Նոյեմբերի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ռուսաստանի Դաշնության Յարոսլավի նահանգապետ Սերգեյ Յաստրեբովին` ուղեկցությամբ ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի:
Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձավ երկու ժողովուրդների միջև առկա բարեկամական ջերմ հարաբերություններին` գոհունակություն հայտնելով երկու երկրների, ինչպես նաև Արմավիրի և Յարոսլավի մարզերի միջև առկա համագործակցության առիթով: Վեհափառ Հայրապետը հաստատեց, որ գործակցության բարի արդյունավորման և հետագա զորացման համար որպես ամուր հիմք են ծառայում դարերի ընթացքում երկու հավատակից ժողովուրդների միջև ձևավորված սերտ կապերը և բարի ավանդույթները:
Իր խոսքում Նորին Սրբությունը ներկայացրեց նաև Հայաստանյայց Առաքելական և Ռուս Ուղղափառ Եկեղեցիների միջև առկա եղբայրական փոխհարաբերությունները, որոնք իրենց հերթին նպաստում են երկու ժողովուրդների բարեկամական կապերի սերտացմանը:
Պրն. Ս. Յաստրեբովը ևս անդրադարձ կատարեց հայ-ռուսական հարաբերություններին, Վեհափառ Հայրապետին տեղեկացրեց Արմավիրի մարզի հետ իրականացվող համատեղ ծրագրերի մասին: Մասնավորապես խոսելով մարզի հայ բնակչության մասին` Յարոսլավի նահանգապետը հայտնեց, որ մարզում բնակվող տարբեր ազգերի ներկայացուցիչների ազգային ինքնության, մշակույթի և լեզվի պահպանության ուղղությամբ արվում է ամենը, ինչի կարևոր վկայությունն է նաև Յարոսլավլում հայկական եկեղեցու կառուցումը:
Կարդացեք նաև
Այս առիթով Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց պրն. Սերգեյ Յաստրեբովին մարզային իշխանությունների կողմից հայկական համայնքին ցուցաբերվող աջակցության համար:
Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև ցավակցություն հայտնեց Յարոսլավի նահանգապետին` Շարմ-էլ-Շեյխից Սանկտ-Պետերբուրգ թռիչք իրականացնող ռուսաստանյան ինքնաթիռի վթարի և բազմաթիվ զոհերի կապակցությամբ:
Մայր Աթոռ Ս. Էջմիածին Տեղեկատվական համակարգ