«Կառավարման խորհրդարանական համակարգը եղել է Դաշնակցության սկզբունքային մոտեցումը 90-ական թվականների սկզբից»,- նոյեմբերի 2-ին «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
Նա նշեց, թե երբ Հայաստանում նոր-նոր սկսում էր օրակարգ մտնել Սահմանադրություն ընդունելու խնդիրը, Դաշնակցությունը կողմ է եղել խորհրդարանական կառավարման համակարգին. «1995 թվականից առաջ մենք ստեղծեցինք մեր Սահմանադրության տարբերակը, հետագայում միացան նաեւ այլ քաղաքական ուժեր, Վեցնյակի տարբերակ էր սա կոչվում: Եվ եթե հիշեք, այդ Վեցնյակի մեջ մտնում էր նաեւ այն ժամանակվա Հանրապետականը, որը շատ քիչ կապ ունի այսօրվա Հանրապետականի հետ: Եվ մենք անընդհատ պնդել ենք, որ անհրաժեշտ է խորհրդարանական կառավարման համակարգ, մենք որեւէ մեկին չենք միացել, ընդհակառակը՝ եթե միացել են, մեզ են միացել, համոզվել են, որ մեր տեսակետները ավելի ճիշտ են: Եվ այստեղ մեզ մեղադրել, որ մենք գնացել ենք դեպի իշխանություն, նշանակում է` սայլը եզից առաջ է»:
Աղվան Վարդանյանը ասաց, որ Հայաստանի քաղաքական դաշտում յուրաքանչյուրը տարբեր ժամանակներում փոխել է իր տեսակետը, եւ կարող է հետեւություն անել, որ քաղաքական դաշտը եկել է Դաշնակցության տեսակետին. «Մեղմ ասած, գեղեցիկ չէ, որ ամեն անգամ մեզ փորձում են ուղարկել, թե դուք գնացել միացել եք իշխանություններին, ընդհակառակը»:
Նա ընդգծեց, որ նաեւ այդ պատճառով է Դաշնակցությունը առանձին քարոզարշավ անում. «Մենք առանձին քաղաքական ուժ ենք, մենք ընդդիմադիր քաղաքական ուժ ենք: Այսօր կան մի քանի կուսակցություններ, որոնք կողմ են արտահայտվում Սահմանադրությանը, բայց դա չի նշանակում, որ պետք է բոլորս մեկ տեղում հավաքվենք եւ ընդհանուր քարոզչություն անենք: Մեր հիմնավորումները, մեր պարզաբանումները, մեր քարոզչությունները շատ ավելի ամբողջական են, շատ ավելի հետեւողական են, եւ այս Սահմանադրությունը նոր ճանապարհ է բացելու, նոր դուռ է բացելու Հայաստանի զարգացման համար: Մենք ունենք մեր հիմնավորումները, Հանրապետականը, «Բարգավաճը», մյուսներն ունեն իրենց հիմնավորումները: Դաշնակցությունը իր բոլոր դժվարություններով, խնդիրներով հանդերձ միշտ եղել է ինքնուրույն ուժ, բոլոր ցանկությունները կողքից, բոլոր տարատեսակ ասեկոսեները, որ Դաշնակցությունը սրա կողքին է, նրան է պաշտպանում եւ այլն, մոռացեք: Դաշնակցությունը երբեք չի լինելու որեւէ այլ քաղաքական ուժին սպասարկող ուժ, Դաշնակցությունն ունի իր սկզբունքները, իր ճանապարհը, իր հիմնավորումները եւ այդ ճանապարհով է ընթանալու: Կհամագործակցենք բոլոր նրանց հետ, ում դիրքորոշումները որոշ կետերում կհամընկնեն, կմոտենան, եւ սրանք դոգմաներ չեն, սրանք խորհրդակցությունների, քննարկումների, ի վերջո ոսկե միջինը գտնելու ճանապարհն է: Դաշնակցությունը ուղղակի չէր կարող միայնակ չանել իր քարոզարշավը: Կրկնում եմ՝ մեր հիմնավորումները, մեր փաստարկները, մեր ապացույցները շատ ավելի հզոր են, քան նույնիսկ Հանրապետական կուսակցությանը, որն այսօր ի վիճակի չէ իր ստեղծած կամ իր մասնակցությամբ ձեւավորված համակարգի արատների, խնդիրների մասին բաց խոսել: Մենք հիմնավորում ենք նաեւ այս արատների առկայության փոփոխության անհրաժեշտությունը: Եվ շատ բնական է, որ իբրեւ կազմակերպված ուժ, մենք առանձին ենք անում մեր քարոզարշավը»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ