Ոստիկանության պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ զանգվածային լրատվության միջոցներով Հովհաննես Մարգարյանի (ԱԺ պատգամավոր Հովհաննես Հայկի Մարգարյան, ծնված 21.05.1964 թ., հաշվառված ք. Գյումրի, Գ. Նժդեհի փ., շենք 4, բն. 55-56) կողմից տարածվել է հայտարարություն, ըստ որի` իր անհատական տվյալներով, նույնիսկ հայրանվան կրկնությամբ, Գյումրի քաղաքի քվեարկությանը մասնակցող անձանց ցուցակներում առկա է ևս մեկ, իսկ Շիրակի մարզում իր անվամբ և ազգանվամբ` 17 անձ:
Հայտարարությունը տարածողի կողմից կասկածի տակ է դրվում ցուցակների ճշտությունը:
Տարատեսակ մեկնաբանությունները բացառելու համար ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է՝
Գյումրի քաղաքի քվեարկությանը մասնակցող անձանց ցուցակներում առկա է «Հովհաննես Հայկի Մարգարյան» անհատական տվյալներով ընդամենը 1 անձ, որը և հայտարարություն տարածողի տվյալներն են: Նույն անուն, ազգանունով (Հովհաննես Մարգարյան) Շիրակի մարզի ցուցակներում առկա են ոչ թե 17, այլ 39 անձի տվյալներ, որոնք քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեցող տարբեր անձինք են:
Հիշեցնում ենք, որ ՀՀ ոստիկանությունը հրապարակել է միևնույն անհատական տվյալներով 218 ընտրողների ցուցակը, որոնք տարբեր անձինք են:
Ցուցակներում անհատական տվյալների ընդհանուր կամ մասնակի կրկնության փաստեր արձանագրելիս, տվյալների ճշտության հարցում համոզվելու համար, կարող եք դիմել ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն: