Նոյեմբերի 1-ին Թուրքիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին ժողովուրդը մի շարք տարբերակներ ուներ ընտրելու համար: Միեւնույն ժամանակ խիստ անվտանգության միջավայրը, որը կար երկրի հարավ-արեւելքում, մեծ թվով բռնություններն, այդ թվում՝ կուսակցությունների անդամների, տեղամասերի եւ ընտրական շտաբերի վրա կատարված հարձակումները, խոչընդոտել են ազատ քարոզչությանը: Լրատվամիջոցների ազատության սահմանափակումները լուրջ մտահոգություն են առաջացնում: Ըստ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի մամուլի հաղորդագրության՝ այս մասին ասել են Թուրքիայի ընտրություններին հետեւած միջազգային դիտորդները:
«Մինչ Թուրքիայի քաղաքացիները այս չափազանց բեւեռացված ընտրություններին կարող էին ընտրություն կատարել անկեղծ եւ ուժեղ քաղաքական այլընտրանքների միջեւ, լրատվամիջոցների թվի արագ նվազումը եւ, ընդհանուր առմամբ, խոսքի ազատության սահամանափակումն ազդեցություն է ունեցել գործընթացի վրա եւ լուրջ մտահոգություն է առաջացրել»,- ասել է ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդական առաքելության ղեկավար եւ հատուկ համակարգող Իգնասի Սանչեսը եւ հավելել. «Կուսակցականների նկատմամբ կիրառված ֆիզիկական բռնությունները, ինչպես նաեւ անվտանգության խիստ միջոցառումները երկրի արեւելքում սահմանափակել են քարոզարշավի հնարավորությունը»:
Հաղորդագրությունում նաեւ նշված է, որ հոկտեմբերի 10-ին Անկարայում տեղի ունեցած պայթյունները ազդել են քարոզարշավի մթնոլորտի վրա եւ բոլոր քաղաքական կուսակցությունները ժամանակավորապես դադարեցրել են քարոզարշավը:
Շատ մասնակիցներ իրենց հաղորդագրությունն ընտրազանգվածին փոխանցել են իշխող կուսակցության եւ այլ մասնակիցների միջեւ բախումնային հռետորաբանության մթնոլորտում: Քարոզարշավի վերջին երկու շաբաթները առանձնացան ակտիվիստների եւ կուսակցականների վրա կատարված մեծ թվով հարձակումներով ու ձերբակալություններով:
Կարդացեք նաև
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ