կապակցությամբ մամուլում եղած հրապարակումները Լեւոն Զուրաբյանը այսպես բնորոշեց. «Դրանք ընդամենը ժուլիկություններ են «այո»-ական պատգամավորների կողմից, որոնք խեղաթյուրված «արտահոսքեր» են տվել»: