Պետք է ազատվել այդ անիմաստ եւ հոգեմաշ զգացումից
Վերջերս ցմահ դատապարտված եւ առողջական լուրջ խնդիրների պատճառով ազատություն ստացած Սողոմոն Քոչարյանի գործի հետ կապված շատ է խոսվոմ ընդհանրապես ցմահ ազատազրկվածների խնդրի շուրջ: Հաճախ քննարկումների ժամանակ դրսեւորվում է, այսպես ասած, «չափազանցված մարդասիրություն», եւ արդարության հաղթանակ է համարվում նրանց բոլորի ազատ արձակումը: Այդպիսի «տաքարյուն» մոտեցումն, ինձ թվում է, տեղին չէ: Բնականաբար, պետք է առանձնացնել այն դեպքերը, երբ թույլ էր տրվել դատական սխալ, եւ մարդիկ իրենց ծանր պատիժն անարդար են կրում: Չնայած այստեղ էլ վերապահում անեմ. նման պնդումների համար դատապարտյալների, նրանց հարազատների եւ փաստաբանների կարծիքը դեռ քիչ է. ես կարող եմ ներքուստ անկեղծորեն համոզված լինել, որ չեմ կատարել այս կամ այն հանցագործությունը, որ դա «ես չէի», բայց իրականում «ես լինեմ»՝ հոգեբանության մեջ նման դեպքերը նկարագրված են:
Մնացած ցմահ դատապարտյալների դեպքերը պետք է դիտվեն անհատապես: Ինձ այդտեղ հետաքրքրում է հետեւյալ հանգամանքը. նրանց ապրումների մասին մենք բավականին շատ ենք գրել, բայց մենք քիչ ենք անդրադառնում այն մարդկանց ապրումներին, որոնց հարազատները զոհվել են վերոհիշյալ դատապարտյալների ձեռքով: Նրանք, պետք է ենթադրել, կարծում են, որ «ցմահն» այդ մարդկանց համար քիչ է, եւ նրանց պետք է գնդակահարել: Ո՞ր չափով պետությունը պետք է տուրք տա տուժածների հարազատների այդ բնական զգացմունքներին, արդյոք պետությունը, արդարադատության համակարգը պե՞տք է վրեժխնդիր լինի տուժածների փոխարեն:
Այդ հարցի վերջնական պատասխանը ես չունեմ, բայց հակված եմ ավելի շուտ «ոչ» պատասխանելու: Մահապատիժը հաստատ պետության վրեժխնդրությունն է, այն ընդհանրապես ոչ մի խնդիր չի լուծում, փորձը ցույց է տալիս, որ չի էլ նպաստում ծանր հանցագործությունների կանխարգելմանը: Բայց ցմահ դատապարտելու պարագայում էլ չարժե մի կողմից՝ հերոսացնել սպանություն կատարած մարդկանց, մյուս կողմից՝ հարգելով տուժողների զգացմունքները, պետք չէ խրախուսել նրանց վրեժխնդրությունը: Ի վերջո, նորվեգացի ահաբեկիչը սպանեց 77 հոգու եւ ստացավ ընդամենը 21 տարվա ազատազրկում: Բայց արդյոք որեւէ մեկը կշահե՞ր, եթե նա ստանար ցմահ ազատազրկում կամ գնդակահարություն:
Ընդհանրապես, վրեժխնդրության պաշտամունքը մեր մշակույթից պետք է վերանա: Խոստովանենք, որ մենք երբեմն մտածում ենք, ենթադրենք, առաջին դասարանում մեզ նեղացրածի մասին՝ «վախ, մի հատ դանակ լիներ, կոխեի փորը»: Հենց որ մենք գիտակցում ենք, որ նման զգացմունք ունենք, դա առաջին իսկ քայլն է՝ դրանից ազատվելու: Բայց եթե մենք մեզ «արդարության գործիք» կամ կոմս Մոնտե-Քրիստո ենք պատկերացնում, կամ արդարանում ենք «պետական բարձրագույն շահերով», ուրեմն մենք մոլորության մեջ ենք: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, փակելով «Ա1+»-ը, իրականում առաջնորդվում էր վրեժխնդրությամբ («այ, հիմա ձեզ ցույց կտամ, թե ինչ կլինի նրանց հետ, ովքեր իմ մասին փիս-փիս բաներ են խոսում»), բայց գուցե իր համար նա ունի «բարձր պետական» արդարացումներ:
«Հայ վրիժառուներ»… Ինչպե՞ս նրանց վերաբերվել: Հասկանալով, որ դա շատերին դուր չի գա, ասեմ, որ դեմ եմ այդ երեւույթի «ռոմանտիզացիային»: Մյուս կողմից էլ՝ պետք է, իհարկե, հասկանալ, որ դա հուսահատ քայլ էր՝ մեր խնդիրների վրա ուշադրություն դարձնելու համար: Այժմ, համենայնդեպս, պետք չէ մտածել «թուրքերից վրեժ լուծելու» մասին, ժամանակ ծախսել հին վիրավորանքներն ու ատելությունը վերապրելու «հաճույքների» վրա: Երբ կա հայկական պետություն, լավագույն «վրեժխնդրությունը» կլինեն Հայաստանի հաջողությունները:
…Անկախ նրանից՝ մարդը հավատացյալ է, թե աթեիստ, եւ անկախ նրանից, թե ինչին է նա հավատում, շատ ցանկալի է, որ նա առնվազն օրը երկու անգամ իր հոգուց հեռացնի աղբը: Իսկ այդ աղբի գլխավոր բաղադրիչներից է վրեժխնդրության հոգեմաշ ծրագրեր փայփայելը: Այդ ծրագրերից եւ նույնիսկ դրանց իրականացումից ոչ ոք չի շահի: «Վրեժը երկսայր զենք է,- ասում էր Կոնֆուցիոսը,- սպանելով թշնամուդ՝ դու սպանում ես նաեւ քո հոգին»:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
31.10..2015
Հարգելի հեղինակ,
եթե անգամ Բրեյվիկին ցմահ դատապարտել պետք չէր, այդ դեպքում ինչի համար է նախատեսված ցմահ պատիժն ընդհանրապես ???
Իսկ ցմահն այսպիսի դեպքերում ավելի ապահով չի այն առումով, որ գոնե այլևս այդ մարդուց վտանգ չի լինի ???