Այսօր «Հայք» վերլուծական-տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցավ ասուլիս` Կալիֆոռնիայում բնակվող հայ բանաստեղծուհի Թամարա Հովհաննիսյանի մասնակցությամբ: Շուրջ երկու տասնամյակ է, ինչ Թամարա Հովհաննիսյանը Հյուսիսային Կալիֆոռնիայի բոհեմական Քարմել քաղաքում է ապրում, և ժամանակակից եվրոպական արվեստի գործեր է ներկայացնում իր տնօրինության տակ գտնվող երեք ցուցասրահներում, ուր տեղ են գտել նաև հայ նկարիչների ստեղծագործություններ ևս:
Aravot.am-ի հետ զրույցում Թամարա Հովհաննիսյանը ասաց. «Արդեն քսան տարի կլինի ինչ զբաղվում եմ եվրոպական արվեստը ներկայացնելով, վաճառելով: Դյուրին գործ չէ արվեստի գործերը վաճառելը: Պետք է ուսումնասիրես, ներկայացնես, հասկանաս ներկայացրածդ արվեստի արժեքը, բավարար ինֆորմացիա հաղորդես գնորդին: Ի վերջո ՝պանիր չես ծախում,այլ արվեստի գործ»:
Խոսելով հայ նկարիչների ընդգրկվածության մասին Թ. Հովհաննիսյանը ասում է, որ հայ նկարիչներին օգնելը իր համար կարևոր առաքելություններից մեկն է: Բայց ցուցասրահներում ներկայացնելու համար նկարները պետք է որոշակի չափորոշիչներ ունենան: Դրանք պետք է ընտրանի լինեն: Ես պետք է կարողանամ ճիշտ ընտրություն անեմ, որպեսզի կարողանամ ներկայացնել ճիշտ մարդու: Նկարները ինքնափրկության աղաղակներ են: Ես կարող եմ ասել, որ հայ արվեստի մեջ քաղցր նոստալգիա կա: Հաճախորդը միայն նկար չի ուզում, այլ մտերիմ, իր մենությունը լցնող արվեստի գործ»:
Թամարա Հովհաննիսյանը հայ ընթերցողին կներկայացնի թվով հինգերորդ գիրքը, որը կոչվում է «Ես կին եմ, ես կղզի»: «Նոյեմբերի 4-ին, ժամը`18:00-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում`ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կլինի գրքի շնորհանդեսը: Գիրքը չի վաճառվում, ինչպես իմ բոլոր գրքերը: Նվիրում եմ դրանք մարդկանց: Բանաստեղծությունների ժողովածուն Մոսկվայում տպագրվել և թարգմանվել է` «Գրական Հայաստան» թերթի խմբագիր Ալբերտ Նալբանդյանի նախաձեռնությամբ»,-ասում է Թ. Հովհաննիսյանը:
Կարդացեք նաև
Մայրենի լեզվի պահպանության, սփյուռքում հայապահպանության համար Թամարա Հովհաննիսյանը 2015 թվականին` ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի կողմից պարգևատրվել է «Մայրենիի դեսպան» մեդալով:
Հայկ ՄԱԳՈՅԱՆ