Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագիծ՝ Ճամբարակի դպրոցականների համար

Նոյեմբեր 02,2015 13:30

Այս տարվա սեպտեմբերից Հայաստանում իրականացվում է Գյոթեի ինստիտուտի Վրաստանի ներկայացուցչության կողմից կազմակերպված «Միավորվենք հանուն կայուն զարգացման» ծրագիրը, որի շրջանակներում դպրոցներում իրականացվում են տնտեսական, բնապահպանական կամ սոցիալական ուղղվածությամբ միջոցառումներ:

Հարավային Կովկասում ընտրվել են 12 դպրոցներ, որոնցից երեքը՝ Հայաստանում: Այդ դպրոցներից են Ճամբարակի ավագ դպրոցն ու Ճամբարակի թիվ 1 հիմնական դպրոցը: Ընտրված դպրոցներում նախագծի իրականացման գործում ուսուցիչներին եւ աշակերտներին աջակցելու համար Ավստրիայից Հայաստան են ժամանել Վիեննայի գյուղատնտեսության եւ բնապահպանության մանկավարժական ինստիտուտի ուսանողներ: Նրանք արդեն մեկ շաբաթ է, ինչ գտնվում են Ճամբարակում եւ աշակերտների, ուսուցիչների հետ միասին ներկայացնում իրենց կատարած աշխատանքները: Ավագ դպրոցում նախագծի համակարգող, գերմաներենի ուսուցչուհի Ալինա Սամսոնյանն անդրադառնալով նախագծին՝ նշեց, որ սա երեխաներին ինչ-որ գաղափարների, նպատակների շուրջ համախմբելու շատ լավ հնարավորություն է. «Նախագծի մեկնարկից հետո ավագ դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները որոշեցին դպրոցի հարակից տարածքում ծառատունկ իրականացնել եւ փոքրիկ այգի տնկել: Բայց, քանի որ այդ տարածքը ամբողջությամբ պատված էր աղբով, հողը պիտանի չէր ծառատունկի համար: Աղբահանությունից հետո աշակերտներն ավելի լավ որակի հող բերեցին այգու համար: Որպես ցանկապատ օգտագործեցին Ճամբարակի տարածքով հոսող Գետիկ գետի ափից հավաքված անվադողեր: Այդպիսով նրանք մաքրեցին նաեւ գետի հարակից տարածքը»:

Այս շաբաթ նախատեսվում է իրականացնել նաեւ երեխաների կողմից ներկայացված բնապահպանական թեմայով նկարների ցուցահանդես- վաճառք: Վաճառքից ստացված գումարով ցանկանում են դպրոցի համար գնել էկոնոմ լամպեր՝ այդպիսով խնայելով նաեւ օգտագործվող էլեկտրաէներգիան:

Ճամբարակի թիվ 1 հիմնական դպրոցը եւս ներկայացրեց իր աշխատանքները. դպրոցի բակում բացվել էր փոքրիկ պուրակ՝ երկաթե թափոններից եւ պլաստիկ շշերից պատրաստված դեկորացիաներով:

Թիվ 1 հիմնական դպրոցում ծրագրի համակարգող, գերմաներենի ուսուցչուհի Էլինե Հովհաննիսյանը նշեց, որ իրենք ցանկացել են աշակերտների համար ստեղծել հետաքրքիր վայր, որտեղ նրանք ոչ միայն կհանգստանան, այլեւ որոշ դասեր կանցկացնեն, օրինակ՝ կենսաբանություն, բնագիտություն. «Բացի այդ՝ աշակերտները սովորում են նաեւ անպետք, չօգտագործվող իրերին նոր շունչ տալ եւ կրկին գործածության մեջ դնել դրանք՝ արդեն ուրիշ գործառույթներով»:

ՄԵԼԻՆԵ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
31.10..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել