Լրահոս
Օրվա լրահոսը

Պարուհի կենդանաբույժը զուգահեռ գործում է երկու ոլորտներում

Նոյեմբեր 02,2015 13:00

Աշխարհի քաղաքակիրթ երկրների օրինակով վաղուց Հայաստանում էլ են գործում կենդանիների պաշտպանության ու բարեկեցության նպատակով հասարակական բարեգործական կազմակերպություններ: Այս հարցը հուզում է նաեւ հայաստանցի մի շարք ճանաչված արվեստագետների: Հիշեցնենք, որ երկու տարի առաջ (եթե չենք սխալվում) աշխարհահռչակ դերասանուհի ու կենդանիների պաշտպան Բրիջիդ Բարդոն հայտարարել էր, որ կհեռանա Ֆրանսիայից ու Ռուսաստանի քաղաքացիություն կխնդրի, եթե շարունակեն սպանել կենդանիներին: Նրա խոսքերով՝ միայն մեր ապահովության համար կենդանիներին սպանելը ստորություն է:

Մեզ մոտ էլ տարիներ առաջ նույնիսկ պաշտպանության երթ կազմակերպվեց՝ հանուն կենդանիների, մասնավորաբար՝ թափառող կենդանիների: «Առավոտի» հյուրը վստահեցնում է, որ այդ հարցը մեզ մոտ զգալիորեն լուծվել է, բայց ոչ վերջնական: Իսկ մեր հյուրը պարուհի, կենդանաբույժ Անայիս Աբեդին է: Արվեստագետը ծնվել է Թեհրանում, 15 տարեկանում ընտանիքը որոշում է ընդունել ու տեղափոխվել հայրենիք: Անայիսը պատմում է, որ իր նախնիները կրել են Ավետյան ազգանունը, բայց Շահ Աբասի իշխանության օրոք ոչ միայն կոնկրետ հայկական ազգանուններն էին վերանում, այլեւ անունները: Նա նշեց, որ, օրինակ, իր պապը՝ Գրիգորը, դարձել է Քարիմ… Իսկ պարուհին մասնագիտական կրթություն է ստացել Թեհրանում գործող «Արարատ» պարախմբում, ճանաչված պարուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Կարինե Ղազարյանի ղեկավարությամբ, քանիցս էլ Երեւանում հյուրախաղերի է եկել: «Առանց կենդանիների ապրել չեմ կարող եւ դա է պատճառը, որ Հայաստան տեղափոխվելուն պես կենդանաբույժի հիմնավոր կրթություն ստացա եւ հիմա այդ մասնագիտությամբ աշխատում եմ Երեւանի կենդանաբանական այգում… Այս պահին խնամքիս տակ է կովկասյան լուսանի ձագը: Նա միայն ինձ է վստահում ու ենթարկվում:

Հենց այս պատճառով էլ այգու աշխատակիցները որոշել են իմ անունով նրան կոչել»,- հայտնեց մեր զրուցակիցը: Հավելեց նաեւ, որ որդեգրել է երկու շուն՝ Սեւուկին ու Սանիին: Անայիսը հորդորեց, թե հարկավոր չէ գնել կենդանիներ, նրանց պետք է որդեգրել… Հարցին, թե տեսնելով թափառական կենդանիներ՝ ի՞նչ կերպ է վարվում, մեր զրուցակցի պատասխանը հակիրճ էր. «Նրանց առաջին հերթին կերակրում եմ, ապա անպայման լուծում կացարանի հարցը»: Ինչ վերաբերում է առաջին մասնագիտությանը՝ պարարվեստին, արվեստագետն ասաց, որ դասական պար է դասավանդում երեւանյան FSC ստուդիայում: Հիշեցրինք ժամանակին ռեժիսոր, սցենարիստ Լուսի Մունայի «Աստված, քեզ հետ եմ» ռոք-մյուզիքլում իր մասնակցության մասին, որն, ի դեպ, ներկայացվեց Համազգայինի թատրոնում, «կորզելով» հիացական կարծիքներ, հետաքրքրվեցինք, թե այս պահին ի՞նչ նախագծում է զբաղված: «Որպես բալետմայստեր հրավեր եմ ստացել Մունայից եւ սկսել ենք «Ար աստծո գաղտնիքները» ներկայացման բեմադրական աշխատանքները: Առաջնախաղը, կարծում եմ, կկայանա շատ շուտով»,- պատասխանեց Անայիսը:

Հետաքրքրությանը՝ երբեւէ մտածե՞լ է բեմ դուրս գալ կենդանիների հետ, պարուհին նշեց, որ Թեհրանում «Արարատ» պարախմբի որոշ համարներում ինքը հանդես է եկել կատվի, թռչնի, նապաստակի եւ այլ կենդանիների պարադերերով: Հետո էլ ասաց, որ եթե լինի նման առաջարկ կամ իր մտքում ծագի կոնկրետ կենդանիների հետ պարային համար, մեծագույն սիրով ձեռնամուխ կլինի այդ գործին:

Զրույցի ընթացքում Անայիս Աբեդին նեղսրտեց շատ հաճախ իր ականջին հասնող՝ կենդանիներին ուղղված խղճահարության արտահայտություններ: «Անխոս, ասենք, կենդանաբանական այգում բնակվող կենդանուն չես համեմատի բնության ազատության մեջ գտնվողի հետ, սակայն, օրինակ, մեր այգու կենդանիներին խղճալ հարկավոր չէ, նրանք ստանում են նորմալ սնունդ, խնամք, կարճ ասած՝ շրջապատված են մեծ հոգածությամբ»,- հայտնեց մեր զրուցակիցը:

Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լուսանկարում` Անայիս Աբեդին՝ «Աստված, քեզ հետ եմ» ներկայացման մեջ:

«Առավոտ» օրաթերթ
31.10..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել