Այսօր լրագրողների հետ զրույցում Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն ասաց, որ մենք տարածաշրջանային միակ երկիրն ենք, որը ծախսեր չի կրճատել եւ սեկվեստորի դուռ չի հասել, նայեք ՌԴ, Ղազախստան, փետրվար ամսին մոտ 10 տոկոս ծախսերը կրճատել է: Դա խոսում է այն մասին, որ մեր հարկերի հավաքագրումը բավարար մակարդակի վրա է:
Aravot.am-ը նախարարին հարցրեց՝ Հրանտ Բագրատյանն ասաց՝ ինչո՞ւ եք այսպիսի պարտվողական բյուջե բերում, աճեցրեք տնտեսությունը, ներդրողներ բերեք, մոնոպոլիստների վրա ներդրման ծավալ դրեք, պատրաստվո՞ւմ եք այդպես անել, մոնոպոլիստներից պահանջել՝ նախարարը պատասխանեց. «Հրանտ Բագրատյանը խելոք մտքեր է արտահայտում, դրա հետ չի կարելի չհամաձայնել: Հրանտ Բագրատյանն ասում է՝ պետք է ներդրումային վիճակը բարելավել, որպեսզի ավելի շատ ներդրումներ լինեն, որը տնտեսական աճի ցուցիչների վրա կանդրադառնա: Այդ առումով բազմաթիվ կոմպոնենտներ կան, որոնք անդրադառնում են ցուցիչների վրա, նախ պետք է հասկանալ որոնք են դրանք եւ կառավարության օգնությամբ ջանքեր գործադրենք»:
Հարցին՝ կառավարության մեղքը չե՞ք տեսնում դրանում՝ Գագիկ Խաչատրյանը պատասխանեց, որ աշխարհի բոլոր երկրների կառավարությունները տնտեսական ճգնաժամերի ժամանակ միշտ ավելի վատ վիճակում են հայտնվում, քան այն մարդիկ, որոնք պահանջում են:
Խոսելով կոռուպցիայի մասին՝ Գագիկ Խաչատրյանն ասաց, որ խոչընդոտում է աճին ոչ միայն դա. «Մենք այսօր պատերազմող երկիր ենք, դժվար խնդիրներ կան, նաեւ կոռուպցիան: Բայց կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում փոփոխություններ կան»:
Կարդացեք նաև
Մեր հարցին՝ բայց կոռուպցիայի դեմ պայքարո՞ւմ եք, թե՞ իմիտացիա եք ստեղծում՝ նախարարը պատասխանեց. «Կոռուպցիայի դեմ պայքարում առաջինը մեզ պետք է վստահությունը վերականգնենք: Յուրաքանչյուր համակարգում պետք է մեծ ջանքեր կիրառել եւ այնպիսի միջոցներ դնել, որ թույլ չտանք կոռուպցիոն երեւույթները զարգանան»:
Նա ասաց, որ ԱՄՆ-ի անկախ փորձագետները շատ բարձր են գնահատում, թե կոռուպցիայի դեմ պայքարում մենք ինչից ինչի ենք հասել:
Գագիկ Խաչատրյանը հանգիստ ընդունեց այն դիտարկումները, որ ինքը ՀՀ ամենակոռումպացված պաշտոնյաներից է եւ հասարակությունը կասկածում է, որ նա կփորձի պայքարել կոռուպցիայի դեմ:
Դիտարկմանը՝ մաքսայինում կոռուպցիայի մասին շատ են խոսում՝ Գագիկ Խաչատրյանն ասաց. «Ամենակարեւորը՝ պետք է վերականգնել վստահությունը: Հիմա ինչ էլ քեզ պատասխանեմ՝ դու չես հավատա: Գալու ես հաջորդ անգամ էլի նույն հարցը տաս: Հսկիչ գների գործառույթ մեր մոտ չունենք, ունենք գների բազա: ԵՏՄ-ին անդամագրվելուց մաքսային մարմինների դերակատարությունը մոտ է զրոյի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ