Նախօրեին տեղի է ունեցել «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման կառավարման խորհրդի նիստը:
Նիստում քննարկվել են ՀՀ ներքին և արտաքին քաղաքական զարգացումներին առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի գործընթացին:
«Հայկական վերածնունդ» միավորման կառավարման խորհուրդը, հիմք ընդունելով նախորդ նիստում ընդունած որոշումը (սահմանադրական փոփոխությունների գործընթացում հանդես գալ որպես առանձին բևեռ իր շտաբով), շտաբի պետ է ընտրել Թելման Արամյանին, մամուլի խոսնակ` Վահե Մոսինյանին: Շտաբին հանձնարարվել է կառավարման խորհրդին ներկայացնել ընտրական գործընթացով պայմանավորված անհրաժեշտ միջոցառումների ցանկն ու ժամանակացույցը:
Նիստում կառավարման խորհուրդը «Հայկական վերածնունդ» հասարակական քաղաքական միավորման Տնտեսագիտական վերլուծությունների և մոնիթորինգի հանձնաժողովի նախագահ ընտրեց Վիլեն Խաչատրյանին, Իրավական աջակցության և խորհրդատվության հանձնաժողովի նախագահ` Վաղինակ Վարդանյանին, Առողջապահության միության նախագահ` Ավետիս Ավետիսյանին և Հաշմանդամների միության նախագահ` Ռազմիկ Ռուշանյանին:
Կարդացեք նաև
ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը կառավարման խորհրդի անդամներին է ներկայացրել հոկտեմբերի 21-22-ին Մադրիդում կայացած Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) համագումարին «Օրինաց երկիր» կուսակցության պատվիրակության մասնակցության մանրամասները:
Արձանագրելով, որ վերջին երկու շաբաթների ընթացքում միավորմանն են միացել մասնավորապես «Շողակն» բարեգործական, «Մշտարթուն» կրթամշակութային և «Հայ-Ռուսական համագործակցություն» ՀԿ-ները, «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորումը ևս մեկ անգամ հաստատում է, որ բաց է համագործակցության համար և կոչ է անում երկրի ապագայով մտահոգ բոլոր հասարակական, քաղաքական կազմակերպություններին միանալու միավորմանը:
«Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման մամուլի ծառայություն