Վալենտինա Մատվիենկոյի խոսքերով՝ Տիգրան Սարգսյանը նոր թափ կտա Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի դերի բարձրացմանը
Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 2-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել:
Նույն օրը Վալենտիկնա Մատվիենկոն հանդիպում ունեցավ լրագրողների հետ: Հանդիպման ընթացքում նա ասաց, որ հայ-ռուսական հարաբերությունները ոչ միայն տնտեսական եւ առեւտրական հարաբերություններ են, այլ դրանք խթանում են ինովացիոն համագործակցության զարգացմանը. «Հաջորդ տարվա հունվարի մեկից Եվրասիական տնտեսական միության կոլեգիան գլխավորելու է Հայաստանը, մասնավորապես՝ հայկական կողմն առաջարկել է Տիգրան Սարգսյանին, նա շատ փորձառու մարդ է, ով կանգնած է ԵՏՄ կազմավորման հիմքերում: Այդ պատճառով՝ ես կարծում եմ, որ նա նոր թափ կտա Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի դերի բարձրացմանը»:
Անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտությանը Վալենտինա Մատվիենկոն ասաց, որ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբում եւ այլ ձեւաչափերում բոլոր ջանքերն է գործադրում. «Ցավոք սրտի, լուծումը գտնելու գործընթաց ձգձգվեց, բայց մենք վստահ ենք, որ այս կոնֆլիկտը կարելի է լուծել միայն խաղաղ ճանապարհով, միայն քաղաքական եւ դիվանագիտական գործընթացներով: Այս կոնֆլիկտը ուժային լուծում չունի: Մենք կշարունակենք մեր ջանքերը գործադրել կոնֆլիկտը խաղաղ ճանապարհով լուծելու համար»:
Կարդացեք նաև
Այցի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի, վարչապետ Հովիկ Աբրահամյանի: Այցի ընթացքում Վալենտինա Մատվիենկոն մասնակցելու է Հայ-ռուսական միջտարածաշրջանային չորրորդ համաժողովի բացմանը:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ