«Ոտքերը լվալ, ջուրը խմել» արտահայտությունը ժողովրդական խոսք է, այլաբանություն է, բառացի հասկանալ, նշանակում է՝ հայոց լեզուն չիմանալ, փոխաբերական իմաստ է ամբողջը, նշանակում է երախտագետ լինել, երախտահատույց լինել, շնորհակալ, գնահատել մի բան, ովքեր դա հասկանում են բառացի, եթե վատ բան չասեմ, ապա գրագիտության պակաս կա»,- նոյեմբերի 2-ին «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
Խոսքը՝ հինգշաբթի՝ հոկտեմբերի 29-ին, Ազգային ժողովում Աղվան Վարդանյանի արած հայտարարության մասին էր:
«Վերջին անգամ եմ ասում՝ բոլոր հիվանդ ուղեղների համար: Եթե 1990-ից այս կողմ մեր քաղաքական էլիտայի ներկայացուցիչները գոնե 10 տոկոս ունենային անկախություն կերտած սերունդների բարոյական արժեքները, նվիրվածությունն ու ազնվությունը՝ մենք բոլորովին այլ երկրում այսօր կապրեինք: Առաջին հանրապետության դեմ այսօր խոսողներն ամեն օր պիտի Դաշնակցության ոտքերը լվանան, ջուրը խմեն: Եթե այդ հանրապետությունը չստեղծվեր՝ ոչ Երկրորդը կլիներ, ոչ էլ Երրորդը եւ դուք էլ ոչինչ չէիք կառավարի»,- ասել էր նա:
Աղվան Վարդանյանը համարում է, որ յուրաքանչյուր գրագետ մարդ իր խոսքում պետք է օգտագործի ե՛ւ ժողովրդական ասացվածքները, ե՛ւ դարձվածքները, ե՛ւ այլաբանությունները. «Իմ գործընկեր Արամ Աբրահամյանը՝ հարգելի «Առավոտ»-ի խմբագիրը, խմբագրական էր գրել եւ ասում է՝ Աղվան Վարդանյանը….ինչպես 19-րդ դարի հարսներն էին հնազանդ լվանում ոտքերը, ջուրը խմում: Հարգելի՛ լրագրողներ, իմ ճանաչած Հայաստանում մինչեւ 20-րդ դարի 70-ական թվականներն էլ հարսները լվանում էին մեծերի ոտքերը, դրա մեջ ոչ մի վատ բան չկա, դա հարգանք է, Հիսուսը լվանում էր իր աշակերտների ոտքերը, բայց դա չէր նշանակում, որ ջուրը խմում էին: Մեր կաթողիկոսները մինչեւ այսօր դա անում են: Սա բառացի հասկանալ, նորից եմ ասում՝ ամենավատ բանն է, եւ դրա մեջ որեւէ վիրավորանք չկա, ասացի՝ ինչ է նշանակում»:
Կարդացեք նաև
Նա հավելեց, որ ելույթ ունենալուց առաջ աշխատում է իր ելույթի գրավոր տարբերակն ունենալ, այդ տեքստը բացառություն չի եղել. «Ասել եմ հետեւյալը՝ նրանք, ովքեր այսպես են մտածում, ամեն օր երազում պիտի սա անեն: Ոչ մի լրատվամիջոց, բոլորն այնտեղ ներկա են եղել, այդ բառը չի օգտագործել, իրենք վերցրել են բառացի եւ բառացի հասկացել են, բայց դա իմ մեղքը չի, չէ՞: Ավելին՝ խոսքը վերաբերվում է հետեւյալին՝ Առաջին Հանրապետությունը մեր բոլորի պատմությունն է, մեր անցյալն է, հարյուրամյակների անպետական գոյության վրա մեր ամենամեծ նվաճումներից մեկն է: Բոլորինս է, եւ չհարգել սեփական պատմությունը, չհարգել սեփական անցյալը, չհարգել սեփական պետականությունը, ուղղակի քիչ ժողովուրդներ կան, անհատներ կան, որ նման բան կանեն»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ