Երեկ Եգիպտոսի Սինպայի թերակղզում կործանված «Airbus A321»-ի օդաչուն թռիչքից առաջ դժգոհել է ինքնաթիռի տեխնիկական վիճակից: Այս տեղեկությունն, ըստ «Российская Газета»-ի, «НТВ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում փոխանցել է օդաչուի նախկին կինը:
Սերգեյ Տրուխաչեւի նախկին կինը պատմել է, որ թռիչքից առաջ օդաչուն խոսել է դստեր հետ եւ դժգոհել է ինքնաթիռի տեխնիկական վիճակից, որը «մեղմ ասած լավ վիճակում չի եղել»:
Վոլգայի տրանսպորտի դատախազությունում հայտնել են, որ ինքնաթիռը տեխնիկական սպասարկում վերջին անգամ մայիսի սկզբին է անցել:
«Комсомольская правда»-ի տեղեկացմամբ՝ Ռուսաստանի տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը մեկնաբանել է ԶԼՄ-ներում ավելի վաղ տարածված այն լուրերը, թե ռուսական ինքնաթիռը ահաբեկիչներն են վայր գցել: Նա այդ տեղեկատվությունը ոչ հավաստի է որակել:
Կարդացեք նաև
«Այս պահին մեր ունեցած տվյալներով, որոնք հիմնված են եգիպտական կողմի հետ մեր խոսակցություններից, տեղեկատվությունն այն մասին, որ ինքնաթիռը վայր են գցել, չի կարել հավաստի համարել»,- ասել է նախարարը:
Նա նաեւ հավելել է, որ ողբերգության պատճառների մասին կարելի է խոսել միայն միջազգային հետաքննությունից հետո:
«Ria»-ն էլ հայտնել է, որ ՌԴ տրանսպորտի նախարարը նաեւ հայտնել է, որ ինքնաթիռի «սեւ արկղերը» աննշան վնասվածքներ ունեն: «Փոքր տեխնիկական վնասվածքներ կան: Եգիպտական կողմի ներկայացուցիչները ասում են, որ «սեւ արկղերը» ջերմային ազդեցության չեն ենթարկվել»:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ