Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ վերջին 4 ամիսների ընթացքում 5 անգամ եւ 2 անգամ էլ (վերջինը՝ հոկտեմբերի 26-ին) Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարան Գեւորգ Անդրեասյանի վերակենդանացման կանչով հրավիրվել են շտապօգնության բրիգադներ: Բազմաթիվ հիվանդություններով տառապող կալանավոր Գեւորգ Անդրեասյանը հացադուլ է հայտարարել: Նրա պաշտպանությունն իրականացնում են պաշտպաններ, ՀՀ փաստաբանների պալատի անդամներ Լիպարիտ Սիմոնյանն ու Խաչատուր Խաչատրյանը:
Կալանավորի կողմից նման ծայրահեղ քայլին դիմելը պայմանավորված է իր նկատմամբ տեւական ժամանակ շարունակվող իրավունքների ու շահերի ոտնահարումներով:
2013թ. հոկտեմբերի 13-ին ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երեւան քաղաքի ՔՎ Նոր Նորք քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Անցյալ տարվա մարտի 22-ին նա ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է:
Առաջադրվել է մեղադրանք՝ հետեւյալ ձեւակերպմամբ, որ «Գ. Անդրեասյանը 2013թ. ամռան սկզբին Երեւան քաղաքի Մ. Խորենացի փողոցում Մարի Թորոսյանի միջոցով՝ առանց իրացնելու նպատակի, Կիրակոս Չելեբյանից 160.000 ՀՀ դրամի դիմաց ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափի՝ 2 գրամ, մեթամֆետամին տեսակի թմրամիջոց»:
Երեւան քաղաքի քննչական վարչության ԾՀՔ բաժնի ավագ քննիչ Ա. Մանուկյանը միջնորդություն է հարուցել Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին՝ մեղադրյալ Գ. Անդրեասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին: Պաշտպանական կողմի տեղեկացմամբ, ինչպես կալանքը որպես խափանման միջոց կիրառելու, այնպես էլ Գ. Անդրեասյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու հիմքում դրված է բացառապես մեկ անձի՝ Մարի Թորոսյանի ցուցմունքը, որի հետ, ըստ գործի նյութերի, Գեւորգը գտնվում է լարված, ավելին՝ «թշնամական հարաբերությունների մեջ»:
Լարվածության հիմքում դրված է Մարի Թորոսյանի ցուցմունքը, համաձայն որի՝ Գ. Անդրեասյանը իբր 2 տարի առաջ կասկածել է իր ավտոմեքենան փախցնելու մեջ: Լիպարիտ Սիմոնյանն «Առավոտի» հետ զրույցում տեղեկացրեց, որ այդ կապակցությամբ հարուցվել է մեկ այլ՝ թիվ 12158912 քրեական գործը: «Մ. Թորոսյանը «հանկարծ հիշել է», որ իբր իր օգնությամբ Գ. Անդրեասյանը թմրամիջոց է գնել Կ. Չելեբյանից, ապա նաեւ Երեւանի ՔՎ ԾՀՔ բաժնում հարուցվել է զավեշտալի թիվ 17804513 գործը, իբր Գ. Անդրեասյանի դրդմամբ Մ. Թորոսյանը տվել է սուտ ցուցմունք՝ կատարելով սուտ մատնություն: Ուշադրության է արժանի նաեւ այն, որ Մ. Թորոսյանից ստացված փորձանմուշներում հայտնաբերվել են կանաբիոդների խմբի թմրամիջոցների մեթամֆետամինների խմբի մետաբոլիդներ, իսկ Գ. Անդրեասյանի փորձանմուշներում մեթամֆետամինների խմբի մետաբոլիդներ չեն հայտնաբերվել»,-ասում է Լ.Սիմոնյանը: Գործի նյութերում առկա է նարկոլոգիական փորձաքննության եզրակացությունը, որի համաձայն, Մարի Թորոսյանի մոտ ախտորոշվել է «Կախվածության համախտանիշ»:
Հացադուլավորի պաշտպանների տեղեկացմամբ, նշված 2 գրամի մասին ցուցմունքներն անգամ հակասական են, քանի որ Մ. Թորոսյանը մի ցուցմունքում նշել է մոտ 2 գրամ, մեկ այլում՝ թե գնված թմրամիջոցը կշռվել է, պարզվել է, որ մի քիչ պակաս է, երրորդ ցուցմունքում՝ որ թմրամիջոցը չի էլ կշռվել եւ այլն. «Իբրեւ Կ. Չելեբյանից վերցված եւ իբր Գ. Անդրեասյանին փոխանցված փաթեթների ոչ միայն քաշը, այլ անգամ պարունակությունը որոշվել է Մ. Թորոսյանի կարծիք-ենթադրությամբ, քանի որ նա նշելով, որ պարունակությունը չի ստուգել, զուտ ենթադրություն է կատարում, որ նշված փաթեթների մեջ մեթամֆետամին է եղել»: Հացադուլավորն իր հերթին ասել է, որ մեկ այլ քրեական գործով մեղադրողը նույն անձն է եղել, ինչ իր գործով մեղադրողը: Խոսքը թմրամիջոցի ապօրինի շրջանառության համար ամբաստանվող Ռ. Օրուջյանի գործի մասին է, որը ցուցմունք է տվել Մ. Թորոսյանի կողմից Իրանից մոտ 22-24 գրամ «Մեթամֆետամին» տեսակի եւ «Հաշիշ» տեսակի թմրամիջոցներ ներկրելու մասին, սակայն նշված ցուցմունքը անտեսվել է:
Նկատենք, որ թմրամիջոցը ոչ թե երկու գրամ է, ինչի արդյունքում կալանավորվել է Գեւորգ Անդրեասյանը, այլ՝ ըստ էության, առանձնապես խոշոր չափի՝ 22-24 գրամ:
Հացադուլավորը, համաձայն արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի 2014թ. հունիսի 19-ի տեղեկանքի, բժշկական հետազոտությունների է ենթարկվել: Արդյունքում ախտորոշվել է սրտի իշեմիկ հիվանդություն, լարման ստենոկարդիա, զարկերակային հիպերտենզիա 3-րդ աստիճանի՝ բարձր ռիսկ: Իսկ միջգերատեսչական բժշկական փորձաքննության եզրակացության համաձայն, առ 01. սեպտեմբերի 2014թ. Գ. Անդրեասյանը տառապում է զարկերակային հիպերտենզիա 2-րդ աստիճան, հիպերտոնիկ էնցեֆալոպատիա, հիպերտոնիկ սիրտ հիվանդություններով: Ըստ էության, թերեւս վերջին՝ հոկտեմբերի 16-ի «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի գրության համաձայն, Գ. Անդրեասյանի մոտ արդեն ախտորշվել են անկայուն ստենոկարդիա, զարկերակային հիպերտենզիա 3, կրիզային ընթացք, արյան շրջանառության անբավարարություն, մկանային լարվածության գլխացավեր Պաշտպանների գնահատմամբ՝ հացադուլավորի մոտ առկա են զարգացող եւ քանակապես ավելացող նոր հիվանդություններ, որոնցից հատկապես «անկայուն ստենոկարդիան» սպառնում է նրա կյանքին:
Կարդացեք նաև
Ի դեպ, տեղեկացնեմ, որ Անդրեասյանը ընտանիքի միակ կերակրողն է եւ նրա խնամքին են գտնվում թոշակառու եւ ծանր հիվանդ ծնողները՝ թոշակառու մայրը, որը 2-րդ կարգի հաշմանդամ է, ներկայումս ծանր վիճակում է գտնվում հայրը, որի մոտ ախտորոշված են սրտի իշեմիկ հիվանդություն, կարդիոմիոպաթիա, 2-րդ աստիճանի զարկերակային հիպերտենզիա, շաքարային դիաբետ տիպ: Վերջինիս առողջական վիճակը կտրուկ վատացել է՝ կապված սրտի ռիթմավար սարքի ժամկետի ավարտման հետ եւ անհրաժեշտություն է առաջացել մոտակա 45 օրվա ընթացքում կատարել նոր սարքի իմպլանտացիա: Այն արժե 4. 900. 000 դրամ:
Լիպարիտ Սիմոնյանն ու Խաչատուր Խաչատրյանը հղում են արել ՀՀ կառավարության 26 մայիսի 2006 թվականի N 825-Ն որոշման թիվ 2 հավելվածին, որով սահմանված է պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկը, որոնցում նշված են այն հիվանդությունները, որոնք առկա են ամբաստանյալ Գ. Անդրեասյանի մոտ: Նման պայմաններում Գ. Անդրեասյանը դեռեւս շարունակում է կալանքի տակ պահվել:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
31.10..2015