Լրահոս
Օրվա լրահոսը

Խաչատրյանական փառատոնը Հայաստանում առաջին անգամ ներկայացրեց Ջակոմո Պուչինիի, Նինո Ռոտայի, Ֆերդինանդ Դավիդի գործերը

Նոյեմբեր 02,2015 12:44

Խաչատրյանի անվան 3-րդ միջազգային փառատոնը հայ երաժշտասերին է ներկայացնում բազմաթիվ պրեմիերաներ։ Հոկտեմբերի 31-ին պրեմիերաները միանգամից երեքն էին. առաջին անգամ Հայաստանում ներկայացվեցին Ջակոմո Պուչինիի Սիմֆոնիկ պրելյուդը, Նինո Ռոտայի Ֆագոտի կոնցերտը (մենակատար՝ Նիկոլայ Պողոսյան (ֆագոտ), Ֆերդինանդ Դավիդի Կոնցերտինո տրոմբոնի և նվագախմբի համար (մենակատար՝ Վահրամ Դավթյան (տրոմբոն)։ Երեկոյի ընթացքում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը կատարեց նաև Պյոտր Չայկովսկու Սիմֆոնիա թիվ 5-ը։ Երիտասարդական նվագախմբի նվագակցությամբ հանդես եկան նվագախմբի մենակատարները։ Համերգը ղեկավարում էր դիրիժոր Միրան Վոպոտիչը (Խորվաթիա)։

Դիրիժոր Միրան Վոպոտիչը, խոսելով Երիտասարդական նվագախմբի հետ համագործակցության մասին, նշում է, որ երբ ժամանում էր Հայաստան, չէր սպասում, թե նման լավ նվագախմբի կհանդիպի. «Սա այն եզակի կոլեկտիվներից է, որտեղ մարդիկ իսկապես նվագում են հուզումնալից ու կրքոտ, ինչը ոչ բոլոր նվագախմբերին է բնորոշ։ Երևում է՝ նրանք իրապես սիրում են իրենց աշխատանքը։ Նվագում են՝ զգալով միմյանց։ Ինչ նրանք անում են, նվիրված է երաժշտությանը»։ Մաեստրո Միրան Վոպոտիչը ղեկավարել է Եվրոպայի, ԱՄՆ-ի, Լատինական Ամերիկայի, Ասիայի և Միջին Արևելքի բազում նշանավոր նվագախմբեր։ Արժանացել է բազմաթիվ մրցանակների, այդ թվում՝ 2015 Global Music Award-ի և IARTAS GOLDEN Fortune-ի։ Մ.Վոպոտիչը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու և Ռիկարդո Մուտիի նախագահության ներքո գործող EMMA for Peace (Եվրո-միջերկրածովյան երաժշտության ակադեմիա) կազմակերպության միջազգային դեսպաններից է։

LUS_8289

Ֆագոտահար Նիկոլայ Պողոսյանը նկատում է, որ Նինո Ռոտան, որի գործն ինքը կատարել է երեկոյի ընթացքում, հանրությանը հայտնի է որպես կինոնկարների համար գրված երաժշտության հեղինակ։ Սակայն նա ստեղծագործել է նաև ակադեմիական ժանրում։ Ունի սիմֆոնիաներ, տարբեր գործիքների համար գրված կոնցերտներ։ Նիկոլայ Պողոսյանն ասում է, որ Նինո Ռոտայի Ֆագոտի կոնցերտն այնքան էլ հաճախ չի հնչում։ Ֆագոտահարն ընդգծում է, որ նոր ստեղծագործություններ կատարելն իր համար հետաքրքիր է, քանի որ դրանցով ավելի շատ նոր բան կա ասելու, բացի այդ, երաժշտի առաքելություններից է ունկնդրին ծանոթացնել նաև հազվադեպ կատարվող գործերի հետ ու զարգացնել ճաշակը։  Նշենք, որ Նիկոլայ Պողոսյանը Էմին Խաչատրյանի անվան կամերային անսամբլների հանրապետական մրցույթի հաղթող է։ 2011-ին Բեռլինում մասնակցել է Young Euro Classic փառատոնի «Հարավային Կովկաս» ծրագրին՝ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի և Գերմանիայի երաժիշտների հետ Բեռլինի Կոնցերտհաուս համերգասրահում կատարելով Բեթհովենի սեպտետը և Մոցարտի դաշնամուրային կվինտետը։ 2006թ. առաջին անգամ կատարել է Է. Հայրապետյանի սոնատը՝ գրված ֆագոտի և դաշնամուրի համար։

Տրոմբոնահար Վահրամ Դավթյանը Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի տրոմբոնահարների կոնցերտմայստերն է։ Վ. Դավթյանը նվագախմբերի կազմում և որպես մենակատար համերգներով հանդես է եկել Հայաստանում, ԱՄՆ-ում, Եվրոպայում, Ասիայում։

Հիշեցնենք, որ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո։ Երաժշտական այս տոնահանդեսը կյանքի է կոչել Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գլխավոր գործընկեր՝ ՎիվաՍելլ-ՄՏՍ)՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։ Փառատոնի գործընկերներն են «Փյունիկ» բարեգործական հիմնադրամը, «Լուդինգ», «Ջերմուկ գրուպ» ընկերությունները, «Անի պլազան»։

Հոկտեմբերի 31-ի համերգի տեսագրությունը

 Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբ        

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30