Այսօր Գյումրիում «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի կազմակերպած հանրահավաքին ելույթ ունեցավ նաեւ քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը: Նրա ելույթը շատ տարբերվեց մյուս բանախոսների խոսքից, այն գեղարվեստական էր, բանաստեղծությունների արտասանմամբ, հատուկ առոգանությամբ: Նա սկսեց Հովհաննես Շիրազի խոսքերով «Ինչո՞ւ եք լռել հավատի զանգեր»: Նա հիշեց Գյումրիում տեղի ունեցած դաժան երկրաշարժը, որը ըստ նրա, չբարոյալքեց այս քաղաքի բնակիչներին, մինչդեռ, երբ նմանատիպ աղետ եղավ ԱՄՆ-ի Լուիզիանա նահանգում, մարդիկ բարոյալքվեցին: Սակայն, ըստ բանախոսի, այժմ գյումրեցին կորցրել է իր հավատը, չի հավատում իր ապագային: Այնուհետ նա հարց տվեց, թե ինչո՞ւ է այդպես ու պատասխանեց իր հարցին.« Դիմանալով բնական արհավիրքին, դիմակայելով պատերազմական տարիներին եւ դիմակայելով արտաքին թշնամուն, չկարողացավ հաշտվել ներքին դուշմանի անբարոյականությանը, սրբապղծությանը, անարդարությանը»: Նա ասաց, որ եկել է պահը ձերբազատվելու այդ ամենից: Հմայակ Հովհաննիսյանը մանրամասն վերլուծեց սահմանադրական փոփոխությունների բացասական հետեւանքները, նա շեշտեց, որ Սերժ Սարգսյանը 2013 թվականի իր նախընտրական պլատֆորմում չի արտացոլել սահմանադրական փոփոխությունների մասին: Ըստ նրա, սահմանադրական փոփոխությունները ոտնձգություն են երկրի ապագայի նկատմամբ:
«Մենք ձեր ձեռքի սվիններն ենք, մեր ձեր ձեռքի ավելներն ենք, որոնց միջոցով կարող եք մաքրել ավգյան ախոռները, վերադարձնել մեր երկիր երբեմնի արժանապատվությունը, մեր ժողովրդի հույս ու հավատը, վստահությունը, որ նույնիսկ երկրաշարժի օրերին չմարեց, բայց այսօր, ցավոք, այս իշխանությունների նենգությունների, այս իշխանությունների կողմից քարոզվող անբարոյականությունների պատճառով այդ հույսը մարել է: Մենք պարտավոր ենք վերականգնել»,- ասաց բանախոսը: Նա ասաց, որ իրենց շարժումը դեկտեմբերի մեկին քաղաքական օրակարգ չի թելադրելու, այլ ենթարկվելու է այն օրակարգին, որը կորոշի ժողովուրդը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Կարդացեք նաև