Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը, ամփոփելով այսօր Գյումրիում «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի կազմակերպած հանրահավաքն, ասաց, որ Սերժ Սարգսյանը ինքն է ընկնելու իր ստեղծած ծուղակը: «Այս դեպքում աղվեսը երկու թաթերով է ընկնում ծուղակը, երեւույթին մենք ականատեսն ենք լինելու: Այսինքն` նա տարիներ մոգոնել է, թե ինչպես պետք է վերարտադրվի, սակայն նրա ծրագիրը իր մահկանացուն է կնքելու, դրանում ես համոզված եմ: Ուրեմն այս աննախադեպ առիթը, որ նա մեզ տվել է, առաջին հերթին միավորելու է ամբողջ ընդդիմությունը, որը երկար տարիներ մեր երկրում այդպես էլ դժբախտաբար տեղի չի ունեցել: Ես համոզված եմ մինչեւ դեկտեմբերի մեկը իսկական ընդդիմադիր ուժերը եւ գործիչներն անպայման համախմբվելու են: Եւ մենք շատ լավ գիտենք, երբ ընդդիմությունը համախմբվում է, ժողովուրդը ինչպես է ոգեւորվում, որովհետեւ այդ պահանջը ժողովրդի պահանջն է»,- ասաց Ժիրայր Սեֆիլյանը:
Նա նաեւ ասաց, որ իրենք իրավունք չունեն սպասելու, ժամանակ չունեն ու այս տարի վերջ պիտի դնեն հանցավոր ռեժիմին: Բանախոսն ասաց, որ հասկանում է՝ ժողովուրդը կորցրել է իր հավատն ընդդիմության ու առհասարակ ամեն ինչի նկատմամբ, սակայն համոզված է, որ այդ հավատը կարողանալու են վերականգնել մինչեւ դեկտեմբերի մեկը: Ցույց տալով հրապարակում հավաքված քաղաքական գործիչներին՝ բանախոսն ասաց, որ առաջին անգամ միավորվել են դուրս գալով վերկուսակցական տրամաբանությունից, եւ հենց այդ սկզբունքն է, որ կոտրելու է հակառակորդի ողնաշարը: Ըստ նրա, Թատերական Գյումրու հրապարակում հավաքվել են այն մարդիկ, որոնք ենթարկվել են խոշտանգման, ազատազրկման, դանակահարման, հրդեհման, բանտարկության, բայց չեն կոտրվել, մնացել են իրենց դիրքերում: Նա ասաց, որ երիտասարդությանը սպասում են փողոցներում ու հրապարակներում ու հորդորեց արտագնա աշխատանքի մեջ գտնվող տղամարդկանց վերադառնալ մինչեւ դեկտեմբերի 1-ը, որպեսզի կարողանան միասին վերջակետ դնել այս ռեժիմին:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Կարդացեք նաև