Իսկապես շատ համեղ եւ շատ արագ պատրաստվող ճաշատեսակ, որը գրեթե անհավանական է, որ որեւէ մեկին դուր չգա:
Անհրաժեշտ մթերքները
Թարմ ձուկ (ցանկալի է՝ իշխան)
Լավաշ
Կարագ
Թարխուն
Կիտրոն
Սխտոր
Աղ
Սեւ պղպեղ
Փայլաթիթեղ
Կարդացեք նաև
Պատրաստման եղանակը
Ձուկը մաքրել թեփուկներից եւ փորոտիքից (եթե, իհարկե, դա արդեն չի արել ձկնավաճառը), լավ լվանալ, բաժանել կտորների:
Ձկան կտորների քանակով պատրաստեք նաեւ փայլաթիթեղի եւ լավաշի համաչափ կտորներ: Նույն քանակով նաեւ կիտրոնի շերտեր կտրեք:
100 գրամ կարագի հետ խառնեք 1-2 պճեղ սխտոր, լավ տրորեք, որ դառնա միատարր: Սխտորը հավելյալ համ եւ բույր է տալիս այս ուտեստին, սակայն, եթե դուք կտրականապես դեմ եք սխտորին, կարող եք այս քայլը բաց թողնել՝ ձուկը, միեւնույն է, համով կստացվի: Կարող եք նաեւ թարմ մաղադանոս մանրել կարագի հետ:
Ժամանակ չկորցնելու համար բոլոր մթերքները դրեք սեղանին, ու սկսեք հավաքել ծրարները:
Փայլաթիթեղի վրա դրեք լավաշի կտորը, վրան՝ ձուկը՝ համեմված աղով եւ սեւ պղպեղով, ձկան մեջ դրեք կարագի եւ կիտրոնի շերտերը, 1-2 ճյուղ թարխուն: Փաթաթեք լավաշի մեջ՝ ծրարի նման: Ապա՝ փայլաթիթեղի մեջ:
Բոլոր կտորները դրեք ջեռոցի թավայի մեջ եւ դրեք նախապես 240 աստիճան տաքացված ջեռոցը՝ 30 րոպեով:
Կարող եք մատուցել հենց փայլաթիթեղով, որը կծառայի որպես ափսե: Որեւէ խավարտ այս ուտեստը չի պահանջում, քանի որ ձկան եւ կարագի համերը ներծծած լավաշը ինքնին հրաշալի խավարտ է: Սակայն մի քանի շերտ լոլիկը կամ հավելյալ կիտրոնը չի խանգարի:
Բարի ախորժակ:
Պատրաստեց ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ
«Առավոտ»
31.10.2015