Ինչպես ժողովուրդն է ասում՝ «Արդեն խեղդ աշուն է»: Եղանակային պայմանները վերջին մի քանի օրերին խանգարեցին հողի մշակին՝ աշնանացան կատարել: Այնուամենայնիվ, ինչպես տեղեկացրեց Քաշաթաղի շրջվարչակազմի աշխատակազմի գյուղվարչության պետ Լևոն Սիմոնյանը, անցած տարվա համեմատությամբ բավականին աշխատանք կատարվել է: Շրջանում առկա է մոտ 20500հա վարելահող, որի մեծ մասն արդեն մի քանի տարի է՝ օգտագործվում է աշնանացանի համար: Այս տարվա համեմատաբար առատ բերքատվությունն ազդակ է, որ անցած տարիների համեմատ ավելի շատ ցանքս կատարվի: Բերքահավաքի ժամանակ միջին բերքատվությունը կազմել է 28,7ց/հա:
Սա հնարավորություն է տվել, որ հողօգտագործողները պահեստավորեն նաև անհրաժեշտ քանակի սերմացու, որը կապահովի մոտ 10000հա ցանքս: Բացի այդ՝ հայտ է ներկայացվել մոտ 300տ ցորենի և 290տ գարու բարձրորակ սերմացուի համար: Ըստ սերմացուի քանակի՝ պարզվում է, որ այս աշնանը, անցած տարվա համեմատ, շրջանում կկատարվի մոտ 15000հա հացահատիկի ցանքս: Ըստ Լ. Սիմոնյանի տեղեկության՝ անցած տարի այս օրերին հողօգտագործողները նոր էին սկսում աշնանցանը, իսկ 2015 թ. նոյեմբերի 2-ի դրությամբ Թովմասարի, Կովսականի, Որոտանի սարահարթերում ընդհանուր հերկվել է 5600հա, որից 538հա-ը սև ցելի ծրագրով, կատարվել է 1120հա ցանքս՝ 740հա ցորեն, 380հա՝ գարի: Հողօգտագործողները սեպտեմբերին հայտ էին ներկայացրել նաև 231տ դիզվառելիքի համար՝ սուբսիդավորված 350 դրամով: Այժմ կա 90 տոննայի պահանջարկ: Հերկն ու ցանքսը կատարելու համար շրջանում կա մոտ 90 միավոր անիվավոր և 30 թրթուրավոր տրակտոր:
Կա նաև պայմանավորվածություն հարևան Սյունիքի մարզի շուրջ 30 վար կատարող տրակտորիստների հետ՝ աշխատեն Քաշաթաղի շրջանում, որպեսզի աշնանացանը կատարվի ժամանակին: Աշնանացանը կատարելու համար հողօգտագործողներին տրամադրած վարկերով օժանդակել է ԼՂՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը (ԳԳԱՀ)՝ «ԱՐԻ» ծրագրի շրջանակներում: Այս տարի ևս որոշ հողօգտագործողներ, ովքեր ժամանակին կատարել են իրենց պարտավորությունները ԳԳԱՀ-ի հանդեպ(մարել են վարկային պարտավորությունները), նորից հայտ են ներկայացրել՝ օգտվելու «ԱՐԻ» ծրագրից: Կարևոր է, որ ԳԳԱՀ-ն ժամանակին հատկացնի այդ օժանդակությունը: Խոսելով այս տարվա բերքահավաքի մասին՝ Լ. Սիմոնյանը տեղեկացրեց, որ 13354հա հացահատիկային մշակաբույսերից ստացվել է 37690տ համախառն բերք՝ 28,2ց/հա-ից(ցորեն՝ 4453հա-12991,4տ-29,2ց/հա, գարի՝ 7136հա-20540տ-28,7ց/հա և հաճար՝ 1764հա-4160տ-23,5ց/հա): Եթե հարավային թևում բարեհաջող էր տարին, չնայած անընդհատ բռնկվող հրդեհներին, որից այրվեց ընդհանուր 182,7հա ցանքատարածք, ապա հյուսիսային թևում կարկտի հասցրած վնասը կազմեց մոտ 150հա, որից 103-ը՝ հաճար:
Բացի այդ՝ երաշտի պատճառով ցածր էր նաև հնձված տարածքների բերքատվությունը: Հացահատիկի հետ շրջանում այս տարի մշակվել է 127հա հողատարածք բանջարաբոստանային բույսեր արտադրելու համար. ստացվել է 600տ բերք: Մշակվել է 204հա ձմերուկ, ստացվել է 4200տ բերք, 75հա խաղողի այգիները տվել են 3600տ բերք: Եգիպտացորենի 272հա ցանքսից սիլոսի համար հնձվել է 233հա, որից ստացվել է 3495տ կանաչ զանգված: 10հա-ից ստացվել է 3,5տ հատիկ, մնացածը դեռ չի հնձվել: Հուսանք՝ եղանակային պայմանները թույլ կտան, որ իրականանան հողօգտագործողների բարի նպատակները:
Կարդացեք նաև
Զոհրաբ Ըռքոյան