Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Քաղաքական քայլ պետք է անենք»

Նոյեմբեր 02,2015 16:00

Քաղաքագետը նշում է, որ մենք պետք է առիթից օգտվենք

Վրաստանի կառավարությունը շարունակում է իր երկիր գազի ներմուծման ճանապարհի փնտրտուքները: Ռուսական «Գազպրոմի» հետ բանակցություններին զուգահեռ՝ Վրաստանը քննարկում է իրանական գազի ներմուծման հարցը: Չի բացառվում, որ Իրանից Վրաստան գազը հասնի Հայաստանով:

Մինչ այս հարցերը քննարկվում են՝ Հայաստանի նախագահն այս օրերին պաշտոնական այցով Վրաստանում է: Ըստ տարածված պաշտոնական հաղորդագրության՝ երկու երկրների նախագահները քննարկել են տնտեսական զարգացման փոխշահավետ ծրագրեր: Իրան-Հայաստան-Վրաստան գազամուղի հնարավոր անցկացման մասին դեռ ոչինչ չի ասվում:

«Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» խորհրդի նախագահ Ստեփան Գրիգորյանը, հաշի առնելով այս զարգացումները, նշում է, որ շատ հարմար պահ է առիթից օգտվելու եւ արագ գործելու համար. Իրանը ցանկանում է Հայաստանի հետ աշխատել, Վրաստանի հարաբերություններն էլ «միջին մակարդակի» են, սա արդեն նախկին հարաբերությունները չունի Ադրբեջանի հետ, եւ բացի այդ՝ Հայաստանից գազամուղը ավելի կարճ ճանապարհով է մտնելու Վրաստան, քան Ադրբեջանով:

«Հիմա շատ բան է կախված մեզանից: Քաղաքական քայլ պետք է անենք: Մենք, կոպիտ ասած, պետք է ցույց տանք՝ պատրա՞ստ ենք, մենք սուվերե՞ն ենք, ինքնուրույն որոշում կարո՞ղ ենք կայացնել»,- ասում է պարոն Գրիգորյանը եւ նշում, որ գազամուղի անցկացման հետ կապված տեխնիկական խնդիրներ չկան, մի քանի ամիսների ընթացքում այն հնարավոր է արագ անցկացնել, միակ խանգարող գործոնը կարող է լինել Ռուսաստանը: «Ռուսաստանինն է վերջին խոսքը, Հայաստանը լսում է նրան,- նշում է նա եւ ավելացնում:- Եթե Վրաստանը շարունակում է բանակցություններ վարել նաեւ «Գազպրոմի» հետ, շատ ուրախ եմ, ուրեմն շանս կա: Իրոք շանս կա, պետք չի կորցնել: Այդ գազամուղը կարող է անցնել Ադրբեջանով, կարող է անցնել Հայաստանով: Այստեղ պետք է շատ օպերատիվ աշխատել: Եթե մի գազամուղը Ադրբեջանով մտնի Վրաստան, հետո Թուրքիա, հետո Եվրոպա, էլ երկրորդ գազամուղ չի լինելու»:

Պարոն Գրիգորյանը նշում է, որ մենք քաղաքական կամք պետք է դրսեւորենք բանակցելու ե՛ւ Վրաստանի հետ, ե՛ւ «Գազպրոմի»: «Ռուսաստանը խանդով է ընդունում Հայաստանի՝ այլ գործընկերների հետ աշխատանքը: Պետք է Հայաստանը կարողանա համոզել «Գազպրոմին»,- ասում է մեր զրուցակիցը՝ նշելով, որ եթե հարկ լինի, պետք է պայքարենք:- Պետք է անենք այնպես, ինչպես արեցինք լույսի թանկացման ժամանակ: Ռուսական ընկերությունը ճիշտ չօգտագործեց ռեսուրսները, դժգոհություն առաջացավ, եւ ստիպված եղան վաճառել: Եթե այսօր «Գազպրոմը», որ շատ մեծ դեր ունի Հայաստանում, ճիշտ չպահի իրեն, պետք է բողոքներ լինեն, եւ կստիպենք, որ իրենք հրաժարվեն գազային համակարգից: Բայց ավելի ճիշտ ճանապարհ է, որ Հայաստանի իշխանությունները բանակցություններ վարեն»,- ասում է Ստեփան Գրիգորյանը՝ կարծելով, որ այդ դեպքում «Գազպրոմը» դեմ չի լինի, որ մենք տարածենք գազը Իրանից դեպի Վրաստան, հետո Թուրքիա եւ Եվրոպա:

Այս գործարքից, ըստ քաղաքագետի՝ Հայաստանը տնտեսական առումով կշահի: «Հայաստանի համար արդյունքը շատ մեծ կլինի: Այդ գազը եւ մենք կտարածենք, եւ դրանից գումար կստանանք. բյուջե կմտնի 100 կամ 200 մլն դրամ, բայց ամենակարեւորը, որ մենք կմտնենք այդ միջազգային խաղի մեջ»,- ասում է պարոն Գրիգորյանը:

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
31.10..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30