Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին ԱԺ պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը «ոչ» է ասելու: Նա կոչ է անում գնալ հանրաքվեի եւ «ոչ» ասել, որպեսզի «ոչ»-երի քանակն ավելի շատ լինի: Հրանտ Բագրատյանը նոր Սահմանադրությունից ոչ մի լավ բան չի սպասում, ընդհակառակը, համոզված է, որ այն կյանքի կոչվելու դեպքում է’լ ավելի ցածր տնտեսական ցուցանիշներ ենք արձանագրելու, քանի որ միակուսակցության պարագայում, ինչը նախատեսված է նոր Սահմանադրությամբ, տնտեսական աճ, մրցակցություն լինել չի կարող:
Պարոն Բագրատյանը կարծում է, որ Սահմանադրությունը փոխում են, որպեսզի մեր երկրի վրա ավելի հեշտ կարողանան քաղաքական ռազմական եւ տնտեսական ճնշումներ գործադրեն:
Բարեփոխված Սահմանադրությունը Հրանտ Բագրատյանի սրտով կլիներ, եթե երկպալատանի պառլամենտ լիներ, միապալատ կառավարումն, ըստ նախկին վարչապետի ոչ մի լավ բանի չի բերի: Ըստ նրա, Ղարաբաղի հարցում էլ Սահմանադրությունը վտանգներ է պարունակում: Եթե գործող Սահմանադրությամբ հնարավոր էր հանրապետության նախագահի որոշումներին դեմ կանգնել, ապա փոփոխվածով, հնարավոր է Ազգային ժողովը գաղտնի նիստ անի եւ ցանկացած որոշում անցկացնի. «Գործող Սահմանադրությամբ օրինակ` որոշում է կայացվում մի շրջան վերադարձնել, նախագահը պետք է ստորագրի դրանից հետո, այն գնա խորհրդարան, այսինքն` այս հարցը անցում է երկու պատնեշ»:
Հրանտ Բագրատյանն իր բոլոր մտահոգությունները փոխանցել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին` նրա հետ հանդիպման ժամանակ: Սակայն որոշ հարցերում նախագահը հակափաստարկ չի բերել: Պարոն Բագրատյանի մտահոգություններից մեկն էլ այն է, որ նոր Սահմանադրությամբ հնարավոր չէ որ որեւէ մեկը պաշտոնից հեռանա:
Կարդացեք նաև
Հրանտ Բագրատյանը կոչ է անում երկիրը ռիսկի, փորձության չենթարկել. «Մեկ տարի հետո կհանդիպենք, կտեսնենք, թե որքան է տնտեսական աճը»:
Նա նաեւ զարմացած է Վենետիկի հանձնաժողովի պահվածքից: Պարոն Բագրատյանի համոզմամբ, այդպիսի կառույցներին ձեռնտու է, որպեսզի մեր երկիրը թույլ կետեր ունենա:
Մանրամասները` տեսանյութում
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ