Հազարավոր տարիներ Արաքսը վկա է հայոց երկրի պատմությանը: Իր հուշերում է պահում նաև նորօրյա մեր հերոսամարտի մի դրվագ ևս՝ ինչպես ազատագրվեց մեր երկրի գերված տարածքների մի մասը, ինչպես վերստին հայացավ իր ձախափնյա Ողջի և Ծավ վտակների մեջտեղում գտնվող Միջնավանը, և ինչպես է կայանում նրա զարգացումը: Արդեն 20 տարի է, ինչ Արաքսի ձախափնյա հարթության վրա փռված քաղաքը կրկին իր տիրոջ՝ հայի հետ է շարունակում պատմությունը:
1993 թվականի այս օրերին անձրևոտ ու ցուրտ եղանակին հայոց հաղթական ջոկատներն ազատագրեցին պատմական Կովսականի տարածքը և ստիպեցին թուրքին ճողոպրել մեր սուրբ երկրից: Մեծ Հայքի Սյունիք աշխարհի 12-րդ գավառ Կովսականի(Գրհամ) մի մասը խորհրդային տարիներին բռնակցվել էր Ադրբեջանին, որտեղ 1930 թվականին ստեղծվեց Զանգելանի թուրքական շրջանը՝ համանուն շրջկենտրոնով: Դեռևս Անանիա Շիրակացին, հետագայում Ստեփանոս Օրբելյանն են անդրադարձել գավառին՝ նշելով նրա սահմանները: 7-րդ դարի գիտնականը գրում է, որ Կովսականի սահմանները հասնում էին մինչև ՆԱԿՈՐԶԱՆ քաղաքը: 13-րդ դարի պատմիչը նշում է, որ Նակորզանը գտնվում էր Աղավնոգետի(Հակարիի) ստորին հոսանքում(պտույտների մոտ):
Արդի հուշարձանագետ Սամվել Կարապետյանը գտնում է, որ Նակորզանը համապատասխանում է ներկայիս Միջնավանին, որտեղ էլ հոկտեմբերի 31-ին այստեղ տոնական օր էր՝ նշվեց քաղաքի վերահայացման 20-րդ տարեդարձը:
Հանդիսավոր միջոցառմանը, որը կայացավ քաղաքի ամառային դահլիճի համար նախատեսած վայրում, ներկա էր շրջանի ղեկավարությունը՝ շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանի գլխավորությամբ, ինչպես նաև՝ Միջնավանի բնակչությունը, հարևան համայնքների ղեկավարներ, հյուրեր, զինվորականներ: Շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության բաժնի աշխատակից Նարինե Մխիթարյանը ողջունում է ներկաներին, շնորհավորում տոնի առթիվ՝ հայտարարելով հանդիսավոր մասի բացումը: Հնչում է Արցախի օրհներգը, լռության րոպեով ներկաները հարգում են այն քաջորդիների հիշատակը, ովքեր իրենց արյամբ մեր ժողովրդին բերեցին հաղթանակ և ազատագրեցին հող-հայրենին: Միջնավանի Գալինա Ստարովոյտովայի անվ. միջն. դպրոցի սաների ելույթը նույնպես երախտիք էր նահատակներին, նրանց մարտական ընկերներին և հողը շենացնողներին: Երեխաները երդվեցին շարունակել տղաների գործը և միշտ տեր մնալ հայրենիքին, դառնալ նրա շենացնողն ու պաշտպանը, հողի մշակն ու ուսուցիչը, զինվորն ու գիտնականը: Ասմունք, երգ ու պար. երեխաների մոտ 1 ժամ ելույթը ոգևորեց ներկաներին: Ելույթ ունեցան նաև Բերձորի արվեստի դպրոցի Կովսականի մասնաճյուղի ազգագրական երգ ու պարի խմբակի սաները՝ Կարեն Մարտիրոսյանի ղեկավարությամբ: Միջնավանի քաղաքապետ Մանուկ Մանուկյանը 1996 թվականին Արտաշատից տեղափոխվել և բնակվում է այստեղ, սկզբում աշխատել է որպես ինժեներ-շինարար, 2000–ից՝ փոխքաղաքապետ, իսկ 2007-ից՝ քաղաքապետ: Իր ելույթում շնորհավորելով համաքաղաքացիներին՝ անդրադարձավ քաղաքի խնդիրներին, կատարված աշխատանքներին: Հույս հայտնեց, որ ապագայում բոլոր խնդիրները լուծում կստանան: «Լինելով սահմանամերձ քաղաքի բնակիչներ՝ մենք թև ու թիկունք ենք մեր բանակին, ասաց Մ. Մկրտչյանը՝ շնորհակալություն հայտնելով միջնավանցիներին, որ շենացնում են իրենց բնակավայրը, հյուրերին, որ ներկա են իրենց տոնին, շրջվարչակազմի ղեկավարին ու «Վա Մաքս» ՍՊԸ-ին, որ օժանդակել են միջոցառման կայացմանը: Նշեց նաև, որ քաղաքն ունի լավ երեխաներ, արդեն հիմնանորոգված դպրոց, որն էլ երաշխիք է բնակավայրի հետագա զարգացման համար: Շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանը, շնորհավորելով միջնավանցիներին, ողջունելով ներկաներին, ասաց. «20 տարիների ընթացքում հաղթահարել ենք բազում խոչընդոտներ, միաժամանակ արարել ենք, կրթել լավ սերունդ, որոնցով նոր հպարտանում էինք: Դուք սահմանապահ եք և շարունակում եք հազարավոր նահատակների կիսատ թողածը. Փառք տղերքին: Խնդիրներ քաղաքը շատ ունի, բայց միասնաբար դրանք կլուծվեն: Այս սերունդն արժանի է գեղեցիկ ու զարգացած բնակավայրում ապրելու»: Դպրոցի տնօրեն Մարգարիտա Սարգսյանն արդեն 19 տարի է, ինչ ղեկավարում է կրթօջախը, 2015թ. ԼՂՀ ԿԳՍ նախարարի կողմից արժանացավ մրցանակի: Իր ելույթում ասաց. «Այս գեղեցիկ օրը, որքան էլ ուղեկցվում է բնության անակնկալ եղանակով, միևնույն է՝ պայծառ է, որովհետև աշնան մշուշում մենք ժողովում ենք այն բերքը, որը հատիկ առ հատիկ ցանել ենք 20 տարի շարունակ: Որքան էլ կյանքի հրամայականով բողոքում ենք չարվածի համար, բայց հոգու խորքում հպարտանում ենք… Հիշենք դպրոցը, թեկուզ հիմնանորոգման ընթացքում, սակայն համեմատելու եզրեր չկան անցյալի հետ: Ամեն ինչ այս կիսակառույցի նման դանդաղ, բայց գեղեցիկ է ընթանում… Եկեք ուս ուսի շարունակենք մեր գործը, քանզի այն արդար է…»: Տոնի առթիվ եղան նաև պարգևներ. ԼՂՀ վարչապետի հուշամեդալով պարգևատրվեցին Զաբելա Առուշանյանը, Գեղեցիկ Գասպարյանը, Վարդան Գևորգյանը, Մնացական Գևորգյանը, Միշա Մարգարյանը և Մխիթար Մարտիրոսյանը: Քաղաքապետ Մանուկ Մկրտչյանը, նախկին քաղաքապետ, Արմեն Սարգսյանը, հողագործ Արտուշ Սարգսյանը և Արթուր Բալասանյանը պարգևատրվեցին վարչապետի պատվոգրով:
Կարդացեք նաև
Հրամանն ընթերցեց շրջվարչակազմի աշխատակազմի ղեկավար Դավիթ Դավթյանը, պարգևները հանձնեց ղեկավար Սուրեն Խաչատրյանը, ով նաև շրջվարչակազմի պատվոգիր հանձնեց 13 միջնավանցիների, որոնցից Արմենուհի Գևորգյանը, Մարիամ Աղախանովան, Թեհմինե Այոնցը, Աիդա Հարությունյանը, Անժելա Միրզոյանը և Մարգարիտա Ղուկասյանը բազմազավակ մայրեր են: Միջնավանն այժմ ունի 120 ընտանիք՝ մոտ 400 բնակչով: Բնակչությունը հիմնականում զբաղվում է հողագործությամբ, որոշները նաև՝ անասնապահությամբ: Սեփականաշնորհված և տնամերձ հողատարածքներում արտադրում են բանջարաբոստանային մշակաբույսեր: Զարգացած է հատկապես այգեգործությունը: Վերջին 2 տարիներին տնկվել է արքայանարնջի, թզի և նռան 20 հա այգի: Համայնքի մոտ 800հա վարելահողերը և 5000հա արոտավայրերը տրված են վարձակալության: Ամենաշատ տարածք վարձակալել է «Վա Մաքս»-ը: Քաղաքում գործում են բրիկետի արտադրամաս, 2 խանութ, բուժկետ, որը տեղակայված է քաղաքապետարանի շենքում: Խնդիրներից են խմելու ջրի կարգավորումը, ճանապարհների բարեկարգումը, էլ. հոսանքի գծերի կարգավորումը, քաղաքապետարանի նորոգումը, մանկապարտեզի և մշակույթի որևէ օջախի կառուցումը(դպրոցին կից կիսակառույց հատվածը նախատեսված է կառուցել այդ նպատակով) և այլն: Քաղաքի վերաբնակեցումն սկսվել է 1995 թվականի սեպտեմբերի 13-ին: Այդ օրը քաղաք են եկել 13 հոգի(նաև առաջին քաղաքապետ Ռոմա Գյուլբանդյանը):
Հետագայում առաջին եկողները հեռացել են Միջնավանից, բացառությամբ երրորդ քաղաքապետ Արմեն Սարգսյանից, ով դպրոցի տնօրեն կնոջ՝ Մարգարիտա Սարգսյանի և 8-րդ դասարանցի դստեր՝ Լենայի հետ այսօր էլ բնակվում է իր իսկ հիմնած քաղաքում: Այժմ աշխատում է դպրոցում որպես ինֆորմատիկայի ուսուցիչ: Դպրոցը հիմնվել է 1996 թ. Սեպտեմբերին՝ 11 ուսուցչով և 35 աշակերտով: Այժմ կրկնապատկվել են թվերը. Կա 77 աշակերտ, որից 10-ը՝ նախադպրոցական դասարանում, 9-ը՝ 1-ին: 12-րդ դասարան կավարտեն 3 հոգի: Բացի 10-11-րդ միացյալ դասարանից, մնացածը գործում են առանձին: Միջնավանում առանձին շենքում(ունի նորոգման կարիք) գործում է նաև Բերձորի արվեստի դպրոցի նկարչության խմբակը՝ 1-ին, 2-րդ և 4-րդ դասարաններով: Խմբակի ուսուցիչ Մամիկոն Գայսեջյանն ավարտել է Երևանի պետական մանկավարժական ինստիտուտի նկարչության բաժինը, արդեն 7 տարի է՝ բնակվում է Քաշաթաղի շրջանում: 1 տարի է, ինչ նկարել, արվեստի այս ճյուղին ծանոթանալ է սովորեցնում 28 աշակերտի: Նրանցից Անիկ Հակոբյանը սովորում է դպրոցի 11-րդ դասարանում, նկարչականի՝ 4-րդ: Որոշել է դպրոցն ավարտելուց հետո նկարիչ դառնալ: Քաղաքն աչքի է ընկնում նաև իր բազմամյա սոսիներով, որոնց շվաքի տակ էլ կայացավ տոնական միջոցառումը: Երեկոյան հրաժեշտ տվեցինք Միջնավանին՝ հավատով, որ կիրականանա դեռևս տոնական տրամադրությամբ ակումբում ուրախացող երեխաների, նրանց ծնողների, ուսուցիչների երազած քաղաքը, իսկ սոսիները դարեր շարունակ կսոսափեն հայ մանուկների համար:
Զոհրաբ Ըռքոյան