Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայերը պետք է հպարտանան իրենց զինվորներով». Ուիլյամ Լահյու

Նոյեմբեր 02,2015 16:57

Կոսովոյում և Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ղեկավարած գործողություններին մասնակցող հայ խաղաղապահների լուսանկարների ցուցահանդեսի բացմամբ այսօր Հայաստանում մեկնարկեց 9-րդ «ՆԱՏՕ-ի շաբաթը»: Նոյեմբերի 2-6-ն անցկացվող միջոցառման մեկնարկն ազդարարող ցուցահանդեսը բացվեց Երևանի պետական համալսարանի գրադարանում:

«Իսկապես շատ կարևոր է, որ մարդիկ տեսնեն, թե ինչպես են ծառայում մեր զինվորները, ինչպես են իրենց ներդրումն ունենում միջազգային խաղաղապահ գործողություններում, որովհետև երբ ասում ենք՝ Հայաստանն իր ներդրումն է ունենում այդ գործողություններում, դա մի փոքր վերացական է թվում, իսկ այս լուսանկարների միջոցով բոլորը կարող են տեսնել հայ խաղաղապահներին թե´ վարժանքների ժամանակ, թե´ իրենց ազատ ժամանակը տնօրինելիս»,- ասաց Հայաստանում ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնի տնօրեն Արա Թադևոսյանը:

xaxaxapah_7 xaxaxapah_6 xaxaxapah_5 xaxaxapah_3 xaxaxapah_2 xaxaxapah_1 xaxaxapah_8

«Ամեն տարի անցկացնելով այս միջոցառումը՝ մենք փորձում ենք հայ հանրությանը ներկայացնել Հայաստան-ՆԱՏՕ գործընկերական հարաբերություններն ու դաշինքի գործունեությունը»,- նշեց ՀՀ ԱԳՆ սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետ Սամվել Մկրտչյանը և ընդգծեց, որ Կոսովոյում ու Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ղեկավարած գործողություններին հայ զինվորականների մասնակցությունը համագործակցության կարևորագույն բաղադրիչներից է. «Միջազգային անվտանգությունը և շարունակաբար ի հայտ եկող ճգնաժամային իրավիճակները պահանջում են բոլորի ներգրավվածությունն ու ներդրումը այդ իրավիճակների կառավարման գործում: Հայաստանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի ղեկավարած երկու գործողություններին ցույց է տալիս, որ թեկուզև Հայաստանից դուրս գտնվող վայրերում գոյություն ունեցող խնդիրները, անվտանգության սպառնալիքները մեզ համար օտար չեն, և մենք փորձում ենք մեր ուժերի չափով մասնակցել դրանց կարգավորմանը»,- ասաց Ս. Մկրտչյանը:

Նա ընդգծեց, որ Հայաստանի այս հանձնառությունը շարունակական բնույթ է կրելու. «Ինչպես գիտեք, մենք վերջերս նաև ներգրավվել ենք ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններին, և այդ շրջանակում առաջին քայլը եղել է մեր խաղաղապահների տեղակայումը Լիբանանի հարավում: Հայաստանը շարունակելու է զարգացնել իր խաղաղապահ կարողությունները՝ ներդնելով դրանք այն վայրերում, որտեղ խաղաղության ու կայունության հաստատման անհրաժեշտություն կա»,- ասաց Ս. Մկրտչյանը:

Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապի սպա Ուիլյամ Լահյուի խոսքով՝ գործընկերների և, մասնավորապես, Հայաստանի հետ աշխատելը ՆԱՏՕ-ի կարևորագույն նպատակներից մեկն է՝ եվրատլանտյան տարածքում կայունություն և անվտանգություն ապահովելու տեսանկյունից. «ՆԱՏՕ-ն իսկապես հպարտ է աշխատել այնպիսի երկրի հետ, ինչպիսին Հայաստանն է, որն այդքան պրոֆեսիոնալ զինվորական անձնակազմ ունի: Հայերը պետք է հպարտանան իրենց զինվորներով և, մասնավորապես, միջազգային խաղաղապահ ստորաբաժանումներում ընդգրկված զինվորներով, որոնք Հայաստանն են ներկայացնում աշխարհին»,- ասաց Ուիլյամ Լահյուն:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30