Ոստիկանության պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ հոկտեմբերի 21-ին, ժամը 10:00-ի սահմաններում, Եղեգնաձոր քաղաքի Իսակովի փողոցի 25 տան բակում հայտնաբերվել է նույն տան բնակչուհի,1924 թ. ծնված Վարդուշ Սիմոնյանի դին: Արտաքին զննությամբ հայտնաբերվել են գանգուղեղային վնասվածքներ:
ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Հոկտեմբերի 30-ին քրեական հետախույզները տեղեկություններ են ստացել, որ մի երիտասարդ մոտ մեկ շաբաթ առաջ ոսկյա իրերի առուվաճառքով զբաղվող Եղեգնաձորի մի բնակչի վաճառել է ոսկյա ականջօղեր, որոնք պատկանել են սպանված կնոջը: Պարզվել է, որ երիտասարդը եղեգնաձորցի, 16-ամյա Նարեկ Խ-ն է:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների շնորհիվ՝ նույն օրը Նարեկը բերման է ենթարկվել ոստիկանության Եղեգնաձորի բաժին և անհերքելի ապացույցների ճնշման տակ խոստովանել, որ ինքն է սպանել կնոջը:
Նմանատիպ մի դեպք էլ գրանցվել էր հոկտեմբերի 24-ին: Վայոց ձորի մարզի Վերնաշեն գյուղում, հողամասում, հայտնաբերվել էր 1939 թ. ծնված Գոհար Բարսեղյանի դին` դարձյալ վնասվածքների հետքերով:
Հետագա աշխատանքների շնորհիվ Նարեկը խոստովանել է, որ այս կնոջն էլ սպանել է ինքը և հափշտակել նրա մեկ զույգ ոսկյա ականջօղերը:
Կատարվում է քննություն: