Գյումրիում «Նոր Հայաստան» շարժման հանրահավաքը վարում էր «Հիմնադիր խորհրդարանի» անդամ, կոմպոզիտոր Վարդան Հակոբյանը: Նա ասաց. «Շատ հարազատ հրապարակ է դարձել Գյումրու Թատերական հրապարակը, ոչ միայն նրա համար, որ ես շատ եմ սիրում մեր այս թատրոնի շենքը, այլ վերջին տարիներին այնքան հաճախ ենք արդեն հանդիպում, ցավոք ոչ բեմի վրա, այլ հանրահավաքային ֆորմատով, որ այս հրապարակն էլ է դարձել շատ հարազատ: Ինչպես գիտեք, իշխանությունը զավթած այս խունտան իր գոյության ժամանակահատվածում ոչ միայն ամեն ինչ անում է երկիրը դատարկելու,աղքատացնելու, ինքնիշխանությունից զրկելու, այլեւ անցել է ավելի լայնամասշտաբ հարձակման սեփական երկրի ժողովրդի նկատմամբ եւ կազմակերպել է այս սահմանադրության փոփոխություն կոչված ծուղակը»:
Բանախոսը նաեւ ասաց, որ այդ ծուղակի արդյունքում կարող են հավերժացնել խանական համակարգը, հետեւապես երկրի ապագայով իրապես մտահոգված բոլոր քաղաքական ուժերն ու կազմակերպությունները լծվել են «Ոչ»-ի կոնտեքստում քարոզարշավի եւ դեմ են այս խայտառակ փոփոխություններին: Ըստ Վարդան Հակոբյանի, պետք է ձերբազատվել այս ճահճից, տիղմից, որի արդյունքում աղքատանում է ժողովուրդը, թուլանում է սահմանը, ոչնչացվում է տնտեսությունը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ