Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց մի խումբ սեռական շահագործման՝ թրաֆիքինգի ենթարկելու համար մեղադրվող Հերիքնազ Խաչատրյանի գործով դատական նիստը:
Այսօր դատախազը միջնորդեց Հերքինազ Խաչատրյանին դատապարտել 13 տարվա ազատազրկման:
Հիշեցենք, որ Հերիքնազ Խաչատրյանը մեղադրվում է այն բանի համար, որ նա, բնակվելով Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում՝ Նելլի Ներսիսյանի գլխավորությամբ զբաղվել է մարմնավաճառությամբ, թրաֆիքինգի նպատակով՝ ԱՄԷ-ում մարմնավաճառությամբ զբաղվելու նպատակով Հայաստանից կանանց է հավաքագրել, մասնակցել նրանց Դուբայ տեղափոխելու ու թաքցնելու գործընթացներին:
Հերիքնազ Խաչատրյանը այդ գործողությունները կատարել է իր քրոջ՝ Բավական Խաչատրյանի հետ, որը բնակվել է Հայաստանում, եւ հենց ինքն էլ կանանց՝ մասնավորապես այս գործով տուժողներին հավաստիացրել է, իբր ԱՄԷ-ում քույրը ռեստորան ունի, եւ իբր թե մատուցողի աշխատանք է առաջարկում, սակայն հետո պարզվել է, որ այդ կանայք մարմնավաճառությամբ պիտի զբաղվեն:
Մանրամասն՝ տեսանյութում
Տուժողներից մեկը Դուբայի օդանավակայանում, ըստ ցուցմունքի, որն ընթերցեց դատախազը, կասկածելով, որ իրեն տեղափոխել են ԱՄԷ սեռական շահագործման համար, հենց Դուբայի օդանավակայանում պատռել է այդ երկիր մուտքի արտոնագիրը, որպեսզի կանխվի իր մուտքն այդ երկիր:
Մեկ այլ տուժողի սեռական շահագործումը կանխվել է, երբ նրա ղեկավարը, որը խորտկարանի տնօրեն է եւ նախկին ոստիկան, հասկացել է, որ իր աշխատակցուհուն պարբերաբար այցելող ու անհանգստացնող կինը՝ Բավական Խաչատրյանը թրաֆիքինգով է զբաղվում, ուստի դիմել են ոստիկանություն:
Նշենք, որ Խաչատրյան քույրերը որոշ կանանց փորձել են ենթարկել սեռական շահագործման, ոմանց դեպքում էլ հաջողվել է՝ ստիպել են զբաղվել մարմնավաճառությամբ: Քույրերից մեկը՝ Բավական Խաչատրյանը նույն գործով դատապարտվել է 11 տարվա ազատազրկման:
Ամբաստանյալ Հերիքնազ Խաչատրյանը նիստի ընթացքում տեղից պարբերաբար ռեպլիկներ էր անում, իսկ երբ դատախազը միջնորդեց 13 տարվա ազատազրկում, Հերիքնազ Խաչատրյանն արձագանքեց՝ «Շնորհակալություն, պարոն դատախազ» ու շարունակեց ռեպլիկները:
Դատավոր Արշակ Վարդանյանն անընդհատ փորձում էր կարգի հրավիրել մեղադրյալին. «Նախավերջին նիստին էլի ուզում եք մի իրավիճակ ստեղծել»: Դատավորի այս դիտարկմանը Խաչատրյանն ասաց՝ «Շնորհակալությունը վա՞տ բան է», ու կրկին շարունակեց ինչ-որ բաներ ասել, ինչին ի պատասխան դատավորն ասաց. «Ես ի՞նչ անեմ, ձեզ հետ ինչպե՞ս վարվեմ»: «Ոնց ուզում եք վարվեք, հարգելի դատավոր»,-պատասխանեց մեղադրյալը: Դատավորն էլ արձագանքեց՝ ««Ոնց ուզում եք»,-ի տարբերակը դեռ չկա»:
Մանրամասն՝ տեսանյութում
Հերիքնազ Խաչատրյանի փաստաբանը միջնորդեց նիստը հետաձգել մեկ ամսով, որպեսզի դատախազի ճառին գրավոր մանրամասն ծանոթանա:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 24-ին:
Նշենք, որ Հերիքնազ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ Կազմակերպված խմբի կողմից մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը, եւ 34-132-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ Կազմակերպված խմբի կողմից մարդու թրաֆիքինգի կամ շահագործման փորձ: Նշենք, որ այս գործով կան 5 տուժողներ, որոնցից մեկի մասով մեղադրողը հրաժարվեց մեղադրանքից. Այս տուժողը հայտարարել է, որ բողոք չունի:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ