«Քաղաքացիական հասարակություն ինստիտուտ» հ/կ նախագահ Արման Դանիելյանի խոսքով, դատապարտյալների՝ պայմանական վաղաժամկետ ազատման համակարգը Հայաստանում չի գործում: Արման Դանիելյանի տվյալներով, հիմա պայմանական վաղաժամկետ ազատվողների թիվը հինգ տոկոսից քիչ է: 2013-ին վաղաժամկետ ազատվել է 226 անձ , 2014-ին՝ 184:
«Այս ոլորտում բարեփոխումներ չեն արվում, չնայած անընդհատ խոստումներ ենք լսում, թե օրենքի նախագիծ կլինի, շուտով մի բան կփոխվի»,- այսօր «Մեդիա» կենտրոնում ասաց Արման Դանիելյանը:
Պարոն Դանիելյանը հիշեցրեց, որ մինչեւ 2006-ը համակարգը երկաստիճան էր, քրեակատարողական համակարգը որոշում էր կայացնում անձին ազատման ներկայացնելու մասին, ներկայացնում էր դատարան ու դատարանով էր որոշվում ազատ կարձակվի, թե՝ ոչ. «Այնուհետեւ կարծիք կար, որ համակարգը կոռումպացված է ու որոշվեց միջանկյալ օղակ ստեղծել՝ անկախ հանձնաժողովը, որը բաղկացած է տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներից, ընդգրկված են նաեւ ՄԻՊ-ի գրասենյակից: Այս համակարգը ներդնելուց հետո պայմանական վաղաժամկետ ազատ արձակվողների թիվը կտրուկ նվազեց: Անկախ հանձնաժողովի որոշումները բողոքարկման ենթակա չեն, որոշումն ընդունվում է քվեարկությամբ ու հասկանալի չէ ՝ ինչ չափորոշիչով են որոշում, ներքին ձայնո՞վ են քվեարկում, որովհետեւ որոշման չափանիշ տրված չէ»:
Հ/կ-ի նախագահի խոսքով, պետք է դատապարտյալի պատժի կրման պլան գործի, դատապարտյալների հետ ուղղման աշխատանքներ պետք է տարվեն. «Ինչպե՞ս ենք որոշում նա պատրաստ է ազատ արձակվել, թե՝ ոչ: Այստեղ է խնդիրն անլուծելի, որովհետեւ որեւէ օբյեկտիվ չափորոշիչներ դրված չեն»:
Կարդացեք նաև
ԱՆ ներկայացուցիչ Հովհաննես Մարգարյանն էլ ասաց, դատապարտյալների հետ սոցիալական, հոգեբանական աշխատանքներ են տարվում, սահմանված են նախարարի՝ 2008 թվականի որոշմամբ: Նա վստահեցրեց, որ դատապարտյալի հետ ուղղման աշխատանքներ տարվում են հատուկ ծրագրով. «Չեմ ուզում ասել, որ ծրագիրը հարյուր տոկոսով աշխատում է, բայց չեմ էլ կարող բացառել, որ չի աշխատում: Այս ծրագրի հիման վրա էլ ամեն եռամսյակ կատարվում է դատապարտյալի վարքի գնահատում: Գնահատվում է երեք չափորոշիչով՝ ցածր, միջին, բարձր»:
ԱՆ փորձագետն ասաց, որ վարքի գնահատումից հետո կազմվում է դատապարտյալի բնութագիրը, որն էլ հաշվի առնելով՝ դատապարտյալը պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվում, կամ՝ ոչ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ