Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյանն ընդունել է Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությանը

Նոյեմբեր 02,2015 19:47

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նոյեմբերի 2-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությանը:

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցել է Վալենտինա Մատվիենկոյին՝ Շարմ Էլ Շեյխից Սանկտ Պետերբուրգ թռիչքն իրականացնող ինքնաթիռի ողբերգական վթարի կապակցությամբ, որը հարյուրավոր մարդկային զոհերի պատճառ է դարձել. ԱԺ նախագահի առաջարկով ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են զոհվածների հիշատակը:

Խորհրդարանի ղեկավարը նշել է, որ հայ եւ ռուս ժողովուրդներին միավորում են բարեկամական բազմադարյա հարաբերությունները, որոնք ամուր հիմք են երկու պետությունների միջեւ գոյություն ունեցող ռազմավարական փոխգործակցության համար:

Գալուստ Սահակյանը կարեւորել է երկու պետությունների միջեւ սերտ կապերն ու փոխգործակցությունը, քաղաքական երկխոսությունը, միջխորհրդարանական արդյունավետ համագործակցությունը, ինչպես նաեւ մշակութային, կրթական, գիտական շփումները:

Բարձր գնահատելով համատեղ աշխատանքը՝ պարոն Սահակյանը կարեւորել է ՀՀ ԱԺ եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նշանակությունը հայ-ռուսական միջպետական կապերի զարգացման գործում:

Խոսելով Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունից՝ Գալուստ Սահակյանը նշել է, որ այն լայն հնարավորություններ է ստեղծել երկու երկրների միջեւ երկկողմ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար: Այս համատեքստում ԱԺ նախագահը նշել է, որ երկու խորհրդարանների կարեւոր խնդիրներից է օրենսդրության ներդաշնակեցումը, որը կնպաստի տնտեսական ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը:

Անդրադառնալով տարածաշրջանային հարցերին՝ Գալուստ Սահակյանն ընդգծել է Ռուսաստանի կառուցողական դերակատարությունը տարածաշրջանում անվտանգության ապահովման հարցում, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում:

Խորհրդարանի ղեկավարը նշել է, որ դեկտեմբերի 6-ին կայանալիք ՀՀ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին հայկական կողմն ակնկալում է, որ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը դիտորդական առաքելությամբ կմասնակցի այդ հանրաքվեին:

ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին ցավակցության համար:

Վալենտինա Մատվիենկոն գոհունակությամբ նշել է, որ երկու երկրների հարաբերություններն առավել զարգանում եւ որակական նոր փուլ են թեւակոխում: Այս համատեքստում տիկին Մատվիենկոն կարեւորել է Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությունը:

Նա ընդգծել է, որ հայ եւ ռուս խորհրդարանականներն ակտիվ համագործակցում են միջազգային խորհրդարանական հարթակներում, մասնավորապես ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովում, ՀԱՊԿ ԽՎ-ում եւ ՍԾՏՀ ԽՎ-ում:

Երկու երկրների հարաբերություններում տիկին Մատվիենկոն կարեւորել է նաեւ հումանիտար եւ մշակութային համագործակցությունը, որոնք ունեն խոր պատմական արմատներ:

Անդրադառնալով ՀՀ սահմանադրական փոփոխությունների գործընթացին՝ Վալենտինա Մատվիենկոն նշել է, Ռուսաստանը հասկանում է, թե ինչ կարեւոր նշանակություն ունի հանրաքվեն Հայաստանի քաղաքական կյանքում եւ մասնակցություն կունենա դիտորդական առաքելության հարցում:

Կողմերը կարեւորել են առաջիկայում Երեւանում կայանալիք ՀՀ ԱԺ եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 27-րդ նիստը, որի օրակարգում ընդգրկված են հայ-ռուսական մշակութային եւ զբոսաշրջության ոլորտներում համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր:

ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն գրառում է կատարել ԱԺ պատվավոր հյուրերի գրքում:

Հանդիպման ավարտին Վալենտինա Մատվիենկոն միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման գործում ունեցած ներդրման համար Դաշնային խորհրդի 25-ամյակին նվիրված հուշամեդալ է հանձնել ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին: ՌԴ Նախագահի կարգադրությամբ Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցության եւ բարեկամության ամրապնդման, միջխորհրդարանական ու մշակութային հարաբերությունների զարգացման գործում ունեցած ներդրման համար «Բարեկամություն» շքանշանով պարգեւատրել են ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ԱԺ պատգամավոր Վոլոդյա Բադալյանը ու «Ինտեգրացիա եւ զարգացում» ՀԿ ղեկավար Արամ Սաֆարյանը: ՌԴ Նախագահի հանձնարարականով տիկին Մատվիենկոն շնորհակալագրեր է հանձնել ռուս-հայկական համագործակցության զարգացման եւ երկկողմ միջխորհրդարանական կապերի ամրապնդման գործում ունեցած ներդրման համար ԱԺ պատգամավորներ Հովհաննես Մարգարյանին, Ալեքսան Պետրոսյանին եւ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանին:

Վալենտինա Մատվիենկոն, շնորհավորելով պարգեւատրվածներին, բարձր է գնահատել նրանց գործունեությունը միջազգային խորհրդարանական հարթակներում:

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը եւ պաշտոնական այցով Հայաստան ժամանած ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն նոյեմբերի 2-ին խորհրդարանում ունեցած հանդիպումից հետո հանդես են եկել համատեղ ճեպազրույցով՝ ամփոփելով հանդիպման արդյունքները:

Այնուհետեւ խորհրդարանի այգում` «Հիշողության պուրակում», տնկել են հայ-ռուսական բարեկամությունը խորհրդանշող մշտադալար եղեւնի:

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30