ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը Արդարադատության վարչությանը կոչ է արել հետաքննություն սկսել Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հնարավոր կապեր ունեցող ամերիկացիների խմբերի նկատմամբ: Այս մասին տեղեկանում ենք Հայ դատի տարածած մամուլի հաղորդագրությունից:
Նշված է, որ Կոնգրեսի էթիկայի գրասենյակը եւ Ներկայացուցիչների պալատի էթիկայի հանձնաժողովը պարզել են, որ Կոնգրեսի 9 անդամները եւ աշխատակազմի ավելի քան 20 անդամները ճանապարհորդոության են մեկնել, որը ֆինանսավորվել է Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից: Կոնգրեսի էթիկայի գրասենյակի ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ այդ այցելությունների մասին անհրաժեշտ փաստաթղթերը չեն ներկայացվել Էթիկայի հանձնաժողով:
Հանձնախումբը հիշեցրել է, որ «USA Today» պարբերականը բացահայտել է, թե Ֆեթհուլլահ Գյուլենի ղեկավարած թուրքական կազմակերպությունները 2008 թվականից սկսած ԱՄՆ կոնգրեսականների 200-ից ավել գաղտնի այցելություններ են կազմակերպել Թուրքիա: Նշվում է, որ դրանք 800 հազար դոլարից ավել են արժեցել:
ԱՄՆ Արդարադատության վարչությանն ուղղված նամակում Հայ դատի հանձնախումբը գրել է. ««USA Today»-ի եւ Կոնգրեսի էթիկայի գրասենյակի հետաքննությունների շնորհիվ կատարված բացահայտումները ուշագրավ են: Մենք Արդարադատության վարչությունից պահանջում ենք այս խմբերի նկատմամբ, օրենքի լիարժեք կիրառմամբ, իրականացնել ամբողջական եւ մանրակրկիտ հետաքննություն: Այդ խմբերի բացահայտված գործունեությունը անօրինական են եւ ակնհայտ արտաքին ազդեցության միջոցով հարվածում են մեր սահմանադրական կառավարման հիմքերին»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ