Լրահոս
Օրվա լրահոսը

Մաքսավորները նվիրաբերված մոպեդը տժվժիկի պատմություն են դարձրել

Նոյեմբեր 02,2015 12:30

Սիրողական հեծանվասպորտի եւ հեծանվային զբոսաշրջության ֆեդերացիան արդեն երեք տարի զբաղվում է Հայաստանում հեծանվային մշակույթի արմատավորումով եւ տարածումով եւ այդ ուղղությամբ հասցրել է լուրջ հաջողություններ արձանագրել:
2014 թվականի հունիսին Վրաստանի հեծանվասպորտի ֆեդերացիայի նախագահը որպես խիստ անհրաժեշտ գույք իր հայաստանյան գործընկեր ՀԿ-ին նվիրել է իր անձնական մոպեդը, ինչը Բագրատաշենի մաքսատանն ստացել է համապատասխան ձեւակերպումները: Նվիրաբերված մոպեդը շահագործելու համար անհրաժեշտ չէ ոչ պետհամարանիշ, ոչ էլ համապատասխան վարորդական իրավունք: Այն նոր գնված չէ, սակայն ենթակա է լիարժեք օգտագործման՝ սպասարկելու մայրաքաղաքի հեծանվային նախագծերը, իրականացնելու հեծանվորդների հեծանիվների տեխնիկական սպասարկումը: Սակայն մոպեդը առայսօր գտնվում է մաքսատան պահպանության ներքո:
Այս խնդրի մասին Հայաստանի սիրողական հեծանվասպորտի եւ հեծանվային զբոսաշրջության ֆեդերացիայի նախագահ Արման Անտոնյանը մեկ անգամ չէ, որ դիմել է համապատասխան գերատեսչական մարմիններին եւ լրատվամիջոցներին: Սակայն ամենուրեք կամ անտարբերություն է, կամ՝ քար լռություն:

forum-7-1-2

Այսօր «Էրեբունի Պլազայի» բիզնես կենտրոնում ֆեդերացիայի հիմնադրման երրորդ տարեդարձի միջոցառումների շրջանակներում հրավիրված հեծանվային մշակույթի զարգացման աշխատանքային ֆորումում ֆեդերացիան այս խնդրին լուծում գտնելու նպատակով ֆորումի սրահի մուտքի առջեւ դրամահավաքի արկղ էր դրել եւ մասնակիցներին բաժանել էր հետեւյալ հայտարարությունը. «…Համապատասխան փաստաթղթերով բազմիցս դիմել ենք բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի նախագահ Ս. Տեր-Սիմոնյանին, խնդրելով՝ նվիրատվությունը որակելու բարեգործական, սակայն ստացել ենք մերժումներ մոպեդն օգտագործած լինելու պատճառաբանությամբ: Հարցն անգամ չի էլ ներկայացվել հանձնաժողովի նիստի քննարկմանը: Այնուհետեւ, միջնորդության եւ աջակցության ակնկալիքով դիմել ենք հանձնաժողովի գրեթե բոլոր անդամներին, ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ Ա. Բախշյանին, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վ. Միրումյանին, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ֆ. Բերիկյանին, ՀՀ մշակույթի փոխնախարար Ա. Պողոսյանին, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շ. Քոչարյանին, ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետ Մ. Հակոբյանին, ովքեր դեմ չեն եղել ֆեդերացիային նվիրաբերված մոպեդի զրոյական մաքսազերծմանը:
Համապատասխան ակնկալիքով դիմել ենք նաեւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ ստանալով մերժումներ: Տուգանքներով, տույժերով ու մաքսազերծման վճարումների հաշվարկով, ըստ ՀՀ ֆինանսների նախարարության իրավաբանի, նվիրաբերված մոպեդի մաքսազերծումը կազմում է շուրջ 320 հազար դրամ»:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ 

«Առավոտ» օրաթերթ
31.10..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել