ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվում է 2016-ի պետական բյուջեի նախագծի քննարկումը:
Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը ներկայացրեց Ազգային անվտանգության, ոստիկանության, արտակարգ իրավիճակների ոլորտներում նախատեսված եկամուտներն ու ծախսերը:
Պաշտպանության եւ ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Կարյուն Նահապետյանը հետաքրքրվեց՝ սահմանում ապաստարանների կառուցման մասին շատ են խոսում, նախատեսվա՞ծ է դա բյուջեով, հաշվի առե՞լ եք: Պավել Սաֆարյանը պատասխանեց, որ դա կարող էր լինել բյուջեում, եթե մինչ այդ լիներ ծրագիր, այն լիներ միջնաժամկետ ծախսերում, արտացոլվեր բյուջեում: Չկա ծրագիր, հետեւաբար չի կարող լինել:
Խաչատուր Քոքոբելյանի խոսքերով՝ «Կարելի էր ի սկզբանե ասել, որ քրքաշ վիճակ է: Հարց տալն էլ մարդու չի գալիս, բայց վիճակը լավ չէ»:
Կարդացեք նաև
Պավել Սաֆարյանը չհամաձայնեց. «Համաձայն չեմ, որ քրքաշ վիճակ է, ամեն ինչ համեմատական է»:
Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը իր ոլորտում 2016-ի բյուջեն ներկայացնելիս ասաց, որ հատկացումների մեծ մասը աշխատավարձի համար են ծախսելու. «Բոլոր մարզերում ունենք ճգնաժամային կառավարման կենտրոններ, ստանում ենք 4000-6000 զանգ»:
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հետաքրքրվեց՝ հիմնականում ի՞նչ խնդիրներով են դիմում: Նախարարը պատասխանեց. «Հիմնականում դիմում են, որ դուռը փակվել է, պիտի գնան բացեն: 89 տարեկան տղամարդը զանգ է տալիս ասում է պետք է գաք պամպերսս փոխեք: Ամեն ինչ էլ ասում են: 911-ը պետք է լինի բարի ծառայություն: Էլ չեմ ասում, որ երեխան կարող է զանգ տա, ասի՝ եկեք մաթեմատիկայիս խնդիրը լուծեք»:
Էդուարդ Շարմազանովը շատ գոհ էր Արմեն Երիցյանի աշխատանքից, նա ասաց, որ սա այն ոլորտներից է, որտեղ կատարված աշխատանքի արդյունքն ակնառու է: Նա որպես լոռեցի հարցրեց՝ Ստեփանավանի օդանավակայանի շահագործումը ապագայում տեսնո՞ւմ եք, թե՞ ոչ:
Նախարարը պատասխանեց, որ այստեղ պետք են ուղղաթիռներ. «Պայմանավորվել ենք, որ հերթապահություն են անելու ուղղաթիռներ, թեթեւ ինքնաթիռների ուղղությամբ ենք աշխատանք տանում, որ ունենանք նորմալ օդանավակայան»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ