Սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը քարոզող Շիրակի մարզի «Այո»-ի շտաբը կգործի Շիրակի մարզպետարանից մի քանի մետր հեռավորության վրա գտնվող ՀՀԿ կենտրոնական գրասենյակում:
Ինչպես մյուս մարզերում, այնպես էլ Շիրակում, շտաբի պետ նշանակվել է Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, միայն թե, ի տարբերություն մյուս մարզերի, նա գեներալ է ու անկուսակցական է:
Շիրակի մարզի ՀՀԿ կառույցից մենք տեղեկացանք, որ «Այո»-շտաբը ունի 24 անդամ, որոնց կազմում ընդգրկված են ՀՀԿ Շիրակի կառույցի պատասխանատու Սահակ Մինասյանը, Շիրակի փոխմարզպետներ Սեյրան Պետրոսյանն ու Հարություն Արշակյանը, մարզի ՀՀԿ-ական պատգամավորներ Սուքիաս Ավետիսյանը, Աշոտ Աղաբաբյանը, Արման Սահակյանը, ինչպես նաեւ նախկին ԲՀԿ-ական պատգամավորներ՝ Մարտուն Գրիգորյանն ու Մուշեղ Պետոյանը՝ Արթիկի պատգամավորը: Մի խոսքով, «Այո»-ի շուրջ համախմբվել են բոլոր պատգամավորները, բացի ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանից:
Շտաբում ընդգրկված են նաեւ երեք քաղաքապետեր՝ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, Արթիկի ՀՀԿ-ական քաղաքապետ Արսեն Աբրահամյանն ու Մարալիկի դարձյալ ՀՀԿ-ական քաղաքապետ Արտակ Գեւորգյանը՝ ՀՀԿ-ական Սամվել Նիկոյանի սանիկը:
Կարդացեք նաև
Մեր հարցին ի պատասխան, թե քարոզչական աշխատանքներում ընդգրկվա՞ծ է նաեւ Շիրակի մարզի ՀՀԿ կառույցի նախկին ղեկավար, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ասացին՝ ոչ:
Անդամների կազմում են նաեւ ՀՀԿ տարածքային կազմակերպությունների թվով 8 ղեկավարներ: Շտաբն ունի նաեւ մամուլի պատասխանատու՝ ՀՀԿ-ական Արտակ Հովհաննիսյանն է:
Մեր հարցին, թե ինչպե՞ս է համակարգվելու աշխատանքը, արդյոք յուրաքանչյուր պատգամավոր քարոզարշավ է անելու իր ընտրատարածքում, ասենք Աշոտ Աղաբաբյանը Աշոցքում, Ամասիայում, Արման Սահակյանը Ախուրյանի գյուղերում, Սահակ Մինասյանն ասաց. «Իհարկե, պատգամավորների աշխատանքն ավելի արդյունավետ է սեփական ընտրողների հետ, բայց այդուհանդերձ, այդ ամենի մեջ ու այդ ամենից դուրս կա ընդհանուր թիմային աշխատանք, որովհետեւ ընտրությունները իրենց տեսակով ավելի շատ ենթադրում են ոչ թե գովազդային մեկնություններ, այլ պարզաբանումների, լուսաբանման, ներկայացման համակողմանի ու ընդգրկուն աշխատանքներ: ՀՀԿ ամբողջ ներուժն է ընդգրկված, պատգամավորները՝ մարզպետի գլխավորությամբ, բոլորն աշխատում են աշխատանքային ժամերից հետո: Իհարկե, պատգամավորները սահմանափակում չունեն, իսկ մյուս պետական ծառայողները աշխատում են աշխատանքային ժամից հետո, եթե արձակուրդում չեն»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ