Արդեն իսկ սկսվել է սահմանադրական փոփոխությունների քարոզարշավը: Aravot.am-ը փորձեց «Այո»-ի եւ «Ոչ»-ի շտաբներից ճշտել՝ արդյոք իրենց հարմա՞ր են հեռուստատեսային եթերի 1 րոպեի համար սահմանված գինը եւ քարոզարշավի համար տրամադրված ժամանակը:
iLur.am-ը պարզել էր մի քանի հեռուստաընկերությունների առաջարկած պայմանները: Մասնավորապես՝ Հ2 եւ Հ3 հեռուստաընկերությունները եթերի 1 րոպեն տրամադրում է 60 հազար դրամով, «Երկիր մեդիան»՝ 20 հազար դրամով, իսկ «Շանթը»՝ 110 հազար դրամով:
Ինչպես նաեւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանել է, որ Հանրային հեռուստատեսությամբ քարոզչական տեսանյութերը հեռարձակվելու են ժամը 18-ից, Հանրային ռադիոյով՝ ժամը 13:30-ից եւ 21:40-ից սկսած:
ԱԺ պատգամավոր, ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Դա հեռուստատեսությունների խնդիրն է, դա իմ խնդիրը չէ, որ մեկնաբանեմ այդ հարցերին»:
Կարդացեք նաև
Պատասխանելով մեր մյուս հարցին՝ Վահան Բաբայանը ասաց, որ կարծում է՝ յուրաքանչյուր ժամ էլ խնդիրներ կունենա. «Նույն հաջողությամբ կարելի է ասել թոշակառուների կամ գյուղերում բնակվող մեր հայրենակիցների որ ժամերն են հարմար, ուսանողներին որ ժամերն են հարմար, այսինքն՝ ժամային առումով միշտ կարող են լինել խոսակցություններ: Եվ բնական է, մենք չենք սեւեռվում նման հարցերի վրա»:
Իսկ «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը ասաց, որ եթե իշխանությունը ամբողջովին փակած չլիներ երկրի գործարարների կողմից ընդդիմության ֆինանսավորումը կամ եթե պետությունը նորմալ գումար հատկացներ, ապա շատ թանկ չէր լինի:
«Խոշոր հաշվով վերցրած արտակարգ գներ չեն, առավել եւս՝ օրենքով է դա կարգավորվում: Ես դեռեւս պատգամավոր եղածս ժամանակ հասա նրան, որ քաղաքական գովազդի գները վերջին 6 ամսվա միջինից բարձր չպետք է լինեն: Առաջ շատ բարձր էր, մի քանի անգամ բարձր էր սովորական առեւտրական գովազդի գներից, բայց նաեւ իմ ջանքերի շնորհիվ իջեցվեց եւ հիմա առեւտրային գովազդից ավել չէ»,- ասաց նա:
Անդրադառնալով քարոզչության համար տրամադրված ժամերին Արմեն Մարտիրոսյանը ասաց. «Չէ՛, ի՞նչ եք ասում, շատ հարմար ժամ է. մեր քաղաքացիները այդ ժամանակ տրանսպորտի մեջ են լինում, հատկապես՝ Երեւան քաղաքում ժամ-ժամ ու կես տրանսպորտի մեջ են լինում, գործից նոր են վերադառնում, մի հատ հանգստանան, հասնեն տուն: Իսկականից, շատ հարմար ժամ է, որ հանկարծ որեւէ մեկը չնայի: Այդ առումով եւս շատ խելացի են վարվում. չնայելու համար շատ հարմար ժամ է»:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարել էր, թե նախորդ խորհրդարանական ու նախագահական ընտրություններին նույն ժամանակացույցն է գործել, սակայն այդ կապակցությամբ որեւէ մտահոգություն չի ներկայացվել:
«Այո՛, ճիշտ է ասում, որովհետեւ նախորդ տարիներին էլ պետք էր հնարավորինս քիչ քաղաքացի տեսներ ընդդիմության գովազդ: Այնպես որ շատ հարմար ժամ է, չտեսնելու համար շատ հարմար ժամ է, եւ այդ ժամերն են ընտրվել»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ