Հոկտեմբերի 31-ին Մոսկվայի տանը ցուցադրվեցին Ռուբեն Փաշինյանի «Տղաս, ո՞ւր է Եփրատը» և Հակոբ Կարանֆիլյանի «Միջերկրականի հայկական մարգարիտը» ֆիլմերը:
«Տղաս, ո՞ւր է Եփրատը» կարճամետրաժ (15 րոպե), խաղարկային կինոնկար է: Սցենարի հեղինակը, ռեժիսորն ու պրոդյուսերը Ռուբեն Փաշինյանն է, օպերատորը՝ Հակոբ Կարանֆիլյանը:
Ֆիլմը նկարահանվել է Ռ. Փաշինյանի «Տղաս, ո՞ւր է Եփրատը» պատմվածքի հիման վրա, որի հիմքում իրական պատմություն է:
ԱՄՆ-ից ժամանած զբոսաշրջիկների խմբում մի ծերունի փնտրում է Եփրատ գետը Հայաստանում։ «Տղաս, այս գետը Եփրա՞տն է»,- հարցնում է նա միշտ, երբ ինչ-որ գետ է տեսնում: Ուղեվարը սկզբում ժպիտով, ապա զարմանքով, վերջում էլ մի փոքր զայրույթով բացատրում է ծերունուն, որ նա սխալվում է. Հայաստանում Եփրատ չկա… Այս ամենի մասին հիշում է ուղեվարը տարիներ անց՝ իր պապիկի ծննդյան օրը՝ ապրիլի 24-ին:
Կարդացեք նաև
Եփրատը փնտրող ծերունու կերպարը ֆիլմում մարմնավորել է Վիգեն Ստեփանյանը, իսկ Ռուբեն Փաշինյանը հանդես է գալիս ուղեվարի դերում:
«Տղաս, ո՞ւր է Եփրատը» ֆիլմն առաջին անգամ ցուցադրվել է 2015-ի մարտին՝ Մոսկվայի տանը, ապա ներկայացվել է Բելգիայում, որից հետո՝ «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնին, իսկ վերջերս՝ ՀՀ անկախության օրվա նախօրեին, ցուցադրվել է ԱՄՆ-ում՝ Նյու Յորքի Սուրբ Լուսավորիչ եկեղեցում, ապա Բոստոնում, Պրովիդենսում և Շառլոտտում: Բոլոր տեղերում էլ ֆիլմը լավ է ընդունվել և բավականին բարձր գնահատվել տարբեր կինոգետների, այդ թվում նաև Ռուսաստանի կինոգետների միության նախագահ Կիրիլ Ռազլոգովի կողմից:
«Սա իմ՝ որպես հայի, որպես քաղաքացու անդրադարձն է Հայոց ցեղասպանությանը,- ասում է Ռ. Փաշինյանը,- կարծում եմ՝ ֆիլմի արժանիքներից մեկը նա է, որ այստեղ չկա այն մոտեցումը, որը մենք սովոր ենք տեսնելու Ցեղասպանությանը նվիրված ֆիլմերում. լաց ու կոծ, լացակումած հայացքներ և նման բաներ չկան «Տղաս, ո՞ւր է Եփրատը» ֆիլմում: Մենք ոչ թե պիտի անվերջ ողբանք, այլ շարունակենք ապրել: Եթե, օրինակ, անընդհատ կրկնենք, որ ծառը փտում է, այն իսկապես կփտի… Մեկ ու կես միլիոն անմեղ զոհերի սրբադասումից հետո յուրաքանչյուրիս ընտանիքում կա մի սուրբ, որին պետք է միշտ հիշենք և ավելի համառ, ինչու չէ նաև ուրախ հայացքով նայենք ապագային»:
Ռ. Փաշինյանը ցանկանում է, որ ֆիլմը շարունակություն ունենա. «Այս ֆիլմը, կարելի է ասել, խորհուրդ է, իսկ երկրորդը կլինի այն վերջակետը, որը ցույց է տալիս, թե ինչ եղավ այդ խորհրդից հետո»,- ասում է նա:
Իսկ Հակոբ Կարանֆիլյանի «Միջերկրականի հայկական մարգարիտը» Կիլիկյան հայկական թագավորության մասին պատմող վավերագրական ֆիլմ է, որը ներկայացնում է ոչ միայն կորուսյալ պետության պատմությունն ու արժեհամակարգը, այլև Կիլիկիան՝ որպես ժամանակի ծովային իշխող տերություններից մեկը՝ իր մշտական կանոնավոր բանակով ու Միջերկրականի ջրերում երկրի սահմանները վերահսկող հզոր նավատորմով:
«Հզոր մի երկիր կար Միջերկրական ծովի արևոտ ափերին՝ բարձրաբերձ լեռներով ու ծաղկուն դաշտերով: Հայ արքաները այն կոչեցին Ռուբինյանց տուն, իսկ հպատակները՝ Երկիր դրախտավայր: Այն 300 տարի վառվող փարոսի պես տուն կանչեց անտուններին ու ապաստան տվեց նրանց: Բայց եկան նաև վայրագ ցեղերը տափաստաններից ու բարբարոսները Արևմուտքից: Նրանք կործանեցին կապույտ ծովեզերքին վառվող փարոսը, ամայացան այգիներն ու շեները, ավերվեցին արքայանիստ քաղաքներն ու ամրոցները Կիլիկիա հայոց երկրի»:
Ֆիլմի ռեժիսոր, պրոդյուսեր և օպերատոր Հակոբ Կարանֆիլյանն ասում է, որ Կիլիկյան Հայաստանի մշակութային կոթողները ներկայացնող «Միջերկրականի հայկական մարգարիտն» արդեն ցուցադրվել է ռուսական և հայկական տարբեր հեռուստաալիքներով:
«Հայկական հուշարձանների մասին պատմող 50-ից ավելի ֆիլմ ունեմ, որոնք թարգմանված են նաև ռուսերեն, անգլերեն ու ֆրանսերեն՝ աշխարհի տարբեր ժողովուրդներին տեղեկացնելու հայկական մշակույթի մասին: Ի սկզբանե նպատակը դա է եղել՝ ներկայացնել հայկական ճարտարապետությունը Հայաստանում և Հայաստանից դուրս»:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ