Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վարդան Օսկանյան. «Չի կարելի անվերջ շահարկել արտաքին գործոնները»

Նոյեմբեր 02,2015 15:47

ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել. «Ես այսօր հետևում էի խորհրդարանում բյուջեի քննարկումներին: Ասեմ, որ համաձայն եմ Հրանտ Բագրատյանի հետ, որ սա պարտվողական բյուջե է: Համաձայն եմ նաև, որ արդեն ձանձրալի է դառնում, երբ 2008-ից սկսած՝ կառավարությունն իր ձախողություններն ու անգործությունը բարդում է արտաքին միջավայրի վրա:

Ես կարծում եմ, որ Հայաստանում իրոք կարելի է՝ անկախ արտաքին գործոններից, տնտեսական բարձր աճ ապահովել: Դրա համար պետք է լինել ավելի համարձակ, շեշտը դնել տնտեսական աճի վրա՝ կիրառելով հարկաբյուջետային և դրամավարկային ընդլայնողական քաղաքականություն՝ թեկուզ ի հաշիվ դեֆիցիտի մեծացման:

Իհարկե, այստեղ կա կարևորագույն մի խնդիր: Նման քաղաքականության հաջող իրականացման համար կառավարությանն անհրաժեշտ է երեք հատկանիշ.

երկրի զարգացման տեսլական և ծրագիր,
քաղաքական կամք՝ անհրաժեշտ կառուցվածքային բարեփոխումների համար,
ժողովրդի անվերապահ վստահություն:

Դժբախտաբար, այս երեքն էլ այսօր բացակայում են: 2008-ից ի վեր պետությունը չի կարողացել ներկայացնել երկրի զարգացման ծրագիր, չի ունեցել ենթակառուցվածքային ծրագրեր, որոնք կարող էին էապես համախմբել երկրի տնտեսական ներուժը և խթանել աճը: Առայսօր ներկայացվել է միայն Հյուսիս-հարավ ճանապարհի ծրագիրը: Դատելով ծախսված գումարներից, ուշացված ժամկետներից և իրականացված աշխատանքներից՝ Հյուսիս-հարավ ծրագիրը կարելի է համարել մեր նորագույն պատմության ամենամեծ տնտեսական բլեֆը:

Ինչպես նախկին կառավարությունը, այս կառավարությունը ևս չկարողացավ իրականացնել իր խոստացած բարեփոխումները: Ընդհակառակը, բացասական առկա երևույթներն ավելի խորացան: Վարչապետը չկարողացավ վերականգնել նաև ներդրողների և առհասարակ հասարակության վստահությունը տնտեսության նկատմամբ: Արդյունքում երկրի կարիքների ընթացիկ ֆինանսավորումը շարունակում է իրականացվել հարկային խստացված ռեժիմով և արտերկրից վերցված նորանոր վարկերով: Կառավարությունն այս ընթացքում մեծամասամբ վարել է զսպողական ֆինանսավարկային քաղաքականություն: Բնական է, որ նման պայմաններում Հայաստանի տնտեսությունը կգտնվի անկման կամ լավագույն դեպքում՝ լճացման մեջ:

Ինչ վերաբերում է վստահությանը, ապա դրա բացակայությունն իսկապես մեր տնտեսության զարգացումը խոչընդոտող ամենահիմնական գործոններից է: Երկրի ներսում փողի պակաս չկա, պարզապես փողի տերերը չեն ուզում ներդնել տնտեսության մեջ: Մի պարզ փաստարկ. 2008թ. երկրում փողի զանգվածը կազմում էր մոտ 708 մլրդ դրամ, այդ տարում մեր ՀՆԱ-ն կազմել է 3,568 տրլն դրամ: Այսինքն՝ մեկ տարվա ընթացքում փողի զանգվածը շրջանառվել է մոտ հինգ անգամ: 2014թ. փողի զանգվածը եղել է 1,674 տրլն դրամ, իսկ ՀՆԱ-ն՝ 4,843 տրլն դրամ: Սա նշանակում է, որ տարվա ընթացքում փողի զանգվածը շրջանառվել է մոտ 2.8 անգամ: Այլ կերպ ասած, եթե փողի զանգվածը շրջանառվեր նույն արագությամբ, ինչ 2008թ., ապա ՀՆԱ-ն 2014թ. պետք է կազմեր ոչ թե 4,843 տրլն, այլ 8,37 տրլն դրամ: Մոտավորապես կրկնակին:

Իհարկե, սրանք կոպիտ հաշվարկներ են, բայց ուզում եմ ընդգծել, որ Հայաստանում խնդիրը ոչ թե փողի պակասն է, այլ փողի տերերի վստահության պակասը կառավարության և տնտեսության նկատմամբ:

Չի կարելի անվերջ շահարկել արտաքին գործոնները, առավել ևս, երբ համաշխարհային տնտեսությունը միանշանակ մտել է աճի փուլ»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30