Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանի ելույթը 2016 թվականի պետական բյուջեի նախագծի ներկայացման կապակցությամբ

Նոյեմբեր 02,2015 12:23

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ելույթ է ունեցել Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի նախագծի ներկայացման կապակցությամբ: Դիմելով ներկաներին՝ կառավարության ղեկավարը նշել է. «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի նախագծի հիմքում դրվել են առաջին հերթին իրատեսականության և կայունության դրույթները: Ինչպես նշել եմ նաև նախկինում, անկախ տարաբնույթ տնտեսական զարգացումներից՝ ներկայացված հաշվարկների համաձայն ստանձնած պարտավորությունները պետք է իրականացվեն:

2016 թվականի պետական բյուջեն ևս ունի հստակ սոցիալական ուղղվածություն, որի մասին վկայում է այն հանգամանքը, որ բյուջետային ծախսերի ամբողջ ծավալի շուրջ կեսը կազմում են սոցիալական, կրթական, մշակութային և առողջապահության բնագավառների ծախսերը:

Պաշտպանության, հասարակական կարգի պահպանության և ազգային անվտանգության ապահովման համար ծախսերը նախատեսված են այս ոլորտներում մեր կենսունակությունն ամրապնդելու և պահպանելու տրամաբանությամբ: Շարունակելու ենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը տրվող ֆինանսական աջակցությունը:

Հարկաբյուջետային ոլորտի զարգացումները ողջ տարածաշրջանում վկայում են մի բանի մասին՝ գլոբալ կառուցվածքային փոփոխությունների և լարված աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում տնտեսական աճի և հանրային բարեկեցության բոլոր ասպեկտներով անմիջական բարելավումներ խոստանալն ամբոխահաճո, սակայն ոչ ազնիվ մոտեցում է:

Բազմաթիվ հեղինակավոր տնտեսագետներ և միջազգային կառույցներ 2015 թվականի զարգացումները մեր տարածաշրջանի համար գնահատում են ավելի ծանր, քան 2008-2009 թվականների միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամը: Էներգակիրների գների կտրուկ տատանումներով պայմանավորված տարադրամային տատանումները Ռուսաստանի Դաշնությունում բերեցին տարածաշրջանային երկրներ տրանսֆերտների զգալի անկման: Նման անկումն էապես դանդաղեցրեց տնտեսական աճի ներուժը՝ միաժամանակ ընդգծելով սոցիալական ծախսերն առավել բարձր արդյունավետությամբ իրականացնելու հրամայականը:

Այս պայմաններում Հայաստանի Հանրապետությունում 9 ամիսների ընթացքում գրանցված շուրջ 3.6 տոկոս տնտեսական աճը մեր մոտեցման արտացոլումն է՝ արտաքին պայմանների նման վատթարացման դեպքում հանրային բարեկեցության մեր միակ ճանապարհը ներդրումների խթանման և տնտեսական աճի ապահովման միջոցով աշխատատեղերի ստեղծումն է: Հարկ է հնարավորինս խթանել հայրենի արտադրողին, խրախուսել արտահանումը, ստեղծել երկարատև կայուն աճի նախադրյալներ:

Տնտեսական աճի տեմպերի այսպիսի նվազման պայմաններում Հայաստանի Հանրապետության Կառավարության ծրագրով նախանշված կառավարման և կառուցվածքային բարեփոխումներին զուգահեռ գործարար միջավայրի համար խիստ կարևոր է հարկաբյուջետային կայունությունը՝ թե՛ նոր մուտքեր ապահովելու, թե՛ հին մուտքերը կանոնակարգելու, թե՛ բոլոր տնտեսվարողների համար հավասար պայմաններ ստեղծելու տեսակետից: Այս առումով բացարձակ կարևորություն է ստանում Հայաստանի Հանրապետության նոր Հարկային օրենսգրքի քննարկումը և ընդունումը: Այս օրինագծի մշակման ժամանակ ես Ֆինանսների նախարարությանը տվել եմ ուղղորդող ցուցումներ: Որո՞նք են այդ ցուցումները.

· Նախատեսել երկարաժամկետ աճի խթանում` չկենտրոնանալով կարճաժամկետ արդյունքների վրա:

· Երկրի մրցունակության և ներդրումային գրավչության բարձրացման համար հարկային համակարգում հիմնական շեշտը դնել սպառման հարկման վրա:

· Որպես հիմնադրույթ հարկ է ընդունել բյուջեի թե՛ կարճաժամկետ, թե՛ երկարաժամկետ կայունությունը: Կատարվող բարեփոխումները բոլոր ժամանակահատվածներում պետք է բերեն բյուջեի եկամուտների ավելացման՝ որպես առաջնային ռեսուրս դիտարկելով հարկահավաքման արդյունավետության բարձրացումը և հարկատուների համար պայմանների դյուրացումը:

· Նախատեսել արտոնությունների աստիճանական փոխարինում սուբսիդիաներով, սակայն միայն այն դեպքում, երբ հնարավոր լինի դրանց թիրախավորված տրամադրումը կարիքավոր խավերին` փոխհատուցելով գների հնարավոր աճը: Ապահովել վերոնշյալ բարեփոխումների միմյանց հետ ոչ միաժամանակ իրականացումը կարևորագույն սոցիալական ոլորտներում:

· Բարեփոխումները պետք է իրագործվեն 3-5 տարվա ընթացքում` հարկային համակարգում կայունություն և սահունություն ապահովելու նպատակով:

· Առավել արդարացի հարկման ապահովման նպատակով նախատեսել հարկային մեխանիզմների և վարչարարության աստիճանական բարդացում:

Այդ սկզբունքների հիման վրա Ֆինանսների նախարարությունը մշակել է Հարկային օրենսգրքի այն տարբերակը, որը Կառավարությունը դրել է շրջանառության մեջ: Այժմ մեր բոլոր գերատեսչություններն ու նախարարություններն ակտիվորեն քննարկում են այդ փաստաթուղթը հանրության բոլոր հատվածների հետ:

Թեև օրենսգրքի վերջնական տարբերակը դեռևս կներկայացվի Ազգային ժողովի դատին, որտեղ ակնկալում ենք շահագրգիռ քննարկումներ, այս պահից արդեն հրավիրում ենք պատգամավորներին նաև այս փուլում ակտիվ քննարկման Հարկային օրենսգրքի և հարակից նախաձեռնությունների շուրջ:

Բյուջեի քննարկումն այն հարթակն է, որի միջոցով կառավարությունը համակարգված և համալիր կերպով քննարկում է իր գործունեությունը, ստանում արդյունավետ հետադարձ կապ, ընդունում ճշգրտող որոշումներ: Ինչպես նշել եմ նախկինում, մենք նայում ենք խնդիրներին ոչ թե այսօրեական շահերի, այլ տնտեսության զարգացման հեռանկարի տեսակետից և հնարավորի սահմաններում ձգտել ենք երկարաժամկետ օգուտները գերադասել անմիջական եկամուտների գայթակղությունից: Հուսով եմ, որ հանձնաժողովներում քննարկումները ևս կընթանան այս տրամաբանությամբ, և երկխոսության արդյունքում մենք կհասնենք ճիշտ և արդյունավետ լուծումների: Ակնկալում ենք ձեր անմիջական աջակցությունը:

Շնորհակալություն»:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30