«Մենք այս տարվա բյուջեի կատարողականի հետ ունենք խնդիրներ: Այս պահի դրությամբ մեր շեղումը մոտ 7 տոկոսի կարգի է, բայց կախված է այս 2 ամսվա զարգացումներից: Մենք մեծ նվազումներ ունենք հատկապես ներմուծման ծավալների կրճատման հետ կապված»,- այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը:
Հաջորդ տարվա համեմատ, եթե այս տեմպերը շարունակվեն՝ նախարարն ասաց, որ արդեն պետք է անհանգստանալ:
Թե ինչ տվեց ԵՏՄ-ի անդամակցությունը այդ դեպքում՝ նախարարը պատասխանեց. «Կյանքում բացարձակ լավ եւ բացարձակ վատ բաներ չկան: Հիմա ԵՏՄ-ն, իհարկե տնտեսական մեծ միության ենք անդամակցել, պետք է դրանից կարողանանք օգտվել: Աշխարհի զարգացումները տնտեսական անկումները հո մենակ ԵՏՄ-ո՞ւմ չի: Տեսեք Վրաստանում բյուջետային ինչ պրոբլեմներ ունեն: Գնահատել ԵՏՄ-ից ինչքան օգտվեցինք՝ շատ դժվար է: Բազմաթիվ օգուտներ կարող եմ ասել եւ բազմաթիվ բացասական բաներ»:
Հարցին՝ ԵՏՄ-ից մեր շահաբաժինն ինչքան է կազմելու՝ նախարարը պատասխանեց, որ այս պահի դրությամբ 19 մլրդ-ի աճ ունենք:
Կարդացեք նաև
Լրագրողների հարցին՝ կառավարությանը քննադատում են, որ մեր երկրում հնարավոր չէ տնտեսությունը զարգացնել, որովհետեւ տնտեսական մենաշնորհներում ներգրավված են իշխանությունների հետ փոխկապակցված անձինք, Դուք հնարավոր համարո՞ւմ եք, որ նրանք պայքարեն տնտեսական մրցակցության համար՝ Գագիկ Խաչատրյանը պատասխանեց. «Ինչ դուք լրատվությամբ ասում եք, հասարակությունը դրանք ընդունում է, որովհետեւ մեր եւ ձեր շնորհիվ հասարակությունը, որպես կանոն, վատ լուրերն ավելի լավ է ընդունում, քան դրական, լավ լուրը: Մենք հասել ենք մի իրավիճակի, որ վատ լուրը մարդկանց մոտ ավելի հեշտ ընկալելի է: Դրանք ավելի շատ հորինված են: Ես միշտ ասել եմ՝ այն մարդիկ, որոնք բիզնեսով են զբաղվում եւ հարկային պարտավորությունները կատարում են, փառք Աստծո, թող շատ զբաղվեն: Ինչ վերաբերում է մոնոպոլիաներին, ցանկացած երկրում դրանք լավ բան չեն»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ