Լրահոս
Օրվա լրահոսը

Ուսուցումը «շփման ոճի» փոխանցումն է

Հոկտեմբեր 31,2015 23:19

Հայրս դպրոցն ավարտել է ուղիղ 70 տարի առաջ՝ 1945 թվականին: Դա Թբիլիսիի թիվ 43 դպրոցն էր, որտեղ սովորել են բազմաթիվ հայտնի մարդիկ: Նախկին Երրորդ գիմնազիան խորհրդային շրջանում ձեւափոխել էին դպրոցի, հրավիրել էին լավագույն ուսուցիչներին, որովհետեւ նախատեսվում էր, որ այնտեղ սովորելու են նարկոմների զավակները: Այնուհետեւ նարկոմներին գնդակահարեցին, իսկ ուսուցիչների մեծ մասը մնաց: Հայրս հիշում է նրանց բոլորի անունները եւ ասում, որ նրանցից երկուսը՝ Սոֆյա Նիկիֆիրովան (ռուսաց լեզու եւ գրականություն) եւ Քրիստափոր Էջուբյանը (պատմություն) նշանավոր մարդիկ էին:

Գաղտնիքն, ինձ թվում է, այն է, որ այդ ուսուցիչները համալսարաններ էին ավարտել դեռեւս ցարական Ռուսաստանում (եւ, ի դեպ, հպարտությամբ կրում էին այդ համալսարանների կրծքանշանները): Իսկ դրա խորքում ոչ միայն գիտելիքներն էին, այլեւ մտավորականին հատուկ կեցվածքը, աշխարհընկալումը: Այն ժամանակ թիվ 43 դպրոցի դասատուները բացառապես ռուսներ եւ հայեր էին, բայց երբ մենք ասում ենք «ռուս մտավորական», մենք ազգությունը նկատի չունենք, դա որակների համակցություն է, որի մեջ մտնում է որոշակի վեհանձնությունն ու «արիստոկրատիզմը»:

Ուսումնական գործընթացը միայն գիտելիքների փոխանցում չէ: Այն, ինչ ուսուցիչները կամ դասախոսները պատմում են իրենց աշակերտներին, վերջիններս, ի վերջո, կարող են կարդալ գրքերում, առավել եւս հիմա՝ համացանցում «որոնում» տալով: Ուսուցումը, դաստիարակությունը, իմ կարծիքով, «շփման ոճի» փոխանցում է՝ այդ բառի լայն իմաստով, տվյալ դեպքում՝ հարգանքի, սիրո, հանդուրժողականության, ինքնաբավության փոխանցում: Մեզ՝ այսօրվա հայաստանցիներիս, այս մշակույթը փոխանցվել է, իհարկե, դարերի խորքից, բայց անմիջական աղբյուրներից մեկը նախահեղափոխական, նախաբոլշեւիկյան Ռուսաստանի մեծ քաղաքների բազմազգ մշակույթն է: Նրանք, ովքեր գոնե ինչ-որ չափով դրա կրողն են, պիտի փորձեն փոխանցել այն հաջորդ սերունդներին:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031