Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս կարող են քվեարկել և՛ նույնականացման քարտ, և՛ թղթային անձնագիր ունեցող անձինք. կան մի շարք ռիսկեր

Նոյեմբեր 02,2015 13:44

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանն այսօր հայտարարեց, որ դեռ քննարկվում են ընդդիմադիր թևից հնչող առաջակները, մասնավորապես մատները թանաքոտելը, կամ դակած անձնագրերը վերադարձնելը ընդունել-չընդունելու հարցը:

«Ընդունվեց նույնականացման քարտերով հանրաքվեին մասնակցելու օրինագիծը. դեմ և կողմ» թեմայով «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը պարոն Սահակյանը վստահեցրեց, թե նույնականացման քարտերերով հանրաքվեի մասնակցելու օրենքն ընդունվել է  առաջին հերթին այն պատճառով, որպեսզի չխախտվի անձանց` ընտրություն կատարելու իրավունքը:

Պարոն Սահակյանը մանրամասնեց. «Այստեղ հակասության մեջ ենք մտնում Սահմանադրության հետ, քանի որ այն սահմանում է, որ քաղաքացին ունի ընտրելու իրավունք, սակայն նույնականացման քարտեր ունեցող 182391 քաղաքացիների համար արհեստական խոչընդոտ էր առաջանում»:

Պարոն Սահակյանի կարծիքով` իրենց հասցեին հնչող քննադատությունները շատ դեպքերում արհեստական են, և որոշ մարդիկ ուզում են այդպիսով ինքնահաստատվել ու ստանձնել ընդդիմության լոկոմոտիվի դերը:

Հովհաննես Սահակյանը վստահեցրեց, որ ընտրական օրենսգիրքը թույլ է տալիս ընտրությունների օրը պատշաճ վերահսկողություն իրականացնել բուն ընտրական գործընթացների վրա»:

Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը հարց բարձրացրեց` եթե խնդիրը վաղուց կար այդ դեպքում ինչու՞ այսքան ուշ սկսեցին այդ խնդրով զբաղվել, մանավանդ, որ 2014-ի հուլիսին ՀՀ վարչապետը որոշում է  ընդունել այս հարցերին լուծում տալու համար աշխատանքային խումբ ստեղծելու մասին: Սակայն կամ աշխատանքային խումբը գործ չի կատարել ու չի կատարել վարչապետի հանձնարարությունը, կամ էլ նրա արած աշխատանքը չի երևում: Հովհաննես Սահակյանն արձագանքեց, թե հարցում ուղարկեք արդարադատության նախարարություն, սպառիչ պատասխան կտան:

Տիկին Տիգրանյանը մտահոգություն հնչեցրեց, թե 320 հազար քաղաքացի ունի և՛ նույնականացման քարտ, և՛ թղթային անձնագիր, հետևաբար կարող են մի քանի անգամ տարբեր տեղամասերում քվեարկել, մանավանդ, որ նույնականացման քարտի վրա որևէ նշում չի կատարվում: Եվ նորից հիշեցրեց, որ նման մտահոգությունները կփարատվեին միայն այն դեպքում, երբ հրապարակվեին ընտրողների ցուցակները, ինչը համառորեն իշխանությունները չեն ուզում արած լինել: Պարոն Սահակյանի համար այս մտահոգությունները ծիծաղելի թվացին ու նա ասաց. «2005-ից ՀՀ ընտրողների ցուցակները ձևավորվում են ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության կողմից: Յուրաքանչյուր ոք կարող է ցուցակները ներբեռնել ու անճշտությունները ներկայացնել պատկան մարմիններին: Ես խոստանում եմ անճշտությունների հայտնաբերման դեպքում լինել հետևողական, գնանք այդ մարմիններ ու հայտնենք այդ անճշտությունների մասին»:

Մյուս մտահոգությանը, թե Լոռու մարզում ընտրողների թիվը 101 տոկոս է` բնակիչներից ավելի, պարոն Սահակյանն արձագանքեց, թե ցուցակները կազմվում են այդ հասցեներում հաշվառված անձանց տվյալներով, բայց այդ տարածաշրջանում կան մարդիկ, որոնք մեկնել են արտագնա աշխատանքի, իսկ դա հիմք չէ, որպեսզի նրանց հանեին ցուցակներից:

Բոլոր մտահոգություններին ի պատասխան՝ Հովհաննես Սահակյանն ասաց, թե նվազագույն են կրկնակի քվեարկությունների ռիսկերը, քանի որ ընտրատեղամասերում կան նաև ընդդիմության ներկայացուցիչներ և նրանք կարող են հետևել գործընթացին:

Հերիքնազ Տիգրանյանը ի պատասխան նշեց. «Վստահված անձինք ու դիտորդները ընտրողի փաստաթղթի հետ կարող են ծանոթանալ միայն հանձնաժողովի նախագահի թույլտվության դեպքում, իսկ նա հանգիստ կարող է մերժել, ավելին, դիտորդն ընթացքում չի կարող տեսնել ընտրողների ցուցակները»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30