Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հոբելյանի առիթով նախատեսված է շքեղ համերգ՝ անակնկալներով»

Նոյեմբեր 02,2015 14:00

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն
Ռուզաննա Սիրունյանն առայժմ ձեռնպահ է մնում «փակագծեր» բացելուց

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (ՀԱՖՆ) հոկտեմբերի 28-ին ավարտեց սեպտեմբերի 10-ին մեկնարկած, 9-րդ անգամ անցկացվող Երեւանյան միջազգային երաժշտական փառատոնը, որի գեղարվեստական ղեկավարներն են դիրիժոր Էդուարդ Թոփչյանը եւ բրիտանաբնակ թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանը: Փառատոնային ծրագրերը հագեցած էին. կայացան 8 սիմֆոնիկ եւ 6 կամերային համերգներ, մասնակցությամբ հայաստանցի եւ հրավիրյալ արտիստների, այդ թվում՝ հանրաճանաչ երեժիշտների՝ ջութակահարներ Վադիմ Ռեպինի (Ռուսաստան), Ակիկո Սուվանայի (Ճապոնիա), դաշնակահար Բարրի Դուգլասի (Իռլանդիա), գալարափողահար Ռադեկ Բաբորակի (Չեխիա), մեր հայրենակիցներ, ալտահար Քիմ Քաշքաշյանի (ԱՄՆ), ջութակահար Անի Կավաֆյանի, ջութակահար եւ ալտահար Իդա Կավաֆյանի, ջութակահար Լեւոն Չիլինկիրյանի (Մեծ Բրիտանիա) եւ մյուսների:

«Առավոտի» հետ զրույցում նվագախմբի տնօրեն Ռուզաննա Սիրունյանը կայացած համերգներից բացի, կարեւորեց հրավիրյալ 10 մենակատարների կողմից վարպետության դասերի անցկացումը, հատուկ նշեց, որ, իր խոսքերով՝ ինչպես նախորդ, այնպես էլ այս փառատոնային երեկոներին անվանի երաժիշտների թվում չենք մոռանում մեր երիտասարդ երաժիշտներին, օրինակ, այս անգամ հրավիրել էինք Չայկովսկու անվան մասնագիտական երաժշտական դպրոցի սան Սոֆյա Վարդանյանին, իսկ փառատոնի եզրափակիչ համերգը նվիրված էր կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ծննդյան 75-ամյակին: Մեր զրուցակիցը հավելեց, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի շջանակներում անցկացված փառատոնը «Հիշում եմ եւ պահանջում» խորագրով իրականացվել է ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո եւ մշակույթի նախարարության աջակցությամբ:

Դիտարկմանը, թե ոչ միայն իրենց, այլեւ հայաստանյան փառատոներին հաճախ կրկնվում են հրավիրյալ երաժիշտները, մինչդեռ ցանկալի կլիներ ծանոթանալ առաջին անգամ Երեւան ժամանած արտիստների հետ, տիկին Սիրունյանը նախ փաստեց, թե առաջին անգամ այս փառատոնին իրենց մասնակցությունն են բերել իսկապես բարձրակարգ երաժիշտներ, կլարնետահար Վենցել Ֆուքսը (Գերմանիա), դաշնակահար Բարրի Դուգլասը (Իռլանդիա), ջութակահար Ակիկո Սուվանայը (Ճապոնիա), թավջութակահար Քսավիեր Ֆիլիպսը (Ֆրանսիա) եւ այլն: Հետո էլ ասաց. «Իսկապես ունեցել ենք եւ կունենանք, ձեր խոսքերով՝ կրկնվող անուններ: Նախ՝ այդ անունները ցանկալի հյուր են աշխարհի տարբեր հեղինակավոր նվագախմբերի կողմից: Ընդամենը մեկ օրինակ՝ ամերիկաբնակ ալտահար Քիմ Քաշքաշյանի հյուրախաղային գրաֆիկը կազմվում է շուրջ երկու տարի առաջ: Հետո՝ մեր ունկնդրին ծանոթ անունները հանդես են գալիս նոր ծրագրով, հաճախ պրեմիերաներով, եւ երրորդ՝ գոնե իմ աշխատանքային փորձից ելնելով, մեր լսարանը մի տեսակ սովորույթ ունի արդեն իր ճանաչած արտերկրից ժամանած երաժշտին ավելի ջերմ ընդունելու»:

Հիշեցրինք, որ այս փառատոնը նվիրված էր նաեւ իրենց՝ Ֆիլհարմոնիկի հիմնադրման 90-ամյակին եւ հետաքրքրվեցինք՝ մինչեւ տարեվերջ հատուկ միջոցառում նախատեսվա՞ծ է այդ առիթով: «Իհարկե, առանց փակագծեր բացելու միայն կասեմ, որ դեկտեմբերի 11-ին նվագախմբի հոբելյանի առիթով նախատեսված է շքեղ համերգ՝ անակնկալներով»,- հայտնեց տնօրենը: Ասաց նաեւ, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հանրայնացման առաքելությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկը մինչեւ տարեվերջ ելույթներ կունենա Լեհաստանում եւ Գերմանիայում: Հավելենք, որ այս տարին նվագախմբի համար առանձնահատուկ էր նաեւ հյուրախաղերի իմաստով: Հանրապետության թիվ 1 նվագախումբը տարեսկզբից ելույթներ է ունեցել Սկանդինավյան երկրներում, ԱՄՆ-ում, Մեքսիկայում եւ Բեյրութում:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարում` Ռուզաննա Սիրունյանը՝ կենտրոնում,
Անի (ձախից) եւ Իդա Կավաֆյանների հետ:

«Առավոտ» օրաթերթ
31.10..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30