Լրահոս
Օրվա լրահոսը

«Մինուճար տղայիս գլուխը կերան, ես ինչի՞ց հոգնեմ». սևազգեստ մայրերին այս դատարանից մյուսն են ուղարկում

Նոյեմբեր 02,2015 15:10

ՀՀ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (նախագահող դատավոր Պողոսյան) այսօր քննվեց ոստիկանների կողմից բռնության ենթարկված սևազգեստ մայրերի` Իրինա Ղազարյանի ու Նանա Մուրադյանի դիմումը: Նրանք պահանջում են, որպեսզի ՀՔԾ-ում վերաբացվի իրենց դեմ բռնությունների գործը և իրականացվի արդար քննություն:

Որդեկորույս մայրերի պահանջը հետևյալն է. «Վերացնել ՀՔԾ հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ Արա Թադևոսյանի կողմից 08 օգոստոսի քրեական գործով քրեական հետաքննություն չիրականացնելու և վարույթը կարճելու վերաբերյալ որոշումը, պարտավորեցնել իրականացնել նոր` արդյունավետ, համակողմանի և սպառիչ քննություն»:

Դատական նիստը սկսվեց կես ժամ ուշացումով: Դատարանը որոշում կայացրեց գործն ուղարկել քննության այլ վարչական շրջանի`Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:

Սևազգեստ մայրերը Aravot.am-ի հետ զրույցում դժգոհություն հայտնեցին, թե գործը այս դատարանից ուղարկում են մյուս դատարան միտումնավոր, որպեսզի իրենք հոգնեն ու հրաժարվեն պայքարից:

Խաղաղ պայմաններում զոհված Վալերի Մուրադյանի մայրը՝ Նանա Մուրադյանը նշեց. «Հստակ միտում եմ տեսնում, քանի որ մենք այն ժամանակ իմ տղայի գործով քննիչների դեմ բողոքով մտել ենք ՀՔԾ, նորից շենքը Վաղարշյանի վրա էր, այլ տեղ չէին, դրանից հետո էլի բողոքարկեցինք ՀՔԾ-ում, մերժեցին, դիմեցինք դատախազություն, կրկին մերժեցին: Հետո դիմեցինք Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` փաստաբանն էլ Մուշեղ Շուշանյանն էր, այնտեղից ասացին, որ դատախազության որոշման դեմ էլ եք բողոքում, ուրեմն նշանակում է, որ պիտի դիմեք Կենտրոնի դատարան, ոչ թե Արաբկիրի: Հիմա հակառակն են ասում` այստեղից էլ ուղարկում են Արաբկիր` պատճառաբանելով, թե այն ժամանակ ՀՔԾ-ի շենքը Վաղարշյանում չի եղել: Ուզում են ձգձգել, որ մենք հոգնենք, բայց իրենք չեն հասկացե՞լ, որ եթե ես այս վեց տարին չեմ հոգնել, էլ ինչի՞ց պիտի հոգնեմ, երեխաս այսօր հողի տակ է, նայում եմ գերեզմանին ու խելագարվում: Այդ մինուճար տղայիս գլուխը կերան, ես ինչի՞ց հոգնեմ: Հիմա էլ ոստիկաններն ասում են, թե մի կանգնեք այստեղ, քանի որ նախագահն է հրաման տվել, որ այդտեղ քաղաքացի չկանգնի, հենց դրա համար էլ մեզ բռնության ենթարկեցին, ու հիմա իմ առողջական վիճակը գնալով վատանում է, բժիշկն էլ ասում է, թե բուժման հետ մեծ հույսեր մի կապի»:

Նշենք, որ արդեն մի քանի շաբաթ է սևազգեստ մայրերը խմբով չեն հավաքվում նախագահականի առաջ, նրանց մի մասը սպասում է, թե արդյոք ՀՀ ԱԺ-ում կձևավորվի՞ հանձնաժողով, որը կզբաղվի իրենց որդիների գործերով, թե ոչ:

Սակայն Նանա Մուրադյանը և սևազգեստ մայրերից Իրինա Ղազարյանը մեզ հավաստիացրին, որ այս հինգշաբթի օրվանից վերսկսելու են ակտիվ հավաքները: Նանա Մուրադյանն ասաց. «Ինչքա՞ն սպասենք, քանի շաբաթ է սպասում էինք, բայց քանի որ ոչինչ չեղավ, հիմա նորից ոտքի ենք ելնում»:

Տիկին Իրինան էլ նշեց, թեև պնդում են, որ հանձնաժողով ստեղծվի, բայց հույս չկա, որ այդ հանձնաժողովն ինչ-որ հարցի լուծում կտա:

Տիկին Նանան հավելեց. «Այդ գործերը բացահայտելու դաբրոն տվողը Սերժ Սարգսյանն է, եթե ինքը ցանկություն ունեցավ, որ այդ գործերը բացահայտվեն, կբացահայտվեն»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30