Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններում դեռեւս բացասական պահեր չեն արձանագրվել: Այս մասին, «Trend»-ի հետ զրույցում, ասել է ԱՄՆ-ից անկախ դիտորդ, նախկին կոնգրեսական Ջո Բական:
Նրա խոսքերով՝ ընտրություններն ընթանում են առանց խախտումների եւ համապատասխանում են բոլոր չափանիշներին. «Մենք դեռեւս ընտրությունների հետ կապված ոչ մի բացասական փաստ չենք գրանցել: Մարդիկ ակտիվորեն քվեարկում են, ինչը մեզ շատ է ուրախացնում: Ոմանք նույնիսկ երեխաների հետ են գալիս եւ դա լավ է, քանի որ նրանք փոքր ժամանակվանից սկսում են հասկանալ, թե ինչ են իրենցից ներկայացնում ընտրությունները եւ ինչքան կարեւոր են դրանք»:
Interfax.az-ի փոխանցմամբ` ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար, ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ Սերգեյ Լեբեդեւը նույնպես գոհունակություն է հայտնել ընտրությունների ընթացքից. «Ընտրությունները հանգիստ են ընթանում՝ ընտրողների ակտիվ մասնակցությամբ»:
Լեբեդեւը, որպես դրական փաստ է առանձնացրել այն, որ ընտրություններին մասնակցում են տարբեր կուսակցությունների բազմաթիվ դիտորդներ եւ թեկնածուների ներկայացուցիչներ. «Բոլորը հնարավորություն ունեն հետեւել քվեարկությանը»:
Կարդացեք նաև
Իսրայելի Կնեսետի անդամ Սոֆա Լանդվերն էլ, ըստ Day.az-ի, լրագրողների հետ զրույցում ասել է, թե ընտրությունները հանգիստ են ընթանում, առանց խախտումների: Նրանք Բաքվում 4 ընտրական տեղամաս են այցելել. «Ամեն ինչ բարձր մակարդակով է կազմակերպված, քվեարկությունը հանգիստ է անցնում, ընտրողներն ակտիվ մասնակցում են»:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ