Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«1500 հատ լամպուշկա ենք վառում»

Նոյեմբեր 02,2015 16:30
jermuk

Պարտականությունները չկատարող քաղաքապետին պաշտոնանկ անելու փոխարեն կառավարությունը հարկատուներիս հաշվին կմարի նրա կուտակած պարտքերը

2008 թվականի սեպտեմբերի 18-ի 1064-Ն որոշմամբ ՀՀ կառավարությունը Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքը հայտարարել է զբոսաշրջային կենտրոն: Որոշման համաձայն՝ ամենաուշը 2012 թվականին (երեք տարի առաջ) Ջերմուկը պետք է դառնար տարվա չորս եղանակի զբոսաշրջային կենտրոն, ունենար տարեկան 100 հազար զբոսաշրջային այցելություն, դրանից տարեկան 100 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի եկամուտ: Նշված որոշման օրվանից մինչ օրս կառավարող քաղաքական ուժը չի փոխվել, Ջերմուկում քաղաքային իշխանություն չի փոխվել: Բայց ծրագիրը մնացել է թղթի վրա, եւ դեռ նոր խնդիրներ են առաջացել, որոնք ՀՀ կառավարության որոշմամբ կհարթվեն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի` հարկատուներիս հաշվին:

Ջերմուկի հանրապետական քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը եւ Վայոց ձորի հանրապետական մարզպետ Հարություն Սարգսյանը ՀՀ կառավարությանն առաջարկել են պետական բյուջեից գումարներ հատկացնել Ջերմուկ քաղաքին` կուտակած պարտքերը մարելու համար: Կառավարությունը ընդառաջել է եւ հոկտեմբերի 22-ին թիվ 1227-Ա որոշմամբ «Ջերմուկի քաղաքային համայնքի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով՝ նախորդ տարիներին առաջացած պարտքերը վճարելու եւ Ջերմուկ քաղաքի զարգացման ծրագրի իրականացման միջոցառումներին աջակցելու համար» կառավարության պահուստային ֆոնդից 29 միլիոն դրամ է առանձնացրել:

Կառավարության որոշման նախագծի հիմնավորման մեջ հստակ արձանագրվել է, որ Ջերմուկի քաղաքային իշխանությունը հնարավորություն չի ունեցել (ընդգծումը մերն է-խմբ.) սեփական միջոցների հաշվին սահմանված ժամկետներում ապահովել վերոնշյալ վճարումները, մարել նախորդ տարիներին առաջացած պարտքերը: Համայնքի սեփական միջոցները տեղական հարկերից են գոյանում (հողի հարկ, գույքահարկ): Այլ խոսքով՝ Ջերմուկ քաղաքի իշխանությունը չի կարողացել հավաքել կամ ամբողջությամբ հավաքել տեղական հարկերը եւ պարտքեր է կուտակել` չի վճարել քաղաքապետարանի ծախսած էլեկտրաէներգիայի դիմաց, գազի դիմաց, աղբահանության դիմաց, չի վճարել քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզի եւ այլ կառույցների աշխատակիցների աշխատավարձը եւ այլն: Միայն աշխատավարձերի պարտքը 25 միլիոն դրամ է, որը նախորդ տարիներից չի, ինչպես կառավարությունն է պնդում, այս տարի է գոյացել:

Թե ինչո՞ւ պետք է մի քաղաքապետի (ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը կասեր` ցմփոր քաղաքապետ) աշխատել չկարողանալու արդյունքում առաջացած պարտքերը փակեն ՀՀ քաղաքացիները` պարզ չէ, սակայն հայտնի է, որ 5,5 հազար հեկտար տարածքով քաղաքում մեծ տարածքներ, օբյեկտներ, տներ ունեն «Ջերմուկ գրուպ» ընկերության սեփականատեր, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Արսենյանը, ում քաղաքական «կնքահայրությամբ» Վարդան Հովհաննիսյանը 2006-ից այս կողմ Ջերմուկի քաղաքապետն է, Աշոտ Արսենյանի եղբայրը, տրանսպորտի եւ կապի փոխնախարար, Աշոտ Արսենյանի հորեղբորորդի Արամ Արսենյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը, Վայոց ձորի նախկին մարզպետ Սամվել Սարգսյանը եւ այլք: Փաստորեն այս մարդկանց կամ նաեւ այս մարդկանց չվճարած հարկերից է գոյացել Ջերմուկի քաղաքապետարանի պարտքը: Մինչդեռ «Տեղական ինքնակառավարման օրենքով» հստակ սահմանված է, որ քաղաքապետը «oրենքով սահմանված կարգով կազմակերպում է տեղական հարկերի, տուրքերի եւ վճարների, համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն համարվող հողերի, համայնքի սեփականություն համարվող գույքի վարձավճարների գանձումն ու վերահսկումը», իսկ քաղաքապետին կարելի է անվստահություն հայտնել «համայնքի ղեկավարի կողմից համայնքի բյուջե» փաստացի ստացված եկամուտների սահմաններում պարտադիր լիազորությունները չկատարվելու կամ պետության պատվիրակած լիազորություններն անբավարար կատարվելու դեպքում»: Անվստահություն պետք է հայտնի ավագանին, բայց այստեղ էլ քիչ չեն հարկերը հավաքելու հարցում անկարող քաղաքապետի կողմնակիցները, որոնցից մեկն էլ Վարդան Հովհաննիսյանի քաղաքական «կնքահայր» Աշոտ Արսենյանի քույրն է:

Պարտքերի, դրանք ՀՀ քաղաքացիների հաշվին մարելու փորձերի, քաղաքական «կնքահայրության», տեղական հարկեր-տուրքերը չվճարելու վերաբերյալ մեր տեղեկությունները փոխանցեցինք Վարդան Հովհաննիսյանին: Վերջինիս դրանք դուր չեկան, բնականաբար: Քաղաքապետը սկսեց բացատրել, թե ինչու չի կարողանում հարկերը հավաքել: Ավելի ճիշտ՝ նա չի համարում, որ չի կարողանում հարկերը հավաքել. «Բնականոն դեֆիցիտ ունի Ջերմուկ քաղաքը: Էս խնդիրը միշտ առաջացել է, միշտ, տարբեր ճանապարհներով սուբսիդավորվել է` գրանտներով, տարբեր օգնություններով: Ոչ թե չենք կարողանում գումարը հավաքել… ո՞նց կարա լինի, որ չենք կարողանում գումարը հավաքել, կառավարությունն էլ մեզ փող է տալիս: Ուղղակի մեր բյուջեն չի բավարարում, թույլ ա: Մեր բյուջեի մուտքային մասն ավելի քիչ է, քան թե ծախսային մասը»: Թե ինչո՞ւ են Ջերմուկում ծախսերն ավելի շատ, քան բյուջետային մուտքերը, արդյոք վերոնշյալ պաշտոնյաները հարկեր չե՞ն վճարում` հարցից Վարդան Հովհաննիսյանը վրդովվեց. «Ո՞նց չեն վճարում, բոլորն էլ վճարում են»: Նա շարունակեց բացատրել, թե ինչու է բյուջեի ծախսային մասը մուտքայինից շատ. «1500 լամպուշկա մենակ փողոցային լուսավորության վրա ենք վառում, 35-40 աշխատող կոմունալ տնտեսությունում ունենք` էդ մաքրության համար, աղբահանությունը ամեն օր ա կատարվում, ոչ թե շաբաթը մեկ անգամ, ձմեռային ամիսները մեր մոտ երկարատեւ են, ջեռուցման սեզոնը գիտե՞ք երբվանից ա սկսվել: Դոտացիաները բոլորին որ տալիս են, մեր նման մեծ, տուրիստային քաղաքները միշտ էլ բյուջեի խնդիր են ունենում: Սա է խնդիրը, ոչ թե չենք կարողանում գումար հավաքել: Մեր հարկերի հավաքագրումը 100 տոկոսից բարձր ա, բայց չի բավականացնում»: Քաղաքապետը համաձայն չէ, որ կարելի է տարբերակներ գտնել` ավելի գումարներ չվատնել. «Այսինքն ո՞նց` լույսեր չվառե՞նք կուրորտային քաղաքում, աղբահանությունը պատշաճ չանե՞նք… Մեր մոտ մինիմալ տարբերակով արել ենք, նորից բյուջեի դեֆիցիտ ա գոյանում, եւ խնդրել ենք կառավարությանը` սուբսիդավորել են: Մոնիտորինգ են արել, տարածքային կառավարումից եկել` ստուգումներ են արել եւ այլն, ու եկել են նրան, որ դեֆիցիտը բյուջեի կողմից պետք է լրացվի»: Քաղաքապետը պնդում է նաեւ, որ քաղաքի ավագանին ամբողջությամբ համամիտ է բյուջեի ծախսերի մասով, անհամաձայնություններ չկան, բյուջեի մսխումներ` առավել եւս. «Եթե գումար չկա, չի կարա մսխվի: Մեր խնդիրն ա, որ մեր քաղաքը, որպես առողջարանային տուրիզմի կենտրոն, պատշաճ վիճակում պահվի: Ի՞նչն ա մսխվում: Մենք պայքարում ենք, ամեն ինչ անում ենք, որ քաղաքում չխաթարվի տուրիզմի զարգացումը, համահունչ գնում ենք»: Քաղաքապետը համեստորեն չցանկացավ պատասխանել հարցին` ինքը գո՞հ է իր ներդրած ջանքերի արդյունքներից, ներդրումներն ու արդյունքներն է՞լ են համահունչ: Ասաց` թող Ջերմուկի բնակիչներն ու զբոսաշրջիկներն ասեն:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
31.10..2015

Հ. Գ. Այս հրապարակմանն արձագանքել է ՀՀ քաղաքաշինության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Եսայանը. «Հայտնում եմ, որ «1500 հատ լամպուշկա ենք վառում» հոդվածի մեջ բարձրաստիճան պաշտոնյաների և գործարարների անունների մեջ նշելով ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի անունը, ոչ ճիշտ տեղեկատվություն է տարածվել: Լինելով ծնունդով Ջերմուկ քաղաքից, Հայաստանի քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն այնտեղ որևէ անձնական գույք չունի՝ ոչ տուն, ոչ օբյեկտ ոչ էլ՝ հողատարածք: Ասել է, թե նման տվյալ հնարավոր չէր ստանալ որևէ պաշտոնական աղբյուրից, իսկ «ըսի ըսավ»-ի հանգով տեղեկատվություն փոխանցելը կարծում եմ, վայել չէ Էթիկայի վարքականոններ սահմանած և մեդիագրագիտության հարցերի նկատմամբ չափազանց զգայուն «Առավոտ» օրաթերթին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Նարեկ says:

    Վստահ եմ, որ Նարեկ Սարգսյանը Ջերմուկում գույք ունի, իր անունով չէ, այլ` քեռու տղայի կամ քավորի աղջկա:

    Ամենակարեւորը: Կառավարոսւթյունն ասում է Ջերմուկի քաղաքային իշխանությունը հնարավորություն չի ունեցել սեփական միջոցների հաշվին սահմանված ժամկետներում ապահովել վերոնշյալ վճարումները, մարել նախորդ տարիներին առաջացած պարտքերը, իսկ Ջերմուկի քաղաքապետն ասում է գումարը հավաքել եմ բայց քիչ էր: Հիմա ո՞վ է սուտ խոսում:

  2. Անահիտ says:

    Վստահությունը փաստ է պահանջում, ձեր մտածողությունը և վստահությունը կարծրատիպային է, ինչը ոչ հիմք է, ոչ էլ փաստ: Փաստեր բերեք, իսկ սուտը փնտրեք այլ տեղ…

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30