Լրահոս
Օրվա լրահոսը

«Հասկացա, որ «պահանջվում է աշխատող» հայտարարությունն արտադրամասի հիմնելուց եղել է եւ միշտ էլ լինելու է»

Նոյեմբեր 02,2015 14:30

«Գնացե՛ք, կզանգահարենք…», «Թողե՛ք ձեր տվյալները, կկապվենք Ձեզ հետ…». աշխատանքի դիմողների համար սրանք պետք է որ ծանոթ արտահայտություններ լինեն: Երբ ցանկանում եք աշխատանքի ընդունվել, նախ պահանջում են փորձաշրջան անցնել, այնուհետ որոշեն՝ համապատասխանո՞ւմ եք նրանց պահանջներին, թե՞ ոչ:
Մեր հերոսուհին եւս աշխատանքի ընդունվելուց առաջ անցել է նախատեսված փորձաշրջանը, բայց չի վճարվել դրա համար, իսկ որոշ դեպքերում փորձաշրջանից հետո չի ընդունվել աշխատանքի՝ իբրեւ հիմնական աշխատող:

Տաթեւը 20 տարեկան է: Առաջին անգամ 17 տարեկանում է բախվել աշխատանքի ընդունվելու եւ փորձաշրջան անցնելու խնդիրներին: Առաջին անգամ, նախքան աշխատանքի ընդունվելը, երկու օր փորձաշրջան է անցել «Ռոսիա» տոնավաճառի խանութներից մեկում: Խանութի տնօրինությունը սկզբից նշել է՝ փորձաշրջանը չի վճարվում: Երկու օր աշխատելով՝ հաստատվել է աշխատանքի ընդունումը: Խնդրել են հեռախոսահամարը թողնել՝ հստակ ժամը տեղեկացնելու համար: Բայց այդպես էլ չեն զանգահարել:
«Ամեն փորձաշրջան անցնելիս մանրամասն հարցնում էի պայմանները՝ վճարվելո՞ւ է, թե՝ ոչ, քանի՞ օր է տեւելու: Այս տարիների ընթացքում աշխատանքի համար մոտ տասը տեղ եմ դիմել, բոլորում էլ փորձաշրջան անցել: Փորձաշրջանի համար միայն մեկ տեղ են վճարել: Փորձաշրջաններն անցնելով, չվճարվելով, նրանց սպասելով, հասկացա՝ պարզապես օգտագործում են: Քանի որ մինչ աշխատանքի ընդունվելը, պարտադիր պայման է փորձաշրջան անցնելը, ստիպված անվճար աշխատում էի: Լավ է, որ տասը խանութներից հինգից կանչել են աշխատանքի»,-պատմում է մեր զրուցակիցը՝ ասելով, որ փորձաշրջաններից մեկում 50 հազար դրամի ապրանք է վաճառել, բայց նույնիսկ մի կոպեկ չի ստացել:

Իսկ 44-ամյա տիկին Սվետան իր վերջին փորձաշրջանն անցել է հրուշակեղենի արտադրամասերից մեկում՝ որպես հրուշակագործի օգնական: Ինչպես նա է ասում՝ այնտեղ ե՛ւ օգնական էր, ե՛ւ հավաքարար, ե՛ւ ափսե լվացող:

«Իբրեւ փորձաշրջան էր, տասը ժամ իրենց հետ հավասար աշխատել եմ: Ո՛չ գումար տվեցին, ո՛չ թույլ տվեցին այդ երկու օրերի ընթացքում մեկ րոպե նստել: Հենց ցանկանում էի հանգստանալ, մեկ ուրիշ աշխատանք էին տալիս, որը իմ աշխատանքային պարտավորությունների մեջ չէր մտնում: Հետո հասկացա, որ «Պահանջվում է աշխատող» հայտարարությունն արտադրամասի հիմնելուց եղել է եւ միշտ էլ լինելու է: Նրանք ձրի աշխատուժ են ման գալիս, հենց փորձաշրջանի օրերն անցնում են, ասում են՝ հետո կզանգահարենք, բայց ո՛չ զանգում են, ո՛չ էլ այդ հայտարարությունը հեռացնում»,- ասում է տիկին Սվետան: «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը ներկայացրել է փորձաշրջան անցնելու իրավական կարգավորումը: ՀՀ աշխատանքային օրենսգրքի 91-93-րդ հոդվածներով փորձաշրջանը սահմանվում է աշխատանքային պայմանագրի կնքման կամ աշխատանքի ընդունման մասին հրաման ընդունելու ժամանակ՝ կողմերի համաձայնությամբ:

Փորձաշրջան կարող է սահմանվել գործատուի ցանկությամբ՝ նախատեսված աշխատանքին (պաշտոնին) աշխատողի համապատասխանությունը ստուգելու նպատակով, կամ աշխատանքի ընդունվողի ցանկությամբ: Փորձաշրջանի պայմանները պետք է սահմանվեն աշխատանքային պայմանագրով: Եթե փորձաշրջանի ընթացիկ արդյունքները բացասական են գնահատվում, ապա աշխատողը կամ գործատուն (կապված այն հանգամանքից՝ ով է նախաձեռնել փորձաշրջանը) իրավունք ունի լուծելու աշխատանքային պայմանագիրը՝ այդ մասին երեք օր առաջ գրավոր ձեւով ծանուցելով մյուս կողմին: Աշխատողը պետք է հստակ իմանա, որ փորձաշրջանը սահմանվում է մինչեւ 3 ամիս՝ առանց երկարաձգման իրավունքի: Այդ ժամանակահատվածը չի ներառում աշխատողի բացակայության այն ժամանակահատվածը, որոնք օրենքով համարվում են թույլատրելի (հարգելի) բացակայություններ, օրինակ՝ արձակուրդի, ժամանակավոր անաշխատունակության, գործադուլի եւ այլ ժամանակահատվածներ: Կան որոշ կատեգորիաներ, որոնց դեպքում փորձաշրջանն արգելվում է, մասնավորապես՝ եթե աշխատանքի են ընդունվում 18 տարին չլրացած անձինք, ընտրովի պաշտոն զբաղեցնողները, ինչպես նաեւ պաշտոնի նշանակման համար որակավորման քննություններ հանձնած անձինք, գործատուների փոխադարձ համաձայնությամբ այլ աշխատանքի փոխադրվող անձինք:

Նշված դեպքերում աշխատողն իրավունք ունի հրաժարվել փորձաշրջանի պայման նախատեսող աշխատանքային պայմանագիրը ստորագրելուց եւ գործատուից պահանջել՝ հանել այդ պայմանը:

Իրավաբանը նշում է, որ ամենատարածված խախտումը փորձաշրջանի բանավոր համաձայնությունն է, որը կատարվում է կա՛մ առանց պայմանագիր կնքելու, կա՛մ կնքվում է «նախնական» փորձաշրջանի պայմանագիր, հետագայում «հիմնական» պայմանագիր կնքելու պայմանով, ինչը եւս օրենքի խախտում է: Փորձաշրջան անցնելիս պետք է հիշել՝ այն նույն աշխատանքն է, նույն իրավունքներով, պարտականություններով եւ վճարման կանոններով:

ԴԻԱՆԱ ՂԱԶԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
31.10..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30