«Նոյեմբերի 1-ին ավարտված խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները փաստում են, որ «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը կրկին հնարավորություն կստանա միայնակ ձեւավորել երկրի կառավարությունը։ Կարծում եմ՝ նոյեմբերի 1-ի ընտրություններում ԱԶԿ հաղթանակը նախեւառաջ երկրի ներկայիս նախագահ Էրդողանի եւ միայն հետո իր քաղաքական հենարան «Արդարություն եւ զարգացում» կուսակցության հաղթանակն է»,- այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Հայկ Դարբինյանը։
Ըստ թուրքագետի՝ չնայած ընտրությունների նախնական արդյունքներով ԱԶԿ-ին չհաջողվեց ԹԱՄԺ-ում ստանալ 330 մանդատ՝ ինչը հնարավորություն կտար երկրում սահմանադրական փոփոխությունների հանրաքվե անցկացնել, «բայց ընտրությունների արդյունքները հստակ փաստում են, որ Էրդողանին հաջողվեց առաջիկայում եւս երկրի իշխանությունը ամբողջովին կենտրոնացնել իր ձեռքում»։
Անդրադառնալով այս ընտրություններում քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» շուրջ 2%-ոց նահանջին, որ արձանագրվեց այս ընտրություններում, Հայկ Դարբինյանը կարծիք հայտնեց, որ դա «բնականաբար դժգոհությունների պատճառ կդառնա քրդերի շրջանում, այնուամենայնիվ, կարծում եմ, ներքաղաքական իրավիճակը ավելի կառավարելի կդառնա։ Բազմաթիվ վերլուծաբանների կարծիքով հունիսի 7-ի ընտրություններից հետո երկրում վերսկսված անհանգստությունները հրահրեցին հենց իշխանությունները, կամ գոնե բավարար ճիգ չգործադրեցին ներքաղաքական անդորրը ապահովելու համար՝ այդպիսով ցույց տալով, թե ինչքան «վտանգավոր» կարող է լինել քրդերի ակտիվացումը երկրի ներքաղաքական կյանքում»։
Նա նաեւ հավելեց, որ ժամանակը ցույց կտա այս վարկածի՝ ճիշտ, թե սխալ լինելը։ «Այնուամենայնիվ պարտավոր ենք գիտակցել, որ տարածաշրջանային զարգացումները (Սիրիական ճգնաժամ, «Իսլամական պետություն») լուրջ ազդեցություն ունեն Թուրքիայի ներքաղաքական կյանքում եւ սրանց առկայության պարագայում Թուրքիայի ներքաղաքական կյանքում մշտապես զգացվելու է որոշակի լարվածություն»։
Կարդացեք նաև
Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ