Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերում, կրթական, առողջապահական և համայնքային ենթակայության մյուս հաստատություններում շարունակվում են ձմռան նախապատրաստական աշխատանքները: Նմանօրինակ աշխատանքներ են տանում նաև «Ջրային կառույցներ», «Երևան ջուր», «Երևան գազ» ընկերությունները:
Անդրադառնալով մասնավորապես քաղաքապետարանի ենթակայության նախադպրոցական, կրթական, մշակութային և առողջապահական հաստատությունների ջեռուցման խնդրին՝ քաղաքապետը հանձնարարել է ուսումնասիրել վերոնշյալ հաստատությունների կաթսայատները և պատրաստ լինել ջեռուցման մեկնարկին:
«Նախկինից եկող ավանդույթի համաձայն՝ ջեռուցման սեզոնի մեկնարկը տրվում է կոնկրետ օրվանից սկսած, մինչդեռ մասնավորապես կրթօջախներում սահմանված ջերմաստիճանից ցածր կարող է լինել ավելի վաղ: Նման դեպքերում ուղղակի անընդունելի է սպասել ջեռուցման սեզոնի պայմանական այդ մեկնարկին: Եթե կրթօջախում սահմանված ջերմաստիճանը չի պահպանվում, ապա չպետք է սպասել այդ պայմանական օրվան: Մեզ համար առաջնահերթը մեր երեխաների առողջությունն է, այլ ոչ թե ինչ-որ պայմանականություններ: Ըստ այդմ, նախ և առաջ արագ ուսումնասիրեք քաղաքապետարանի ենթակայության կրթօջախների ջեռուցման համակարգերն ու որտեղ արդեն իսկ կա ջեռուցման անհրաժեշտությունը, անմիջապես ապահովեք այն», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Երեւանի քաղաքապետարանի մամուլի հաղորդագրություն