Ծեր մարդուն սպառնում է մինչեւ 3 տարի ազատազրկում
Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Ներքին Ծաղկավան գյուղի բնակիչ,1938թ. ծնված Լավրենտի Բաբուռյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով («Թմրամիջոցների կամ հոգեմետ (hոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն՝ առանց իրացնելու նպատակի,որը կատարվել է խոշոր չափերով»):
Սույն հոդվածով բնութագրվող արարքի համար նախատեսվում է ազատազրկում՝ առավելագույնը 3 տարի ժամկետով:
Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ Լ. Բաբուռյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա առանց իրացնելու նպատակի իր տան այգում աճած վայրի կանեփի թփերից դեռեւս 2002-2003 թվականներին ձեռք է բերել եւ Ներքին Ծաղկավանում գտնվող իր տան նկուղային հարկում պատին փակցված քարտեզի հետեւում պահել է խոշոր չափի՝ 5,79 գրամ հաստատուն քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոց,որը 2015թ. մայիսի 27-ին կատարված խուզարկության ժամանակ հայտնաբերվել է:
Կարդացեք նաև
Նախկինում չդատված Լ. Բաբուռյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Սույն քրեական գործով դատավարությունն ընթանում է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ